Հայաստանի հունահռոմեական ըմբիշները սեպտեմբերի 20-23-ը Կլայպեդայում կմասնակցի զինվորականների աշխարհի առաջնությանը։
Ըմբիշները մրցաշարին նախապատրաստվում են Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ: Մասնագետի խոսքերով, աշխարհի առաջնությունը շատ ուժեղ կազմ է հավաքելու, որին մասնակցելու են օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ ու մրցանակակիրներ։ «Մեր տղաները լավ մարզավիճակում են եւ պատրաստ են մրցաշարին։ Մենք բազմիցս մասնակցել ենք զինվորականների աշխարհի առաջնությանը, եւ լավ արդյունքներ գրանցել։ Կարծում եմ, որ այս տարին եւս բացառություն չի լինի»,- ասում է Արմեն Բաբալարյանը։
Թիմի կազմում Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանելու կմեկնեն Վազգեն Խաչատրյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Արմեն Հակոբյանը (71 կգ), Արման Բաղդասարյանը (75 կգ), Ռաֆայել Մանուկյանը (80 կգ), Արգիշտի Աբգարյանը (85 կգ), Վաղարշակ Մինասյանը (98 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (130 կգ)։
«Առավոտ»
14.09.2017