Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանի համար Աջափնյակում մետրոյի կայարան ունենալը երազանք է

Սեպտեմբեր 15,2017 15:00

Մետրոպոլիտենի Աջափնյակում կայարան ունենալու խորհրդային տարիների «քաղցր» հուշերն արթնացրեց «Ելք» դաշինքը այս գարնանը՝ նախընտրական շրջանում: «Ելքի» նախընտրական ծրագրում էր ներառված այս կայարանի կառուցումը վերջնակետին հասցնել: Սակայն քաղաքային իշխանությունները պարբերաբար պնդում էին՝ կայարանի կառուցումն անհնար է, հարկավոր են խոշոր գումարներ, ինչը չկա:

Եվ միառժամանակ կայարանի կառուցման թեման փակվեց կամ մոռացվեց:

Վերջերս Հանրային խորհուրդը կրկին «վերակենդանացրեց» այս թեման: Օգոստոսի 31-ին Հանրային խորհրդի (ՀԽ) նիստում քննարկվել են Աջափնյակի կայարանի կառուցման հնարավորություններն ու կառավարություն ներկայացված առաջարկների արձագանքը: Ըստ ՀԽ-ի՝ իրենց առաջարկը քննարկվել է կառավարությունում, եւ հանձնարարվել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին համակարգել այդ հարցի վերաբերյալ շահագրգիռ կառույցների տեսակետները: Կոմիտեն, ամփոփելով Երեւանի քաղաքապետարանի, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության կարծիքները, Աջափնյակ կայարանի կառուցումը համարել է նպատակահարմար:

«Նպատակահարմար» ինչ ասես՝ կարող ես համարել: Նպատակահարմար ասելով Քաղաքաշինության կոմիտեն մի քիչ «լղոզված», մի քիչ հուսադրող, բայց ոչ հստակ պատասխան է տվել: Իհարկե, Աջափնյակում մետրոյի կայարան ունենալը ե՛ւ նպատակահարմար է, ե՛ւ, իհարկե, ցանկալի, սակայն արդյո՞ք պետական բյուջեի հնարավորությունները թույլ են տալիս շինարարությունը սկսել:

Այս հարցին ՀԽ-ն որոշակի պատասխան է տվել, անգամ ծախսերի չափն է նշել: Օրինակ՝ ՀԽ-ն կարծում է, որ մասնագետների հետ քննարկել են մետրոյի նոր կայարանի կառուցման հնարավորություններն ու ներկայացրել նախագծային 4 տարբերակ:

«Մասնագետների կարծիքով՝ նոր կայարանի կառուցման համար անհրաժեշտ կլինի 75-150 միլիոն դոլար` կախված կայարանի կառուցման 4 տարբերակներից որեւէ մեկի ընտրությունից: Մասնագետները նաեւ համարել էին, որ կայարանի կառուցումը սկսելու համար անհրաժեշտ է 12-15 միլիոն դոլար, եւ առաջարկել կառավարությանը եկող տարվա պետբյուջեում նախատեսել այդ միջոցները»,- գրված է Հանրային խորհրդի հայտարարության մեջ:

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն «Առավոտի» հետ զրույցում այս առնչությամբ ասել էր՝ մետրոյի այս կայարանը պետական նշանակության օբյեկտ է եւ հնարավոր է կառուցումն իրականացնել կառավարության տրամադրած բյուջեով: Ըստ Խաժակյանի՝ «Ելքն» առաջիկայում մանրամասն ուսումնասիրելու է Հանրային խորհրդի նշած գումարի չափը եւ «Ելքի» պատկերացրած գումարի չափը, ապա դրանց համադրության արդյունքում առաջարկելու է քաղաքապետին համապատասխան հայտարարությամբ հանդես գալ, որպեսզի կառավարությունն իր բյուջեում այդ գումարը նախատեսի. «Մենք վստահ ենք, որ դա կլինի արդյունավետ ծախս»:

Խաժակյանի կարծիքով՝ եթե քաղաքապետն այլ ոլորտներից կրճատումներ չի ցանկանում անել, ապա «Ելքն» առաջարկում է կառավարության հատկացվելիք գումարներով անել. «Երբ «Ելքը» ներառել էր նախընտրական ծրագրում մետրոպոլիտենի կայարանի կառուցումը, հաշվի էր առնվել, որ դա ինչ-որ պահի հնարավոր է իրականացնել համայնքային բյուջեի հնարավորություններից ելնելով: Ուստի մենք վստահ ենք՝ եթե մեր պատկերացումներով տեղի ունենա բյուջեի օպտիմալացում, այդ թվում՝ ե՛ւ հաստիքացուցակների կրճատում, ե՛ւ ծախսային բազմաթիվ հոդվածների փոփոխություն, դա հնարավոր կլինի իրականացնել»:

Մինչդեռ քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանը երազանք է, որը գուցե մի օր իրականություն դառնա:

Օրերս «Առավոտը» Տարոն Մարգարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի Հանրային խորհրդի առաջարկության եւ Քաղաքաշինական պետական կոմիտեի եզրակացության մասին, ընդ որում՝ ՀԽ-ն հստակ գումար է նշում, որը նախնական ներդրում է: Այս առնչությամբ քաղաքապետն «Առավոտին» ասաց. «Մենք հիմա էլ ենք ասում, որ քաղաքապետարանը նման հնարավորություն չունի, մեզ համար այսօր մետրո ունենալը երազանք է, բայց մի օր կհասնենք, այդ երազանքը իրականություն կդառնա: Համոզված եղեք, գոնե քաղաքապետարանն առաջինն է ուզում մետրոյի ընդլայնումը»:

Հանրային խորհրդի հայտարարությանն էլ Մարգարյանն այսպես արձագանքեց. «Ինչ վերաբերում է Հանրային խորհրդին՝ եթե իրենք կարողանան մետրոյի նոր կանգառ կառուցել, մենք կողջունենք: Մենք ունենք խորհրդատու, նախահաշիվ, նախագիծ, առաջնորդվում ենք դրանցով»:

Իսկ թե քաղաքապետարանի նախահաշվով որքան գումար է անհրաժեշտ Աջափնյակի կայարանի կառուցման համար՝ քաղաքապետն ասաց. «Մինչեւ 100 միլիոն դոլար»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

14.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930