Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության մեկ տարվա գործունեությունը։ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Կառավարությունն արդեն ներկայացրել է մեկ տարվա գործունեության հաշվետվությունը։ Այնտեղ հստակ թվեր են ամրագրված, և այն, ինչ մենք նախատեսել ենք, այդ հունով գնում ենք»,- նշեց Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ կառավարության գործունեության մեկ տարվա արդյունքներով 6 տոկոսից ավելի տնտեսական ակտիվության աճ կա, նկատվում է արտահանման և ապրանքաշրջանառության կտրուկ աճ, զբոսաշրջության աճ կա: «Կարող ենք ասել, որ թե՛ Եվրոպական Միության, թե՛ Եվրասիական տնտեսական միության և թե իրանական շուկա արտահանման աճ ունենք, և սա խոսում է այն մասին, որ մեր տնտեսությունը գնում է զարգացման դինամիկայով: Որպես քաղաքական մեծամասնություն՝ կարող եմ հստակ նշել, որ այն չափորոշիչները, ցուցանիշները, որոնք մենք ամրագրել ենք պետական բյուջեում, դրանք, անկասկած, կատարվել են: Պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները իրականացվել են»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «1in.am»-ի կայքում: