«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստին այսօր Սեֆիլյանի աջակիցները եկել էին տիկնիկ-խրտվիլակներով: Դատարանի կարգադրիչները նրանց թույլ չտվեցին տիկնիկներով դատարան մտնել:
«Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման մամուլի խոսնակ, քաղաքացիական ակտիվիստ Սյուզան Սիմոնյանը հայտարարեց, որ դրանք գործով նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի եւ Սեֆիլյանի ու Ներսես Պողոսյանի համար հանրային պաշտպան նշանակված Մարինե Թովմասյանի տիկնիկներն են, եւ որ նրանք ծառայում են իշխանություններին: Վերջիններս, ըստ ակտիվիստների, շինծու գործ են հարուցել Ժիրայր Սեֆիլյանի դեմ:
Սյուզան Սիմոնյանը նաեւ հայտարարեց, որ նախորդ նիստի ժամանակ ինչ որ մեկը, ենթադրաբար՝ ոստիկան, բիզով վնասել է ակտիվիստներից մեկի մեքենայի անվադողը: Ի վերջո, ակտիվիստները դատարան մտան առանց տիկնիկների:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ