Սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացնելու թույլտվություն ստանալու համար Երեւանի քաղաքապետին է դիմել ապրիլյան պատերազմի կամավորականներից մեկը՝ Արսեն Ավետիսյանը:
Նա մտադիր է հացադուլի դիմել: Ա. Ավետիսյանը տեղեկացնում է, որ ապրիլ ամսից սկսած նախագահի նստավայրը պահպանող ոստիկանների կողմից հսկվում է, այն դեպքում, երբ իր նպատակը խաղաղ է. պահանջում է զենք գնել երկրի անվտանգության համար:
Երեւանի քաղաքապետին նա տեղեկացնում է, որ Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանը ձեռքից վերցրել է անձնական զենքը, պահանջելով, որպեսզի նա դադարեցնի բողոքի ակցիաները:
Ա. Ավետիսյանը դիմել է ազգային անվտանգության ծառայությանն ու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
«Ես իմ մեքենան եմ վաճառել, որպեսզի գնեմ զենք: Ես երեսուն տարվա փորձառություն ունեցող որսորդ եմ, պատրաստվում էի իմ զենքով գնալ Թալիշ՝ բնակության նպատակով»,-ասվել է նամակում:
Ի դեպ, գլխավոր դատախազին դիմելով, զրուցակիցս պահանջել էր, որպեսզի քրեական գործ հարուցվի Արտաշատի ոստիկանապետի դեմ, իր նկատմամբ բռնություններ գործելու, իսկ մեկ այլ ոստիկանի՝ թաղայինի պետ, կապիտան Անտոնյանին էլ մեղադրում է պաստառները եւ փայտյա ամրակները խլելու համար:
Նա խնդրում է գործի հետաքննությունն ու նախաքննությունն անցկացնել Երեւանում, եւ ոչ թե Արտաշատում:
«Պարոն Դավթյան, ես ապրիլյան պատերազմում շատ բան տեսա ու լսեցի նաեւ մեր զինվորներին: Դրա համար սկսեցի խաղաղ ցույցեր անցկացնել Երեւանում՝ կառավարության շենքի առաջ եւ ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Ես պահանջում եմ, որպեսզի զենքեր գնեն մեր անպաշտպան երկրի համար: Անգամ դիմել եմ ՀՀ նախագահին ու պաշտպանության նախարարին: Բոլորն ինձ գովում են, բայց հասկացնում, թե գումար չկա զենք գնելու համար»,-գրել էր Ա. Ավետիսյանը, ուղարկելով նրան նաեւ նշյալ զենքերի ցանկը:
«Եթե ազնիվ են պետական այրերը, եկեք մոնիտորինգ անցկացնենք: Բոլոր նախկին եւ ներկա պաշտոնյաների, նախագահների ու նրանց մերձավորների, հարազատների շրջանում: Թող բոլորն ապացուցեն, թե որտեղից իրենց այդ անափ հարստությունը»,-գրել է նա:
Ինչպես է պատկերացնում մոնիտորինգը՝ «Առավոտի» հարցին էլ, զրուցակիցս պատասխանում է՝ «Թող մասնակցեն Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներն ու ընդդիմությունը»:
«Օգոստոսի 8-ին ինձ զանգեցին Արտաշատի ոստիկանությունից: Մայոր Վարդան Ստեփանյանն էր, որը զբաղվում էր զենքի հարցով: Նա ասաց, որ ես պետք է շտապ գամ ոստիկանության բաժին: Ես գնացի Վարդանի մոտ, նա ասաց՝ գնանք տուն, եւ իմ անձնական օրինական զենքը ժամանակավոր բերենք, հանձնենք ոստիկանությանը: Ես հարցրեցի՝ ինչ հիմքով, որ օրենքով պիտի անձնական զենքս տամ, սկսեցինք վիճել: Ես ասացի, որ դա ոստիկանապետի սարքածն է: Վարդանն ասաց՝ չենթարկվելու դեպքում իրենք ինձ կփակեն: Հետո Վարդանն ինձ տուն տարավ, իմ զենքը երեսուն փամփուշտներով բերեցինք ոստիկանության բաժին: Վարդանը ինձ թուղթ տվեց, որպեսզի ստորագրեմ, թե ես իմ հոժար կամքով եմ զենքը բերել, ժամանակավոր թողել Վարդանի մոտ»,-պատմում է Ա. Ավետիսյանը:
Հաջորդ օրը նրան զանգում են ոստիկանությունից, ճշտելու, թե որտեղից են ձեռք բերվել փամփուշտները: Դրանք ուղարկվել են փորձաքննության: Ա. Ավետիսյանը ասում է՝ փամփուշտները ձեռք է բերել «Եգեր» խանութից, որտեղից գնել էր զենքը:
Ի դեպ, ԱԱԾ պետին ուղղված նամակում էլ Ա. Ավետիսյանը գրել էր մեկ այլ մանրամասն. «Նախագահի ընդունարանից ինձ մոտեցավ քաղաքացիական հագուստով մեկը: Նա ստիպեց ինձ հեռանալ: Ես ասացի՝ դա իմ իրավունքն է, ես քաղաքապետարանին զգուշացրել եմ: Այդ մարդը սկսեց գոռգոռալ վրաս, տեսնելով բան դուրս չի գալիս, զանգեց ոստիկանության Արտաշատի բաժին: Մոտ մեկ ժամ հետո ինձ մոտեցավ կարմիր ջորի մեքենայով երկու ոստիկան, ասացին՝ պետք է գնամ Արտաշատի բաժին: Ստիպելով ինձ՝ զոռով դրեցին մեքենան ու տարան միլպետի մոտ: Ապա տարան տեղակալ Դալլաքյանի մոտ, մոտ վեց ժամ պահեցին այնտեղ: Ու երբ դուրս եկա, իմ պաստառները չկային: Հարցիս, թե ո՞ւր են պաստառները, պատասխանեցին՝ Երեւանից ոչինչ չենք բերել: Ցանկացա մարզի ոստիկանապետի հեռախոսի համարը, զանգեցի ու նրան պատմեցի ամեն բան»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
14.09.2017