Պետք է փոխել Հայաստան-Սփյուռք շփումների հիմքը, անկեղծ խոսել ու իրար լսել
Սեպտեմբերի 18-20-ի ժամանակահատվածում Երեւանում կանցկացվի Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովը, որի խորագիրն է՝ ‹‹«Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն»: Նման առաջին համաժողովը անցկացվել է 1999 թվականին, իսկ 2008 թվականի հոկտեմբերից, երբ ձեւավորվեց Սփյուռքի նախարարությունը, անցկացվել է 53 թեմատիկ համաժողով՝ հայ իրավաբանների, ճարտարապետների եւ շինարարների, լրագրողների, ֆինանսիստների եւ բանկիրների, ոսկերիչների եւ այլն: Ի հավելումն` Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախագահ, վարչապետ, նախարարներ, Հայաստանից դուրս գործուղումների եւ այցերի ժամանակ հանդիպում են տվյալ երկրի հայ համայնքին ու Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ու գործակցության հարցեր քննարկում: Երբեմն Հայաստան այցելած սփյուռքահայերի են ընդունում նույն պաշտոնյաները:
Եթե ամփոփենք, վերջին 25 տարում Հայաստան-Սփյուռք շփումների հարցը մի 1000 անգամ քննարկվել է: Ու չկա ոլորտ, որ քննարկված չլինի՝ համալսարանների հայ ուսանողների օժանդակության կազմակերպում, բժշկական տարածաշրջանային կենտրոնի ստեղծում, Սփյուռքի թանգարանի հիմնում, Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ եւ այլն: Այս հարցերի մեծ մասը չի լուծվել: Հայերով հավաքվել, ասել-խոսել, ցրվել են տներով: Օրեր անց մեկնարկող Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովի «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» կարգախոսը հուշում է, որ 1000 անգամ քննարկվելուց հետո էլ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում չկա գլխավորը՝ փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն: Չկա հիմքը, որի վրա պիտի շենքը կառուցվի: Ու բնական է, որ 25 տարի շարունակ շենքը չի կառուցվում: Իսկ չկա, որովհետեւ հայաստանցին էլ, սփյուռքահայն էլ ծայրահեղ դիրքերում են: Հայաստանցի որեւէ պաշտոնյա խաբում է մի սփյուռքահայ ներդրողի, ու սփյուռքահայը որտեղ կանգնում՝ պնդում է, որ բոլոր հայաստանցիները խաբող-քցող են: Մի սփյուռքահայ օգնում է Հայաստանի մի գյուղում ապրող իր ազգականին ու պնդում, որ ինքը հայ խոշոր բարերար է: Մի հայաստանցի պնդում է, որ Սփյուռքը պարտավոր է պահել Հայաստանին, ու սփյուռքահայը նեղվում է: Մի սփյուռքահայ վերեւից է նայում, օտար լեզվով է խոսում հայաստանցիների հետ, ու վերջիններս պնդում են, որ բոլոր սփյուռքահայերը գոռոզ ու փքված են: Սփյուռքահայ ներդրողը պնդում է, որ իրեն խաբել են, Հայաստանի պետական կառույցները պնդում են՝ օրենքները չգիտես: Այսպես գնալով վիճակն այնքան բարդացավ, որ 2011-2013 հատվածում ստեղծվեց Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ՝ փաստաբանների ներգրավմամբ: Այս հիմքի վրա այգեպանի տնակ չի կառուցվի, էլ ուր մնաց հզոր կապեր:
Այս հիմքի պարագայում ոչինչ չի տալու նաեւ Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովը: Փոխադարձ վստահության համար պետք է անկեղծ խոսել ու իրար լսել: Օրինակ՝ 2011 թվականին Երեւանում անցկացված «Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական առաջին համաժողովում» սփյուռքահայերն ասացին, որ Հայաստանից շարունակվող արտագաղթը լուրջ տագնապ եւ մարտահրավեր է ու հետեւանք Հայաստանում հանապազօրյա հաց վաստակել չկարողանալու: Հայաստանի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահը, լռեցին ու քիչ անց ասացին, որ լավ էլ ապրում ենք: Իրար հակասող, իրար բացառող կարծիքներ: Ցավոք, ոչ սփյուռքահայը, ոչ հայաստանցին չասացին՝ եղբայր, մի ստիր, արի իրար լսենք, խնդիրը ձեւակերպենք, հասկանանք, որ կարողանանք լուծել: Ու այսպես արդեն ավելի քան 25 տարի: Քանի դեռ իրար չենք լսում՝ ինչ վեհ նպատակով էլ հավաքվենք, արդյունք չենք ունենալու: Մինչդեռ կարող ենք: Արդեն առիթ եղել է նշելու. հիմնավոր կարծիք կա, որ աշխարհասփյուռ հայերի հավաքական ֆինանսական հզորությունը 40 միլիարդ ԱՄՆ դոլար է: Եթե անգամ 20 միլիարդ է, ապա սրա 0,5` կես տոկոսը՝ 100 միլիոն դոլար, կարող է տարեկան հավաքվել ու հայաշահ որեւէ հարց լուծել: Բայց նման գումար չի հավաքվում, անգամ 50, 40 միլիոն չի հավաքվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 26 հեռախոսա եւ հեռուստամարաթոններից եւ ոչ մեկում:
Շատ եմ ուզում, որ «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովում հայերն իրար լսեն, անկեղծ լինեն, ու համաժողովը չդառնա հայերով հավաքվել-ասել-խոսել-տներով ցրվելու հերթական ու ոչինչ չտվող միջոցառումը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
14.09.2017