Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առանց Բագրատյանի եւ Ջհանգիրյանի հետաքրքիր չէ

Սեպտեմբեր 15,2017 10:00

Չգիտեմ՝ կհամաձայնեք ինձ հետ, թե չէ, բայց այս գումարման Ազգային ժողովի նիստերը մի տեսակ հետաքրքիր չեն անցնում: Իհարկե, այս կազմում նույնպես կան հրաշալի պատգամավորներ, բայց, միեւնույն է, ընդհանուր ֆոնը բավականին գորշ է: Եվ կարծում եմ՝ պատճառն այն է, որ պակասում են մասնագետները՝ այնպիսի պատգամավորներ, ինչպիսիք էին Հրանտ Բագրատյանը եւ Գագիկ Ջհանգիրյանը: Ընդհանրապես Հայ ազգային կոնգրեսը կարեւոր երանգ էր խորհրդարանում՝ ասում եմ դա` շատ դեպքերում չկիսելով այդ կուսակցության քաղաքական ուղղվածությունը եւ, առավել եւս, գործելաոճը:

Խորհրդարանը կարիք ունի նաեւ մարդկանց, որոնց դասական քաղաքական գործիչ չես անվանի, որոնք հարցերին մոտենում են զուտ մասնագիտական տեսանկյունից, եւ այդպիսիք են իմ նշած տնտեսագետն ու իրավաբանը: Հրանտ Բագրատյանն, անշուշտ, հախուռն բնավորություն ունի, երբեմն չափից դուրս մեծամիտ է եւ կատեգորիկ: Վերջերս դարձյալ «պատմության մեջ ընկավ»՝ եկեղեցու դերի վերաբերյալ իր ծայրահեղական գնահատականի պատճառով: Այդ թեմայով, հավանաբար, առիթ կլինի գրելու. այստեղ պարզապես նշեմ, որ ոչ մի բան, իմ կարծիքով, չարժե բացարձակացնել, այդ թվում՝ եկեղեցու, կրոնի, հավատքի դրական կամ բացասական դերը: Բայց երբ Բագրատյանը խորհրդարանում խոսում էր տնտեսական թեմաներով, միանգամից զգացվում էր, որ նա գիտի, կարդացել է, ուսումնասիրել է հարյուր, հազար անգամ ավելի մեծ նյութ, քան այն, որը նա մատուցում է ԱԺ ամբիոնից: Կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները թեեւ չէին համաձայնում նրա հետ, բայց միեւնույն է՝ հաշվի էին առնում նրա կարծիքը, փորձում էին փաստարկներ գտնել եւ այլն: Բագրատյանի բացակայությունն, ինձ թվում է, լուրջ կորուստ է խորհրդարանի համար:

Գագիկ Ջհանգիրյանը նույնպես, մեղմ ասած, կատարելության մարմնավորում չէ: Ավելին, իմ տպավորությամբ, զինդատախազի պաշտոնում աշխատելիս նա այնքան է փչացրել իր կարման, որ, եթե օգտվենք «հնդկական» զուգահեռից, ես չէի նախանձի այն մարմնին, որի մեջ 50 կամ 100 տարի հետո, հնարավոր է, «բնակություն հաստատի» նրա հոգին: Այդ նոր մարմնից ջանքեր կպահանջվեն հոգեպես վերափոխվելու համար: Բայց պատգամավոր Ջհանգիրյանի գործունեությունը, կարծում եմ, շատ օգտակար էր՝ այն պարզ պատճառով, որ նա մասնագետ է: Այդ պատգամավորի ելույթները զուրկ էին զուտ քաղաքական գունազարդումներից, որակումներից, պիտակներից: Նա խոսում էր՝ խորապես տիրապետելով բոլոր իրավական նրբություններին, առաջարկվող նախագծերի բոլոր ծուղակներին ու խութերին:

Իսկ ի՞նչը կարող է խորհրդարանի համար ավելի կարեւոր լինել, քան օրենքների որակը:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Բա Արամ Մանուկյանը,( առանց կուսացության ,իհարկե..).

  2. Seyran says:

    Խոսողին լսող է պետք…

  3. joradzadza says:

    Պրն. Աբրահամյան, խնդրում եմ բացատրեք, թե ինչ է նշանակում ՞կան հրաշալի պատգամավորներ՞ և 2 տող հետո ՞պակասում են մասնագետներ՞: Այդ դեպքում հրաշալին ո՞րն է: Դա նույնն է, եթե ես էլ պնդեմ, թե այսինչ թերթում կան հրաշալի լրագրողներ, բայց տառաճանաչ մարդկանց պակաս կա:

  4. Ruben says:

    Հրանտ Բագրատյան

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930