Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ դասախոսներ կկորցնեն աշխատանքը». Սերոբ Խաչատրյան

Սեպտեմբեր 14,2017 16:04

Կրթության ոլորտի փորձագետները մտահոգված են, որ առաջիկայում լինելու է դասախոսների ծանրաբեռնվածության նվազում, շատ դասախոսներ կկորցնեն իրենց աշխատանքը:

«Մեդիա կենտրոնում» այս թեմայով հրավիրված քննարկմանը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ՀՀ բուհերում դիմորդների թվի անկման մի շարք պատճառներ նշեց. «Պատճառներից առաջինն անցումն է 12-ամյա կրթական համակարգի: 2016-ին դպրոցներն ընդունել են երկու առաջին դասարան, և պարզ է, որ աշակերտական թվակազմը բաժանվել էր երկու մասի` ավելի շատ եկել էին ավագ առաջին դասարան, կրտսեր առաջին դասարանը, որը հաջորդ տարի պետք է ավարտի, ավելի քիչ երեխաներ գնացին: Բայց 2020-ից շրջանավարտների թիվը շատ ավելի մեծ կլինի: Մյուս պատճառն այն է, որ ՀՀ-ում Ամերիկյան համալսարանը բացեց բակալավրիատ, ՀՀ-ում գործում են միջազգային ծրագրեր իրականացնող դպրոցներ: Երրորդ պատճառն արտագաղթն է. վերջին հինգ տարիներին 18 հազար աշակերտ է գնացել Հայաստանից»:

Պարոն Խաչատրյանը զգուշացրեց` լինելու է դասախոսների ծանրաբեռնվածության նվազում, շատերը կորցնելու են աշխատանքը: Արդեն նույն աշխատանքի դիմաց դասախոսի վարձատրությունը նվազում է:

Երևանի Վ. Բրյուսովի անվ. Լեզվահասարակագիտական համալսարանի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար և կրթության կառավարման ամբիոնի վարիչ Ռոբերտ Խաչատրյանը տեղեկացրեց, որ իրենց բուհն ընդունել է դիմորդների պլանավորված ծավալի 70 տոկոսը. «Պետք է դիտարկել նաև հեռակայում սովորող ուսանողներին: Համաձայն չեմ, որ ռիսկային է իրավիճակը դասախոսների ծանրաբեռնվածության տեսանկյունից: Յուրաքանչյուր բուհ ունի իր հաստիքային ու ոչ հաստիքային աշխատակազմը: Նվազում է ոչ հաստիքային աշխատակազմը: Չպետք է ծայրահեղացնել դասախոսների կրճատումները»:

ՀՀ ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը զգուշացրեց, թե ներկայիս 20 000 շրջանավարտի փոխարեն մյուս տարի ուղիղ կեսն ենք ունենալու` 10-11 հազար.  «Հաջորդ տարի ևս ունենալու ենք պակաս թվով ընդունելություն: Այս իրավիճակին տեղյակ են բուհերը և իրենց ռազմավարությունն ու հաշվարկները կվերանայեն»:

Անդրադառնալով դիմորդների նախասիրություններին` պարոն Սուքիասյանն ասաց, որ դիմորդների մոտ 30-32 տոկոսը հումանիտար ուղղությունն է նախընտրում, տնտեսագիտություն, կառավարում` 20-22 տոկոս, երրորդ տեղում մաթեմատիկան և տեղեկատվական տեխնոլոգիաներ են, հետո բժշկությունը: Նույն պատկերն է գրանցվում հաև եվրոպական տարածքում:

Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անապիոսյանը մտահոգություն հայտնեց, որ այսօր Հայաստանում բարձրագույն կրթությունը չի տալիս այն որակը, գիտելիքն ու հմտությունները, որի ձեռքբերումից հետո շրջանավարտը կարողանա գտնել իրեն ներքին ու արտաքին աշխատաշուկայում: Նա որպես խնդիր նշեց հետազոտական հմտությունների բացակայությունը, քննական մտածողության զարգացումը:

«Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանն էլ նշեց. «Մենք ընդհանուր մի խնդիր ունենք: Շատ ենք պարփակված մեր մեջ, և լավագույն ձեռքբերում ենք համարում համալսարանի հավաստագրումը, չնայած դա սովորական երևույթ է ցանկացած լուրջ համալսարանի համար: Այն, որ բուհերում մինչև հիմա դասախոսությունների ժամանակ ներկա-բացակա են անում, օրինակ` ամերիկացու համար զարմանալի երևույթ է: Կապշեն, երբ իմանան, որ ուսանողը վճարում է կրթություն ստանալու համար, բայց նրան ներկա են անում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930