Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ելքի» նախաձեռնությունը արկածախնդրություն է, բայց ներկայացնենք տնտեսական հիմնավորումները. «Ազգ»

Սեպտեմբեր 15,2017 12:15

Քանի որ ԵԱՏՄ-ն տնտեսական կառույց է, ապա անդրադառնանք խնդրի տնտեսական կողմին, թեեւ ակնհայտ է, որ եթե ԵԱՏՄ-ից Հայաստանը դուրս գա, ապա դա լրջորեն կազդի Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների վրա, որով մեծապես պայմանավորված է մեր երկրի անվտանգությունը: Այսքանը թերեւս բավարար կլիներ փաստելու, որ «Ելքի» նախաձեռնությունը արկածախնդրություն է, բայց ներկայացնենք տնտեսական հիմնավորումները:

1. ԵԱՏՄ երկրներից հիմնականում Ռուսաստանում ապրող եւ աշխատող ՀՀ քաղաքացիները ԵԱՏՄ-ի շնորհիվ օրինական աշխատելու եւ ապրելու հնարավորություն են ստացել:

2. Ամենամեծածավալ դրամական փոխանցումների հոսքը Հայաստան գալիս է հենց այդ երկրում բնակվող եւ աշխատող մեր հայրենակիցներից:

3. Ամենամեծ ներդրումներ Հայաստանում իրականացնում են ռուսական ընկերությունները, հատկապես այն ոլորտներում, որտեղ որեւէ այլ երկրի ընկերություն նման ցանկություն չի ունենում:

4. Ռուսաստան են արտահանվում մեր գյուղատնտեսական եւ արդյունաբերական ապրանքները, ինչի շնորհիվ բազմաթիվ ձեռնարկություններ են գործում, հազարավոր մարդիկ են աշխատում այդ ձեռնարկություններում, իսկ տասնյակ հազարավոր գյուղացիների մթերքն էլ իրացման շուկա է ունենում:

5. Էժան գազ ենք ստանում Ռուսաստանից նաեւ ԵԱՏՄ երկիր լինելու շնորհիվ, իսկ վերամշակող ձեռնարկությունների համար գազի գինն ավելի ցածր է, ինչի շնորհիվ նրանք հնարավորություն են ստացել իջեցնել իրենց արտադրանքի ինքնարժեքը եւ ավելի մրցունակ դարձնել այն թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկաներում:

6. Հայկական ատոմակայանի համար միջուկային վառելիքը ստանում ենք Ռուսաստանից, իսկ ԱԷԿ-ի գործունեության ժամկետի երկարացումը նույնպես կատարվում է Ռուսաստանի ֆինանսավորմամբ 300 մլն դոլար գումարով, որից 30 մլն դոլարը անհատույց տեխնիկական աջակցություն է: Հակառակ սրան, ԵՄ-ն մշտապես պնդում է հայկական ԱԷԿ-ը փակելու անհրաժեշտության մասին, փոխարենը ոչ մի առարկայական այլընտրանք չառաջարկելով եւ, ըստ էության, մատնելով մեզ նոր էներգետիկ ճգնաժամի:

Երբ կասկածի տակ է առնվում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը, պետք է այս հանգամանքները հաշվի առնվեն եւ հարցադրում արվիՙ այսինքն հրաժարվե՞նք այս ամենից եւ այդ դեպքում ի՞նչ կստանանք դրա փոխարեն: «Ելքի» մտքի «գիգանտները» ի՞նչ են պատասխանելու հարյուր հազարավոր մարդկանց: Բնական է, որ ոչինչ, որովհետեւ նրանք կլինեն ամերիկյան եւ եվրոպական իրենց հովանավորների ապահոված «տաք երկրներում»ՙ մեզանից հեռու :

Հայաստանի պարագայում պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ ԵՄ երկրներում մեր պատրաստի արտադրանքը ճանաչված եւ մրցունակ չէ, ի տարբերություն ԵԱՏՄ-ի երկրների եւ մասնավորապես Ռուսաստանի: Դեպի ԵՄ արտահանում ենք միայն հումքային ապրանքներՙ մասնավորապես մետաղական խտանյութ, որը վաճառվում է միջազգային բորսաներում եւ որը ամեն պարագայում վաճառվելու է: Ասել, թե դա պատճառ չէ ԵԱՏՄ-ում մնալու եւ պետք է ավելի բարձրորակ արտադրանք ստեղծել, առնվազն դիլետանտություն է: Ինչի՞ հաշվին է դա տեղի ունենալու, հատկապես, որ մեր ապրանքների ինքնարժեքը իջեցնելու եւ ավելի մրցունակ դարձնելու հնարավորությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու պարագայում բացառվելու են:

Բանն այն է, որ մեր պատրաստի արտադրանքը Եվրոպական Միություն արտահանելու համար նախ պետք է այն համապատասխանեցվի ԵՄ ստանդարտներին, ինչը նշանակում է, որ պետք է կատարվեն մեծ ներդրումներ եւ ձեռնարկությունների վերազինում: Դրանից հետո պետք է մարկետինգի եւ գովազդի լայն արշավ իրականացնել եվրոպական շուկայում մեր ապրանքները ճանաչելի դարձնելու համար: Այդ ամենից հետո էլ արդեն այդ ապրանքների ինքնարժեքն այնքան բարձր կլինի, որ պարզապես անիմաստ կլինի դրանք արտահանել ԵՄ երկրներ: Առավել եւս, որ այնտեղ համանման ապրանքներ համապատասխան ստանդարտներով վաղուց արդեն կան, ճանաչված են եւ վաճառվում են, ԵՄ անդամ երկրները ունեն համապատասխան քվոտաներ, որոնց մեջ «խցկվելու» մեր հնարավորությունները գործնականում զրոյի են հավասար: Մինչդեռ, ԵԱՏՄ երկրներ եւ մասնավորապես Ռուսաստան արտահանվում է մեր պատրաստի արտադրանքը եւ դրա արտահանման ծավալներն աճում են բավականին լուրջ տեմպերով:

Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930