Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Գուլանյանը կոչ արեց ընտրել Հարություն Խաչատրյանին. «Իր ողջ կյանքը նվիրված է եղել կինոյին» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 14,2017 15:14

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը կողմ է փողոցների անվանափոխությանը, բայց մի պայմանով` դա պետք է չարվի հապշտապ: Այս մասին նա հայտարարեց սեպտեմբերի 14-ին «Տեսակետ» ակումբում:

Տեր-Գուլանյանը կարծում է, որ պետք է ստեղծվի համապատասխան հանձնաժողով, որը կաշխատի հասարակական հիմունքներով եւ այնտեղ ընդգրկված կլինեն Հայաստանի եւ հայոց պատմությանը տեղյակ մարդիկ: Նա դեմ է նաեւ Ծաղկաշատ, Ծաղկոտ եւ նման այլ անուններին, ասում է՝ ոչ միայն փողոցների, այլեւ մի շարք գյուղերի անուններ պետք է փոխել:

Նրա ձեւակերպմամբ, կուսակցական գործիչների արձաններն էլ կարելի է որեւէ լքված վայրում հավաքել, նրանց համար հատուկ տեղ ստեղծել: «Ես Լենինի արձանի տեղը գիտեմ, բայց չգիտեմ, թե որտեղ է Ստալինի արձանը, մյուսներինը… նույնիսկ Ազիզբեկովի արձանը պետք է դնել այդ արձանների կողքին»,-համոզված է նա:

Երկրում տիրող վիճակից եւ մասնավորապես մշակութային կյանքից գոհ է:

«Վերջերս Շուշիի ռեալական դպրոցում դիտեցի «Սասունցի Դավիթ» օպերան, եւ դա հրաշալի էր»,-ասում է մտավորականը:

Նա Կինոգործիչների միության նախագահի առաջիկայում կայանալիք ընտրություններին էլ անդրադարձավ եւ կոչ արեց ընտրել ճանաչված կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիրներից Հարություն Խաչատրյանին. «Ինքը լավ ֆիլմեր է նկարել, հեղինակություն ունի եւ իր ողջ կյանքը նվիրված է եղել կինոյին: Շրջանառվող բոլոր անունների մեջ ամենաարժանավորը Հարություն Խաչատրյանն է, կհորդորեի, որ արդար ընտրություններ լինեին, եւ եթե ուզում ենք, որ կինոմիության անունը բարձր լինի, պետք է ընտրել Հարություն Խաչատրյանին: «Ոսկե ծիրանի» միջոցով նա բոլորի հետ է շփվել ու բոլորին է ճանաչում»:

Ինչ վերաբերում է Թումանյանի թանգարանում բացված «Խավարում» ցուցադրության արգելմանը, Մերուժան Տեր-Գուլանյանը կարծում է, որ այդտեղ ուղղակի թյուրիմացություն կա, որն առաջիկայում կշտկվի:

Վարչապետի հանձնարարականով ԿԳՆ-ի ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգին ու ռուսերենի դերակատարության բարձրացմանն էլ անդրադարձ եղավ: Մերուժան Տեր-Գուլանյանն ասում է, որ քանի օր է համացանցից չի օգտվել, չի ընթերցել լուրեր, հետեւաբար տեղյակ չէ, ինչի մասին է խոսքը: Ապա հավելեց. «Գուցե դա էդպես չէ, ընդամենը երթուղային տաքսիի խոսակցություն է… Եվ ինչու միայն ռուսերենի, անգլերենի, չինարեն ու մյուս լեզուների դերակատարությունն էլ պետք է բարձրացնել»:

Մանրամասները` տեսանյութում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանուշ says:

    բայց քեզնից ո՞վ էր նման կարծիք հարցնում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930