Կառավարությունը՝ արած-չարածների մասին
Չկատարված հարկային պարտավորությունները 2017թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 122 միլիոն 750 հազար դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 7,459.1 մլն դրամով: Երեկ այսպիսի ցուցանիշներ է հրապարակել ՀՀ կառավարությունը` ներկայացնելով 2016թ. սեպտեմբերի 1-ից 2017թ. օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտրված ոլորտներում արձանագրված արդյունքները: Ըստ կառավարության հաշվետվության՝ հարկային ստուգումներն առավել հասցեական եւ արդյունավետ դարձնելու նպատակով 47.8%-ով կրճատվել է հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների եւ ուսումնասիրությունների թվաքանակը: Փաստաթուղթը վստահեցնում է, որ հարկային ապառքներ կուտակած հարկ վճարողներին աջակցելու նպատակով միկրոձեռնարկատիրության մասով ընդունվել են հարկային համաներում նախատեսող համապատասխան օրենքներ, որոնցով սահմանվել է հարկ վճարողների հարկային պարտավորությունների համար հաշվեգրված տույժերից ու տուգանքներից ազատում: 1380 ինքնազբաղված անձ ազատվել է հարկերի վճարումից: Հարկային եւ մաքսային մարմինների կառուցվածքի օպտիմալացման արդյունքում, ըստ հաշվետվության, լուծարվել է 20 տարածքային հարկային տեսչություն, որոնց փոխարեն ստեղծվել է 3 վարչություն, մաքսատների թվաքանակն էլ կրճատվել է` 9-ից դառնալով 5:
Նշյալ ժամանակահատվածում վերադարձվել է 57,328.5 մլն դրամ ավելացված արժեքի հարկի գումար, ինչը, կառավարության հավաստմամբ, 16%-ով կամ 7,920.1 մլն դրամով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից:
2016 թվականի սեպտեմբերի 15-ից մինչեւ 07.09.2017 թվականը կառավարության կողմից հավանության է արժանացել եւ Ազգային ժողով ներկայացվել 160 օրենքի նախագիծ, որից 62-ն առնչվել է տնտեսական ոլորտին, 16 որոշում` սոցիալական ոլորտին, 65 որոշում պետաիրավական ոլորտից է եղել, 17 որոշում էլ` տարածքային, բնապահպանական, քաղաքաշինական եւ էներգետիկ ոլորտներին է առնչվել:
Փաստաթղթից տեղեկանում ենք, որ այդ ժամանակահատվածում հարկային եւ մաքսային եկամուտները` ներառյալ ԱԱՀ վերադարձի գումարը, կազմել են 1,139,451.1 մլն դրամ, ինչը շուրջ 6.6%-ով կամ 70,867.1 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Հարկային եւ մաքսային եկամուտներն առանց ԱԱՀ-ի վերադարձի գումարի կազմել են 1,082,122.6 մլն դրամ, ինչը շուրջ 6.2%-ով կամ 62,947.0 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Կառավարության փաստաթղթից նաեւ տեղեկանում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ալմաստի հումքի կանոնավոր մատակարարման համար կառավարությունը ջանքեր է գործադրում: Այն կներկրվի ՌԴ Գոխրանից:
Ըստ հաշվետվության՝ 2017 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում ապրանքների արտահանումը կազմել է 1185.1 միլիոն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 210.8 միլիոն ԱՄՆ դոլարով: Այս գումարից 367,2 միլիոն դոլարը հանքահումքային արտադրանքն է, պատրաստի սննդի արտադրանքը 277.5 միլիոն դոլարի է:
Ոչ թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրերը կազմել են 153.5 միլիոն դոլար: Հայաստանից արտահանվել է 26 միլիոն դոլարի կենդանի կենդանիներ եւ կենդանական ծագման արտադրանք:
Թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրերը ընդհանուր արտահանման մեջ կազմել են 171.2 միլիոն դոլար: Ամենաքիչ արտահանված ապրանքը կազմել են քարից, գիպսից ու ցեմենտից պատրաստված իրերը:
Նկատենք, որ ներմուծումը եւս աճել է` կազմելով 2161.7 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 479.1 մլն ԱՄՆ դոլար: Կառավարությունը, սակայն, այս աճը պայմանավորում է միջանկյալ օգտագործման եւ կապիտալ արտադրանքի ներմուծման աճերով:
Փաստաթուղթը վստահեցնում է, որ ներդրումների պաշտպանության եւ վստահության մակարդակի բարձրացման նպատակով մշակվել է օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենք: Ներդրվել է ռեդոմիցիլացիայի` վերաբնակեցման ինստիտուտը, որը, կառավարության տեղեկացմամբ, կապահովի օտարերկրյա նոր 5-10 ընկերությունների մուտք եւ գրանցում Հայաստանում: Նշյալ ժամանակահատվածում ստեղծվել է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ընկերությունը: Հիմնադրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ»-ը, երկու ծրագիր է իրագործվել՝ շուրջ 250 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումով։
Մասնավոր հատվածից ստացված ներդրումային ծրագրերից էլ 28-ի համար սահմանվել են մաքսատուրքից ազատման արտոնություններ, 19-ի համար՝ ԱԱՀ հետաձգման արտոնություններ։
Հաշվետվությունից նաեւ տեղեկանում ենք, որ 2017թ. 8 ամսվա արդյունքներով պետական եւ համայնքային բյուջեից վարկային ծրագրերով եւ մասնավոր հատվածի ֆինանսավորմամբ ներդրումային ծրագրերի կատարողականը կազմել է շուրջ 376,0 միլիոն ԱՄՆ դոլար:
Այս տարվա առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքի) ծավալն էլ կազմել է շուրջ 1.024 միլիոն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ուղղակի ներդրումները՝ շուրջ 328 միլիոն ԱՄՆ դոլար (2016 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացում համապատասխանաբար` 36.6% եւ 26.3%-ով:
Ներդրվել է ներդրումների խթանման եւ ներդրողների սպասարկման «մեկ պատուհան»-ի սկզբունքով գործող համակարգը:
Պատրաստեց
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԸ
«Առավոտ»
14.09.2017