Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսկ ո՞ւր է այն աշխատանքը, այն ջանքը, որով փորձել ենք ԵԱՏՄ-ից, ԵՄ-ից, ՆԱՏՕ-ից, ՀԱՊԿ-ից առավելագույն օգուտ քաղել ու չենք կարողացել. «Հրապարակ»

Սեպտեմբեր 15,2017 10:18

Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների վրա մեծ ազդեցություն ունեն ռուս-ադրբեջանական եւ ռուս-թուրքական հարաբերությունները։ Նկատենք, որ այդ երկու ուղղություններով էլ Արեւմուտքը շատ զգոն է գործում՝ ունենալով հզոր լծակներ թե՛ Թուրքիայի եւ թե՛ Ադրբեջանի վրա։ Բավական է մի փոքրիկ ջերմացում ռուս-ադրբեջանական հարաբերություններում, եւ Լոնդոնում լույս տեսնող ամսագիրը հոդված է տպագրում Ալիեւի ընտանիքի բուն զբաղմունքի՝ կեղտոտ փողեր լվանալու մասին։ Ավելի վաղ Ադրբեջանի բազմաչարչար ժողովրդին ցուցադրել էին իրենց նախագահի ու նրա անչափահաս որդու ունեցվածքը Դուբայում։ ԱՄՆ-ն կարող է նաեւ իր մոտ պահել թուրք ընդդիմադիր քարոզչին եւ դա այն դեպքում, երբ Ռուսաստանի հետ մերձենալ փորձող Թուրքիան հենց այդ քարոզչին է մեղադրում մեկամյա վաղեմության հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։ Սա չի՞ նշանակում, որ հենց ԱՄՆ-ն է կանգնած այդ հեղաշրջման փորձի հետեւում, որով Էրդողանն ընդամենը մի փոքր նախազգուշացվեց՝ Պուտինի ոտքերի տակ պառկելու տխուր հեռանկարից։ Իսկ Իրաքում քրդերի անկախության առաջիկա հանրաքվեն ու Թուրքիայի հետագա մասնատման հեռանկա՞րը։ Այս ամենը լծակներ են, որոնց ազդեցությունը թոթափել Ադրբեջանը եւ Թուրքիան չեն կարող։

Ռուսաստանի հարաբերությունների ցանկացած ջերմացում մեր ոխերիմ հարեւանների հետ տրամագծորեն նեգատիվ արձագանք է ունենում Հայաստանում։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Դա, իհարկե, հասկանում է նաեւ Մոսկվան, որտեղ, սակայն, փառասիրությունից կուրացած, տակավին չեն հասկանում, թե ինչ է թաքնված Էրդողանի «ներողության» կամ Ալիեւի «շռայլ» ռազմական գնումների ու շողոմ ժպիտի տակ։

Այս իրավիճակում Հայաստանին, թերեւս, ամենից շատ ժամանակ շահել է պետք։ Լարել բոլոր ուժերը եւ ժամանակ շահել։ Ի՞նչ անուն կունենա ժամանակ շահելու այդ արտաքին քաղաքականությունը՝ էական չէ։ ԱՄՆ դեսպանը թող ասի՝ դրսից պարտադրված, հայ արեւմտամետները թող ասեն՝ վասալային, ռուսամետները թող ասեն՝ ռազմավարական-դաշնակցային, չգիտեմ՝ «եւ-եւ», «ոչ-ոչ», «կամ-կամ» ասողներ էլ կլինեն։ Այս ամենն էական չէ այսօր։ Էական չէ նույնիսկ՝ նոյեմբերին կստորագրվի՞, արդյոք, ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, թե՝ ոչ։ Այս անգամ էլ չստորագրվի՝ բանակցությունների նոր փուլ կսկսվի, նոր փորձ կարվի։ Մենք այն վիճակում չենք, որ առանց հետ նայելու կտրուկ որոշումներ կայացնենք։ Խոսքը միայն ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու կտրուկ որոշումներ կայացնելու մասին չէ։ Եկեք ինքներս մեզ կտրուկ չհամոզենք, որ ԵՄ-ն լավն է, իսկ ԵԱՏՄ-ն՝ վատը, ՆԱՏՕ-ն լավն է, իսկ ՀԱՊԿ-ն՝ վատը։ Իսկ ո՞ւր է այն աշխատանքը, այն ջանքը, որով փորձել ենք ԵԱՏՄ-ից, ԵՄ-ից, ՆԱՏՕ-ից, ՀԱՊԿ-ից առավելագույն օգուտ քաղել ու չենք կարողացել։ Մենք իրականում այդ կառույցներից ստանում ենք միայն այն, ինչ մեզ տալիս են որպես ողորմություն կամ խաչհամբույր։ Մենք գիտե՞նք պահանջ դնել։ Օրինակ՝ բացեք վրացական երկաթգիծը, վերադարձրեք մեր կենսական տարածքները, ելք տվեք դեպի ծով։ Սա ընդամենը ՄԱԿ-ի պահանջ է, որին պետք է ենթարկվեն բոլորը, որոնց շուրթերից ամեն օր կլսես «գործընկեր» բառը, բայց որեւէ քայլ այդ ուղղությամբ չես տեսնի։ Միայն մեր շահերով առաջնորդվելու դեպքում է, որ կկարողանանք շահել մեզ համար այդքան թանկ ժամանակը։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930