Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Միլս. «Պետք է լինեն այլ գործեր ևս՝ քաղաքական, տնտեսական ազդեցիկ կապեր ունեցող մարդկանց հետ, որոնք միգուցե ներգրավված են կոռուպցիայի հետ կապված գործերում». «Ա1+»

Սեպտեմբեր 14,2017 18:40

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան պարոն Ռիչարդ Միլսը բացառիկ հարցազրույց է տվել «Ա1+» հեռուստաընկերությանը։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ։

 

– Դեռ այս տարվա սկզբին Դուք քննադատեցիք Հայաստանի իշխանություններին, նշելով, որ վարչապետի գլխավորած Հակակոռուպցիոն խորհուրդը առաջընթաց չի գրանցել։ Եվ արդեն Հայաստանում ստեղծում են հերթական մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Խոստանում են, որ նախորդից դրականորեն կտարբերվի։ Ձեր կարծիքով, ի՞նչն է մեզ խանգարում տեսանելի առաջընթաց ունենալ և արդյո՞ք այս անգամ լավատես լինելու հիմքեր ունենք։

Ռիչարդ Միլս – Ցանկացած երկրում, ցանկացած հասարակության մեջ կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու համար կարևորվում է քաղաքական կամքը ամենավերին օղակից, օրենքների հավասար կիրառումը։ Վերջին մեկ տարվա ընթացքում, այն, ինչ հուսադրող է ինձ համար այն է, որ Կառավարության կողմից լրջորեն գիտակցվում է կոռուպցիայի խնդիրը և նաև գիտակցվում է, որ հասարակությունը ցանկանում է, որ Կառավարությունն այդ խնդիրը կարգավորի։ Վարչապետի, փոխվարչապետի, Արդարադատության նախարարների, Դատախազի, Հատուկ քննչական ծառայության և մյուսների հետ մենք խոսել ենք այս հարցերի շուրջ։

Կարևոր է, որ օրենքները կիրառվեն, ապահովվի հավասարությունը դատական համակարգում և բոլոր նրանք, ովքեր կաշառքի կամ կոռուպցիոն դրսևորումների հետ առնչություն կունենան, ենթարկվեն պատասխանատվության։ Իրավացի եք, որ հակակոռուպցիոն խորհրդի կողմից վերջին մեկուկես-երկու տարիների ընթացքում առաջընթացի բացակայության վերաբերյալ ես իմ մտահոգությունը հայտնել եմ։

Քանի որ մենք ունենք բարեկամներ Հայաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության շրջանակներում, մենք կարողացանք նշել, որ մենք ցանկանում ենք վերանայել հակակոռուպցիոն խորհուրդը, որ թերևս դա ամենաարդյունավետ մոտեցումը չէ։ Հակակոռուպցիոն խորհրդի համար մեր կողմից նախատեսված ֆինանսական աջակցությունն ամբողջովին չի հատկացվել, 10%-ից պակաս գումարն է հատկացվել, մնացած գումարները մինչև այժմ դեռևս կան և մենք այս պահին շարունակում ենք խոսել կառավարության հետ, որպեսզի կարողանանք գտնել այն ուղիները, որտեղ առավել օգտակար ձևով հնարավոր կլինի ուղղորդել այդ միջոցները, միգուցե՝ մեկ այլ նպատակով։

Ես ձեզ պարզ կասեմ. այդ գումարները ամերիկյան հարկատուների միջոցներն են և ինձնից առավել մեկը շահագրգռված չէ,որ այդ միջոցներն առավել արդյունավետ օգտագործվեն։ Մենք ցանկանում ենք արդյունքներ տեսնել, արդյունքներ Կառավարությունից, եթե մենք շարունակելու ենք այս ոլորտում միասին աշխատել։ Ես, Միացյալ նահանգների կառավարությունը ցանկանում ենք ի վերջո արդյունքներ տեսնել կոռուպցիայի դեմ պայքարում, գործեր տեսնել թերևս նաև ազդեցիկ մարդկանց դեմ, ովքեր ներգրավված են նման գործելակերպերում։

Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում տեսել են կոռուպցիայի հետ կապված գործեր դատավորների նկատմամբ։ Այդ գործերը դեռ քննության ընթացքում են, և դրանց վերջնական հանգուցալուծումը չկա։ Ուզում եմ նշել, որ պետք է լինեն այլ գործեր ևս՝ քաղաքական, տնտեսական ազդեցիկ կապեր ունեցող մարդկանց հետ, որոնք միգուցե ներգրավված են կոռուպցիայի հետ կապված գործերում։

Շատերն են հասկանում, որ նույնիսկ Հայաստանի անվտանգությանը վերաբերող հարցերում մեր իշխանությունը սուվերեն որոշումներ կայացնելու խնդիր ունի։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ գործիքներ են անհրաժեշտ մեր ինքնիշխանությունն ամրապնդելու համար, և արդյո՞ք ԱՄՆ–ն իր անելիքն այստեղ տեսնում է։ 

Ռիչարդ Միլս – Երբ խոսում ենք ինքնիշխան, ժողովրդավարական պետությունների մասին, մենք նկատի ունենք, որ այդ երկրում որոշումներն ընդունվում են երկրի, ժողովրդի լավագույն շահից։ Այն, ինչը հնարավորություն է տալիս նման որոշումներ կայացնել բաց, ժողովրդավարական հասարակության  մեջ, դա հասարակությանը լսելն է, ինչի հիման վրա Կառավարությունը կարողանում է երկրի, ժողովրդի լավագույն շահերից ելնելով որոշումներ կայացնել։

Մենք փորձում ենք Հայաստանին օգնել ավելի ինքնիշխան լինել, կայացնել որոշումներ, որոնք բխում են երկրի, ժողովրդի լավագույն շահերից, մեր ջանքերը՝ դրան հասնելու, իրականացվում է կառուցակարգերի ամրապնդման միջոցով, այն հաստատությունները, որոնք թույլ են տալիս լսել, հասկանալ, թե մարդիկ ինչ են ցանկանում և այդ օղակները ներառում են քաղաքացիական հասարակությունը, անկախ լրատվամիջոցները, ազատ, արդարացի ընտրությունների անցկացումը, երբ ընտրական բանավեճերից հետո մարդիկ կարողանում են իրենց ձայնը տալ իրենց նախընտրած թեկնածուներին։ Ահա այս կերպ է Միացյալ նահանգները փորձում աջակցել Հայաստանին որպես ինքնիշխան պետություն կայանալու հարցում։

Պետության ինքնիշխանության կայացմանը նաև օգնում է երկրի տնտեսական բարեկեցությունը, տնտեսական բարեկեցություն, որը բաշխվում է բոլոր օղակներում։ Այդ նպատակից ելնելով էլ Միացյալ նահանգները աշխատում է  Հայաստանի հետ տնտեսական աճ և բարեկեցություն ապահովելու ուղղությամբ, ինչը կօգնի, որ Հայաստանը առավել ինքնիշխան ընտրություններ և որոշումներ կայացնի։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930