Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են դաստիարակված երեխաները մեծանում ապերախտ

Սեպտեմբեր 15,2017 13:00

Շատ ծնողներ փորձում են բարի երեխաներ դաստիարակել ու երբ նրանք մեծանում են, դառնում են անշնորհակալ ու ծնողի նկատմամբ ապերախտ: Որտե՞ղ սխալվեց ծնողը եւ ինչո՞ւ են երեխաները շեղվում ճիշտ ուղուց: Ասում եք՝ ամեն ինչ արել եմ, նույնիսկ Ավետարան եմ հաճախ կարդացել իրենց համար ու հավատք եմ սովորեցրել, ինչի՞ այսպես մեծացավ: Ոչ թե մենք պետք է մտածենք, թե ինչու են երեխաները շեղվում ծնողի սովորեցրածից, այլ՝ թե ինչպես են շեղվում: Շատ ծնողներ երեխային, բացի նյութական բաներից, ոչինչ չեն տալիս: Մենք տեսնում ենք, թե նրանք ինչքան անտարբեր են, երբ երեխան վատ խոսքեր է ասում կամ չար վարք դրսեւորում: Սա դաստիարակություն չէ: Իսկ այն, ինչ ժողովուրդը համարում է դաստիարակություն, լավագույն դեպքում այն է, երբ ծնողը սովորեցնում է ճիշտն ու սխալը, չարն ու բարին ու երեխային հորդորում ընտրել ճիշտն ու բարին: Եվ նա հույս է տածում, որ երեխան բարին կընտրի միշտ իր կյանքում: Ժողովուրդ ջան, հուսալով բերք չի աճում: Ցանելով է աճում: Հետո էլ մշակելով, պարարտացնելով ու էտելով է աճում մարդու բերքը:

Երեխային սովորեցնում ենք չարն ու բարին, բայց չենք սովորեցնում մաքառել այդ բարին կատարելու համար: Նրան չենք սովորեցնում, որ գիտե՞ս, բալիկ ջան, երբ դու ուզենաս քիչ վերցնել, քեզ մոտ եսասիրական ու ագահության մտքերն են գալու, քո ներսում մի ձայն ասելու է, որ բոլորը վերցրու քեզ, կամ մի սպասի ուրիշին, քո մասին մտածի միայն եւ այլն եւ դու՝ տղաս կամ աղջիկս, պիտի սովորես դրանց դեմ պայքարել: Դա կոչվում է հոգեւոր մաքառում կամ սխրանք: Երեխան չգիտի այս բաներին ինչպես անել, երբ նա մեծանում է, քանի որ նրան չենք սովորեցրել փոքր տարիքից:

Սիրելի ծնողներ, տատիկներ ու պապիկներ, մեծեր եւ ուսուցիչներ, գիտե՞ք, որ դեպքում երեխան ապերախտ ու անշնորհակալ չի մեծանում, երբ որ մենք նրանց ոչ միայն գիտելիք ենք տալիս, այլ նաեւ սովորեցնում ենք պայքարել իրենց չար կրքերի դեմ: Երբ որ մենք նրանց ոչ միայն չարի ու բարու մասին ենք սովորեցնում, այլ նաեւ սովորեցնում ենք շատ փոքր հասակից պայքարել այդ չարի դեմ: Երբ որ մենք նրանց սովորեցնում ենք ՄԱՔԱՌԵԼ այս կյանքում:

Ահա շատ պարզ մի օրինակ, որը պատահում է գրեթե բոլոր ընտանիքներում, ուր փոքր երեխա կա, կամ բոլոր տներում, ուր ծնողը երեխայի հետ հյուր է գնացել: Ասենք՝ երեխան 4 տարեկան է: Սեղանին դրված է 5 կոնֆետ: Եկավ մեկը վերցրեց: Հետո եկավ, որ 2-րդը վերցնի: Թող մեծն ասի, չէ,՛ բալիկ ջան, մի քիչ ՍՊԱՍԻ, մի քիչ ՀԱՄԲԵՐԻ, էլի կտամ, բայց մի ժամից: Մի քիչ ուշ:

Դա երեխայի մեջ այդ տարիքից կհաստատի այն զգացումը, որ նա կարող է համբերել, կարող է սպասել ու դա նույնիսկ լավ բան է, քանի որ իր ծնողն ուրախանում է դրա համար ու դա ներկայացնում որպես նվաճում:

Ու այսպես երեխան սովորում է կառավարել իր կրքերն ու ցանկությունները փոքր հասակից: Ու այսպես երեխան փոքր հասակից սովորում է պայքարել իր չար ցանկությունների ու կրքերի դեմ: Հետո այդպես ըստ տարիքի նրան պետք է սովորեցնել պայքարել նախանձի, ապերախտության, գոռոզության, փառասիրության, ագահության եւ այլ կրքերի դեմ: Տեսեք ինչքան մեծեր փորձանքի են գալիս կամ տառապանք են բերում եւ սեփական անձերի, եւ իրենց շրջապատի վրա, որովհետեւ իրենց ծնողներն իրենց փոքր հասակում ուտելիք տվել են, փող տվել են, հեռախոս ու համակարգիչ տվել են, շոր ու ավտո տվել են, բայց ագահության դեմ պայքարել ու ագահությունը զսպել չեն սովորեցրել, նախանձը սիրով փոխել չեն սովորեցրել:

Տեսեք ինչպես է փոխվում երեխայի վարքը, երբ նա լավ ճամբար է գնում: Տեսեք ինչպես է թրծվում տղամարդը, երբ նա վերադառնում է բանակից: Այսպիսի տեղերում, ուր կա կարգապահություն, չկա ուտել՝ երբ որ կամենաս եւ չկա անել այն, ինչ որ կամենաս, քանի որ կա կարգապահություն, համբերել, սպասել ու դիմանալ: Իսկ սրանք լավագույն դեղամիջոցներն են ամեն մարդու համար, որպեսզի մարդը կարողանա կառավարել իր սեփական չար կրքերն ու չար ցանկությունները: Սիրելի ծնողներ եւ ուսուցիչներ, փոքր տարիքից Աստուծո զավակներին սովորեցրեք այս բաների մասին, ցանեք նրանց մեջ այս սերմերը, մշակեք դրանք ու երբ նրանք մեծանան, դուք կքաղեք ոչ թե փուշ ու տատասկ, այլ քաղցր ու գեղեցիկ պտուղներ: Այդ ժամանակ, երբ եսասիրությունը, անհամբերությունը, փառասիրությունն ու ագահությունը վրա տան երիտասարդներին, նրանք կիմանան ինչպես զսպել դրանց ու պայքարել դրանց դեմ:

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ»

14.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930