Տավուշի մարզի ճանապարհներին, ցերեկային, թե գիշերային ժամերին երբեմն կարելի է տեսնել ճանապարհը հատող շնագայլի: Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչները հայտնում են, որ շնագայլերը գիշերները գյուղերի տարածք են մտնում, երկար, տխուր ձայներ արձակում, որոնք լաց են հիշեցնում:
Անտառներում որսը, կերը քիչ է, ինչը շնագայլերին գյուղեր է մղում: Գյուղացիները նկատել են, որ վերջին 2 տարում խիստ պակասել է աղվեսների քանակը: Շնագայլը վախկոտ կենդանի է, սակայն ոհմակով լինելու դեպքում դրանք վտանգավոր են դառնում: Հավանաբար, աղվեսները շնագայլերի ոհմակի զոհ են դառնում:
Գյուղացիներն ասում են, որ ոչխարին կամ այծին շնագայլի կծելու դեպքում վիրավոր կենդանուն բուժելու բոլոր միջոցներն իզուր են անցնում, կենդանին սատկում է:
Նախկինում հայտնել ենք, որ շնագայլը Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղում ցերեկով հարձակվել, կծել է գյուղի 51-ամյա բնակչուհու ոտքը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ