Այսօր Գյումրիում բացվեց նյույորքաբնակ հայ բժիշկ, մեծ բարերար Հովհաննես Օյունջյանի միջոցներով կառուցված «Աղավնի» արհեստի կենտրոնն ու հարակից հյուրատունը։ Այս իրադարձությանը մասնակցում էին նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
Նշենք, որ «Օյունջյան» բարեգործական հիմնադրամը 20 տարիների ընթացքում շուրջ 7 միլիոնի ներդրում է ունեցել Գյումրիում։ Բժիշկը իր գործունեության ընթացքում կուտակածը ներդրել է հայրենիքի զարգացման համար։ Երկրաշարժից հետո մեծ բարերարը վերակառուցեց փլատակների վերածած թիվ 21 միջնակարգ դպրոցը, այնուհետ կառուցեց «Վարդուհի» արվեստի դպրոցը։ Նրա բարեգործությունը՝ ի հիշատակ ծնողների ու քույրերի է, դպրոց-վարժարանը կրում է ծնողների՝ Արմենակ և Եղիսաբեթ Օյունջանների անունը, իսկ արվեստի դպրոցն ու արհեստի կենտրոնը՝ քույրերի։
Ինչևէ, մեծ բարերարը իր ելույթում ասաց․«Տարիքս փոքր չէ, արդեն 96 տարեկան եմ, ծնված եմ Թուրքիո, ապրած Ամերիկայի մեջ և շրջած եմ ամբողջ աշխարհը, երազներիս մեջ, սակայն միշտ հայրենիքս է եղել, ուզեցել եմ որևէ բան անել իմ ժողովրդի համար։ 1988 թվի երկրաշարժը ցնցեց ինձ, այն ժամանակ ես ուզեցի գալ Գյումրի, լսած լինելով ահավոր ավերների, տեղի ժողովրդի շնորհքի ու տաղանդի մասին»,-ասաց բարերարը։
Նա նշեց, որ այս ամենն անում է երեխաների համար, որպեսզի նրանք մնան իրենց հայրենիքում ու ծաղկեցնեն այն։ «Աշխարհի ամենեն գեղեցիկ երկիրը մեր Հայաստանն է», -բացականչեց բարերարը։ Նրա խոսքերը հուզեցին ներկաներին, հատկապես վարչապետին՝ վերջինս դեմքը փայլեց ուրախությունից, ժպիտը դեմքին՝ երկար ծափահարում էր։ Բարերարին իրենց շնորհակալությունը հայտնեցին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։
Շիրակի մարզպետը իր երախտագիտության խոսքը հնչեցնելիս ասաց, որ դոկտոր Օյունջյանը մատաղ սերնդի կրթվելու, արհեստներ ու արվեստներ սովորելու համար մեծ գործ է կատարել, որ նրանք չլքեն երկիրը, մնան հայրենիքում, չգնան օտար ափեր։
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ խոսեց մեծ բարերարի թասիբից, նվիրվածությունից։
Այս իրադարձության ժամանակ անակնկալ կար բարերար-բժշկի համար, քանդակել էին նրա կիսանդրին, քանդակագործը՝ Վահագն Պապոյանն էր։ «Դոկտորը մեծ բան արեց մեզ համար, շենք սարքեց ծնողների անունով, շենքեր սարքեց քույրերի անունով, և մենք՝ աշակերտներով մտածում էինք՝ ինչ անել, որ դոկտորին իր բացակայության ժամանակ հոս ունենայինք»,- բժշկի կիսանդրին քանդակելն այսպես մեկնաբանեց Լևոն Լաճիկյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ