Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կրթության մեջ տևողությունն ամենակարևորը չէ. «Հայոց Աշխարհ»

Սեպտեմբեր 15,2017 11:28

Հարցազրույց կրթության ոլորտի փորձագետ ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ

Ուսումնական տարվա սկզբից ուժի մեջ է մտել «Հանրակրթության մասին» օրենքի այն պահանջը, որի համաձայն 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր: Ծնողների շրջանում օրենքի այս դրույթը բողոքի ալիք է բարձրացրել:

-Նախ ասեմ, որ այս պահանջը ոչ միայն օրենքով, այլեւ սահմանադրությամբ է պարտադրված: Իսկ որոշումը դեռ 2015 թվականին է ընդունվել, բայց միայն նոր է կիրառության մեջ դրվում:
Ինչ վերաբերում է ծնողների դժգոհությանը, ապա համամիտ եմ նրանց հետ, քանի որ մեզանում 12-ամյա պարտադիր կրթության պահանջը ինքնանպատակ է: Այսինքն՝ չկան այն մեխանիզմները, մեթոդները, որոնցով տասներորդ դասարան փոխադրված երեխայի մեջ հնարավոր կլինի հետաքրքրություն արթնացնել դեպի ուսումը:
Եթե երեխան մինչեւ իններորդ դասարան չի յուրացրել միջին դպրոցի տարրական պահանջները, ձախողել է կրթություն ստանալու իր իրավունքը, ապա դրանից հետո հետագա երեք տարիների համար ի՞նչ ենք մտադիր անել այդ երեխային գոնե գրագիտություն սովորեցնելու համար: Ծրագրով ոչինչ չի նախատեսվում, ստացվում է, որ վերջին նստարանին նրան կրավորական դիրքում նստեցնելով՝ 12-ամյա կրթություն ենք ապահովում այդ երեխայի համար: Սա խաբեություն է:

21-րդ դարում պարտադրանքով կրթությունը հնարավոր է միայն փոքր երեխաների դեպքում, բայց ոչ 16-ից բարձր տարիքի աշակերտների: Օրինակ, ինչո՞ւ պարտադիր չեն դարձնում նախադպրոցական կրթությունը, որ փոքր երեխաները պարտադիր մանկապարտեզներ հաճախեն ու այնտեղ որոշակի կրթություն ստանան: Իսկ բարձր տարիքի երեխաներին միայն հետաքրքրությամբ կարող են դեպի դպրոց տանել, նրանց համոզել, ցույց տալ, որ սովորելն իրենց համար օգտակար է:

Կրթության ոլորտի պատասխանատուները հայտարարում են, թե 12-ամյա պարտադիր կրթությունը միջազգային փորձով ու չափորոշիչներով է պարտադրված, եւ որ մենք այդ կերպ միջազգային փորձն ենք ներդնում մեզանում: Եթե դրսում այդ պայմանն արդարացված է, ապա ի՞նչն է խանգարում, որ այն մեզանում էլ լավ պտուղներ տա:

– Միջազգային փորձը ցույց է տվել, որ երկարատեւ դպրոցական կրթությունը դրական է ազդում տնտեսության եւ անձի բարեկեցության վրա: Համաձայն եմ: Այդ փորձը հիմա մեզանում են աշխատում ներդնել՝ նույն նպատակներով:
Մինչդեռ նպատակն արդարացվում է միայն, եթե երկարատեւ ուսուցման պահանջը խելամտորեն է կյանքի կոչվում: Դա նշանակում է, որ պահանջն իրականացնելու համար նախ հարկավոր է նախապատրաստվել դրան եւ հետո ճիշտ իրականացնել: Մինչդեռ 2015թ. որոշումն ընդունվելուց հետո մեզանում ոչինչ չի արվել այս անցմանը նախապատրաստվելու համար՝ ո՛չ ֆինանսապես, ո՛չ ծրագրային առումով, ո՛չ նոր մեխանիզմների մշակման ու ներդրման առումով, որոնք կօգնեն կիսաուսյալ աշակերտներին բարձր դասարաններում ավելի արդյունավետ ուսուցում տալուն, ո՛չ էլ կադրերին վերապատրաստելու առումով:
Աշխարհի շատ երկրներում նման ծրագիրն իրականացնելու համար նախ հսկայական ներդրումներ են արվում: Մեզանում միակ ներդրումն այն է, որ այդ երեխաներին սովորելու համար համապատասխան բյուջե է հատկացվելու՝ այն հաշվարկով, որ 12-ամյա պարտադիր կրթության դեպքում բարձր դասարաններում սովորողների թիվն ավելանալու է:

Սակայն ներդրումները հարկավոր են դպրոցական ծրագրերի մշակման, տարբեր պատճառներով չսովորող երեխաներին աջակցելու համար: Չէ՞ որ ի վերջո շատ երեխաներ ստիպված են դպրոցական կրթությունն ընդհատել ընտանիքի սոցիալական վիճակից ելնելով եւ վաղ տարիքից գնալ աշխատելու: Պետությունը նրանց պետք է գումար հատկացնի, սոցիալական աջակցություն՝ ուսումը շարունակելու հնարավորություն ունենալու համար:
Դրսում, զարգացած երկրներում պետությունը երեխաներին ու նրանց ընտրանքներին երկարամյա ուսուցում պարտադրելու դեպքում բռնում է այդ երեխայի ձեռքը, աջակցում է նրան, իսկ մեզ մոտ այդպիսի բան չի նախատեսվում:

Մյուս կողմից՝ ուսուցիչներն անգամ պատրաստ չեն այս փոփոխությանը, նրանք չգիտեն ինչպե՞ս վարվել:

Եթե ճիշտ եմ ընկալում՝ կրթության տեւողության հանդեպ պահանջը փոխվել է, սակայն ուսուցման, դասավանդման մեթոդները չեն վերանայվել:

-Այո: Ի՞նչ է կատարվելու: Իններորդ դասարանն ավարտելուց հետո այդպես էլ անգրագետ մնացած, կրթությունը չգնահատող ու դրա հանդեպ անտարբեր երեխան մյուսների հետ հավասար տեղափոխվելու է տասներորդ եւ մյուս դասարաններ: Իսկ ուսուցիչների շրջանում վերապատրաստման դասընթացներ չեն անցկացվել, նրանց չեն բացատրել՝ ի՞նչ պետք է անել, եթե իրենց դասարանի տասներորդում հայտնվել են աշակերտներ, ովքեր գիրք չեն կարդում, դաս չեն սովորում, գրագետ չեն, ի՞նչ մեթոդներով է պետք նրանց սովորեցնել, զբաղեցնել: Այդ կարգի աշակերտների համար հատուկ, այլընտրանքային լուծումներ, մեթոդներ են հարկավոր, մյուսների հետ նույն ծրագրով նրանք չեն կարող սովորել:

Առկա պայմաններում ինչպե՞ս են աշխատելու ուսուցիչներն այս երեխաների հետ: Ամենայն հավանականությամբ նստեցնելու են վերջին նստարանին, սաստելու, որ դասապրոցեսին չխանգարեն, մինչեւ զանգը հնչի եւ այդպես երեք տարին լրանա: Արդյոք սա կարո՞ղ ենք կրթություն համարել: Պարզապես դպրոց հաճախելը, դասին ներկա լինելը բավարար չէ կրթություն ստանալու համար:
Կարեւոր է, թե ինչ է անում երեխան դպրոցում: Կրթության մեջ տեւողությունն ամենակարեւոր գործոնը չէ, կարեւորը երեխայի շարունակական աճն ապահովելն է: Եթե երեխան չի աճում, չի զարգանում, ապա ինքնանպատակ է կրթության տեւողության երկարացումը, երեխայի ու ընտանիքի համար կարող է իսկապես զուր ժամանակի ու միջոցների վատնում լինել:

Բացի դրանից, մեզանում կադրային քաղաքականությունը լավը չէ, պատահական մարդիկ են հայտնվում համակարգում: Եթե կառավարությունը ուզում է իսկապես բարեփոխել ոլորտը, պետք է ճիշտ կադրային քաղաքականություն վարի, որպեսզի գործի գիտակները կարողանան իրականացնել այդ բարեփոխումը: Սխալ մարդկանց ընտրելով՝ ձախողում ես նախաձեռնությունը, ինչը մեզանում առկա է:

Թագուհի Ասլանյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա  համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930