Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակն առաջարկներ է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած օրենքների նախագծերի վերաբերյալ

Սեպտեմբեր 14,2017 19:55

2017 թ. հուլիսի 3-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծերի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ ստանալու նպատակով:

Նշենք, որ վերոնշյալ նախագծերը ՀՀ Արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված չեն:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված օրենսդրական նախագծերի փաթեթի մշակումը ուղղված է երաշխավորելու կալանավորված անձի մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ տեսակցությունների իրավունքը։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իրականացված վերլուծության հիման վրա հայտնել է դիրքորոշում, որ անհրաժեշտ է օրենսդրական փոփոխությունների ենթարկել ոչ միայն մեղադրյալների, այլ նաև կասկածյալների և դատապարտյալների արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքները ապահովող ազգային նորմերը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից վերհանված խնդիրը ճյուղավորված է իրավական այլ խնդիրներով, որոնք սահմանափակված չեն միայն կալանավորված անձի իրավական կարգավիճակով։ Հիմնախնդիրն է ապահովել մինչդատական, դատական վարույթների և դատավճռի կատարման փուլերում ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքը։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է առաջարկություններ ազատազրկված անձանց տեսակցության իրավունքի ապահովման երաշխիքների, սահմանափակումների և պատժախցում գտնվելու ժամանակ իրավական հետևանքների վերաբերյալ։ Կազմակերպությունը անհրաժեշտ է համարում գործող օրենսդրությունում կատարել փոփոխություններ, որոնք ուղղված կլինեն վերացնելու պատժախցում գտնվելու ժամանակ ազատազրկված անձանց իրավունքների չհիմնավորված սահմանափակումները և արժանապատվությունը նվաստացնող ձևերի կիրառումը։

Մանրամասներն` այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930