Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռազմավարական առա՞նցք, թե՞ սովորական փրկօղակ. «Հայոց Աշխարհ»

Սեպտեմբեր 15,2017 11:14

Մոսկվայի «Պրեզիդենտ օթելում» երեկ տեղի ունեցած «Մոսկվա-Բաքու առանցքը. դեպի Կովկասի նոր աշխարհաքաղաքականություն» կոնֆերանսը միանգամայն սպասված քաղաքական շոու էր՝ Արեւմուտքի կողմից Ադրբեջանին ու նրա բռնակալ նախագահին «դուրս գրելու» գործընթացի եւ վերջին շրջանում Հայաստանում նկատվող արեւմտամետ ուժերի աշխուժացման խորապատկերի վրա։
Այս երկու իրողությունները հասկանալի անհանգստություն են առաջացրել Ռուսաստանի ավելի շուտ ոչ թե պետական, որքան, այսպես կոչված, «հայրենասիրական շրջանակների», իսկ իրականում խորհրդային-կոմունիստական հիշողություններով ու եվրասիական երազանքներով ապրող գործիչների շրջանում։

«Պրեզիդենտ-օթելում» ներկայացված նրանց առաջատար դեմքերի թվարկումն իսկ դա էր հաստատում՝ առանձնակի զարմանք չհարուցելով ո՛չ ներկաների, ո՛չ էլ քաղաքական դետերի շրջանում՝ Գ.Զյուգանով, Ա.Պրոխանով, Ա.Դուգին, Պետդումայի մի քանի կոմիտեների ղեկավարներ ու պատգամավորներ։
Պարզ էր նաեւ, որ այս միջոցառմանը ողջույնի խոսքեր հղած անձանց մեջ նույնպես բացակայում էին ներկա Ռուսաստանի քաղաքականությունը որոշող առաջնային դեմքերը։ Նրանց փոխարինողներից՝ փոխվարչապետ Դ.Ռոգոզինը ողջույնի խոսք պետք է ուղարկեր որպես Ադրբեջանին զենք վաճառելու գործի կուրատոր, իսկ գեներալ, այժմ Դումայի հանձնաժողովի նախագահ Շամանովը որպես Հյուսիսային Արցախի գյուղերի դեմ հայտնի գործողության հեղինակ ու ադրբեջանական շքանշանի ասպետ։
Հենց սկզբից, բացելով կոնֆերանսը, Ա.Դուգինը ընդգծեց, որ «Մոսկվա- Բաքու» առանցքի քննարկման ժամանակ «կարծարծվեն ոչ այնքան միջպետական հարաբերությունները, որքան ժողովուրդների միջեւ հարաբերությունները», քանզի. «նախագահներն ու պետությունները մերձենում են, իսկ ժողովուրդները չեն նկատում»։

Եվ ահա ժողովուրդներին լուսավորելու համար կազմակերպված այդ միջոցառումը, որն իր շարունակությունն է ունենալու Բաքվում, անմիջապես վերածվեց հուշ ցերեկույթի, ուր առաջին ջութակի դերը, բնականաբար, ստանձնեց Կոմկուսի առաջնորդ Գ.Զյուգանովը։
Ինչպես ասում են՝ «ձեռի հետ էլ» կոմունիստների առաջնորդը շրջվեց Հայաստանի կողմը եւ սպառնալիքներ տեղաց մեր երկրում փողոցների անվանակոչման եւ այլ տեսքով դրսեւորվող հակակոմունիստական, իսկ ոմանց կարծիքով՝ հակառուսական քարոզչության նախաձեռնողների հասցեին։
Գրեթե նույնաբովանդակ հիշողություններով ու Ադրբեջանի ղեկավարության՝ արդեն որպես «սուրբ երրորդություն» դիտվող Հեյդար, Իլհամ ու Մեհրիբան Ալիեւների հասցեին ուղղված գովեստներով հանդես եկան նաեւ Ա. Պրոխանովն ու նրա նման մի քանի ռուսաստանյան ու ադրբեջանական մտավորականներ, Ռուսաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ։

Միջոցառումը չափից ավելի տաղտկալի կլիներ, եթե շատ ավելի կոնկրետ ու ակնհայտորեն՝ փակագծերը բացող ելույթով հանդես չգար սենատոր Անդրեյ Կլիմովը, որը հստակորեն նշեց նման միջոցառումների կազմակերպման հիմնական շարժառիթը՝ հետխորհրդային տարածքի երկրների սուվերենության պաշտպանության խնդիրը։
Նա նշեց, որ այդ առումով Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն ինչ՝ թույլ չտալու համար գունավոր հեղափոխությունների միջոցով ժողովուրդների կամքը կոտրելու գործընթացի ծավալումը։ Իսկապես՝ դատելով վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարության գլխին իրար հետեւից իջնող «կետային հարվածների» ինտենսիվությունից, առաջիկայում այդ երկրին սպասում է միջազգային մեկուսացման վտանգը։ Բնականաբար Ռուսաստանում դա դիտում են որպես հետխորհրդային տարածքի աշխարհաքաղաքական վերաձեւման նախապատրաստություն, ուստիեւ ինչ-որ կերպ պետք է իրենց համերաշխությունը հայտնեին պաշտոնական Բաքվին։

Վարդան Գրիգորյան 

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա  համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930