ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք տասնութերորդ
Գլուխ հարյուր երկուերորդ
ՏԱՐԲԵՐ ԲԱՆԵՐ
Եվ Ֆրունզիկը նայեց Ստանիսլավսկու գրքին ու ժպտալով ասաց՝ «Աճեմյանը Ֆելոյի տարիքում Ստանիսլավսկու էս գիրքը դժվար թե կարդացած լիներ», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Աճեմյանը որ իմ տարիքում էր, Ստանիսլավսկին իրա էս գիրքը վայ թե չէր էլ գրել», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու Ֆելոյին հարցրեց՝ «հաստատ գիտե՞ս, թե՞ ենթադրում ես», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ենթադրում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես հաստատ չգիտեմ էլ՝ իրանցից ով ա տարիքով մեծ», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Ֆելոյին ասաց՝ «էդ հասարակ բաները որ չգիտես, ո՞նց ես ուզում ռեժիսոր դառնաս», եւ հայրս ասաց՝ «Ստանիսլավսկին տարիքով վայ թե Աճեմյանից մեծ ա», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչ որ չգիտեմ՝ չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «դրա համար էլ ռեժիսոր չեմ դառել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ռեժիսորը պիտի էդ տարրական բաներն իմանա», եւ հայրս ասաց՝ «բայց Ստանիսլավսկին պիտի որ տարիքով Աճեմյանից ահագին մեծ լինի», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ստանիսլավսկին չի կարա Աճեմյանից մեծ լինի», եւ հայրս զարմացած հարցրեց՝ «ինչի՞ չի կարա», եւ Ֆրունզիկը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ Աճեմյանն իմ շեֆն ա» եւ մի քիչ մտածեց, նայեց ինձ ու ժպտալով ավելացրեց՝ «համ էլ՝ ինքը Մեսրոպի ընկերն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու հորս հարցրեց՝ «Մեսրոպը շատ ուժեղ այգեգործ ա, չէ՞», եւ հայրս պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ ես ասացի՝ «աշխարհի ամենասիրուն յասամաններն իրանց բակում են աճում», եւ հայրս Ֆրունզիկին ասաց՝ «ձեր թատրոնի ֆոյեի ամբողջ բուսականությունն էլ ա Մեսրոպի ստեղծագործությունը», եւ Ֆրունզիկն ասաց՝ «գիտեմ» եւ հիացմունքով ավելացրեց՝ «չտեսնված գեղեցկություն ա», եւ Ֆելոն հորս ասաց՝ «ես գիտեի, որ աներդ ու Աճեմյանը մանկության ընկերներ են, բայց չգիտեի, որ աներդ ա էդ բուսական գեղեցկության հեղինակը», եւ Ֆրունզիկն ասաց՝ «էդ գործին Ուստա Հակոբն էլ ա ահագին մասնակցել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ձեւավորման իմաստով», եւ հայրս ասաց՝ «ես ընդամենը թղթի վրա մի քանի գիծ եմ քաշել», եւ Ֆրունզիկը ժպտալով հորս ասաց՝ «ընդամենը մի քանի գիծ ես քաշել, բայց Մեսրոպն ասում ա, որ առանց Հակոբի էդ գործը դժվար թե գլուխ գար», եւ հայրս մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փեսեքին գովալու համար Մեսրոպի խելքն իրանը չի», եւ Ֆրունզիկն ասաց՝ «Մեսրոպին գովալու համար էլ Աճեմյանի խելքը իրանը չի», եւ Ֆելոն ասաց՝ «Աճեմյանն ու Մեսրոպը մանկության ընկերներ են» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Վանից իրար հետ են փախել», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու ասաց՝ «Վանից ոչ թե փախել են, այլ գաղթել են», եւ Ֆելոն զարմացած նայեց հորս ու հարցրեց՝ «նույնը չի՞», եւ հայրս Ֆելոյին ասաց՝ «փախչելն ու գաղթելն իրարից շատ տարբեր բաներ են» եւ մի քիչ մտածեց ու հանդիմանանքով Ֆելոյին ասաց՝ «ռեժիսոր մարդ ես. դու էդ տարբերությունները մեզնից լավ պիտի իմանաս»:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ: