Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խիստ զարմացած է Ալավերդիում հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանի մասնակցությամբ այսօր Երեւանի կենտրոնում տեղի ունեցած կրակահերթից:
«Ես չեմ լսել, Երեւանում Ալավերդուց են կրակե՞լ, թե՞ ալավերդցիք են իրար վրա կրակել, չեմ հասկանում, ես այդ դեպքի մասին իմացել եմ, բայց չգիտեմ՝ նրանք Ալավերդիի՞ց են, ես հյուրեր ունեմ, նոր եմ նրանց ճանապարհել, ես տեղյակ չեմ»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի հակասական ու անհասկանալի պատասխան տվեց պարոն Նալբանդյանը՝ պնդելով, որ երբ տեղեկանա դեպքի մանրամասներին, ինքն, անպայման, կխոսի այս թեմայով,- «Մանրամասներին չեմ տիրապետում»:
Ըստ մամուլի տեղեկությունների՝ այսօր կրակահերթից վիրավորված Վահագն Աբգարյանի նկատմամբ երկու տարի առաջ էլ էր Լոռու մարզում մահափորձ եղել, մարզպետը չմտաբերեց նման դեպք. «Համբերեք, հյուրերիս ճանապարհել եմ, հիմա փորձեմ հասկանալ՝ ինչը որտեղ է կայանում, նոր հասկանամ ու մի բան պատասխանեմ: Լսել եմ, որ դեպք է եղել, բայց հիմա ինչի պետք է Ալավերդուց գային Երեւանի կենտրոն, բաներ եք ասում, որ իմ ուղեղում չի տեղավորվում: Եթե իմ իմացած Վահագ Աբգարյանն է, Ալավերդին փոքր քաղաք է, ճանաչում եմ: Վերջին շրջանում իրեն չեմ էլ տեսել, ոչ իրեն, ոչ էլ՝ թիկնազորը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ