Իրավապաշտպան Ավետիք Իշխանյան Aravot.am-ի հետ զրույցում խոսեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի եւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի` Հայ առաքելական եկեղեցու դերակատարության վերաբերյալ տրամագծորեն հակառակ տեսակետների մասին:
«Պարոն Բագրատյանը որոշել է օրիգինալ երևալ, պատերազմ է հայտարարում հայոց լեզվին, հետո առաքելական եկեղեցուն, հիմա տեսնենք՝ հաջորդը ո՞րն է լինելու», – օրերս ասել էր Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառմանը:
Պարոն Բագրատյանը քննադատել էր Հայ Առաքելական եկեղեցին այն համատեքստում, որ երկու անգամ այն խանգարել է հայկական պետականության կայացմանը:
«Ես բավականին խիստ քննադատել եմ Հրանտ Բագրատյանի` հայոց լեզվի աղքատ լինելու վերաբերյալ տեսակետը, բայց տվյալ դեպքում, ինչ վերաբերում է Հայ առաքելական եկեղեցու դերին մեր պատմության մեջ, նրա ասածը բավականին հիմնավոր կարծիք է: Իմիջիայլոց, առաջինը Հրանտ Բագրատյանը չի ասել այդ մասին: Նրանից առաջ այդ նույն բանն ասել են մեր դասականները` սկսած Նալբանդյանից, Պատկանյանից, հատկապես Րաֆֆիից, որից ավելի ազգայնական գրող երբեւէ չենք ունեցել: Բազմաթիվ մեջբերումներ կարելի է անել Րաֆֆիից, որը փայլուն ուսումնասիրել էր մեր պատմությունը եւ եկել է ավելի խիստ եզրակացությունների, քան Բագրատյանինն է: Բացի այդ, մեզ մոտ քիչ են համարձակ պատմաբանները, ինչպիսին Համլետ Դավթյանն է: Նա պատմական փաստերով է հիմնավորում այն, ինչ Հրանտ Բագրատյանն է ասել:
Ես նույնիսկ չգիտեմ` ինչ ասել Շարմազանովի ասածին: Դա ընդամենը կարծիք է: Անկախ նրանից նա պատմաբան է, թե այլ մասնագետ, կարող է նման կարծիք ունենալ: Ընդ որում, երբ կարդում ես Շարմազանովի կարծիքը, տպավորություն է ստեղծվում, որ նա հայ առաքելական եկեղեցու մոլի հետեւորդ է, ինչը բոլորովին հարիր չէ պետական բարձրաստիճան պաշտոնյային, որովհետեւ նա եթե այդպես է մտածում, ուրեմն իր մասնագիտությունը սխալ է ընտրել, ճիշտ կաներ, որ գնար Գեւորգյան ճեմարան, դառնար բարձրաստիճան հոգեւորական եւ քարոզեր Առաքելական եկեղեցու ուսմունքը»,-ասում է Ավետիք Իշխանյանը:
Նրա ձեւակերպմամբ, Էդուարդ Շարմազանովի արտահայտած տեսակետը նշանակում է, որ պետական պաշտոնյան խտրական վերաբերմունք է ցուցաբերում մեր դասականներին, հայ ժողովրդի պատմությանը, նվաստացնում է Րաֆֆու պես հսկային, Թումանյանին, այլ մտածողություն ունեցողներին, եւ Հայաստանում պառակտում է մտցնում հայ ժողովրդի մեջ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ