Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի որոշ անդամների տեսակցությունների արգելանքը վերացվեց

Սեպտեմբեր 14,2017 14:54

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից 18-ի  գործով հերթական դատական նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց ամբաստանյալների պաշտպաններից Մուշեղ Շուշանյանի դեմ կիրառել սանկցիա՝ պատասխանատվության ենթարկելու մասին գրությամբ դիմելով ՀՀ փաստաբանների պալատին: Նույն սանկցիան կիրառվեց նաեւ փաստաբան Լուսինե Սահակյանի հանդեպ: Հիշեցնենք, որ այդ փաստաբանները չէին  մտել դատարան՝ պատճառաբանելով, որ դատարանի կարգադրիչներն իրենց ոչ թե զննում են, այլ խուզարկում:

Նիստերի դահլիճում ներկա պաշտպանները դատավորին հորդորեցին հարցը կարգավորել: «Ամեն անգամ նույն բանն եք ասում, նորից կրկնում եմ՝ ցանկացած  պաշտպան պետք է ենթարկվի զննության»,-հիշեցրեց Արտուշ Գաբրիելյանը:

Դատաքննությունը մտավ միջնորդությունների փուլ: Դեռեւս մոտ երկու ամիս առաջ ամբաստանյալների պաշտպանները ներկայացրել էին նրանց տեսակցությունների արգելանքը չեղարկելու մասին միջնորդություններ: Դատավորի որոշմամբ ամբաստանյալներից Հովհաննես Մարտինի Վարդանյանի, Հովհաննես Հարությունյանի, Թորոս Թորոսյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գառնիկ Հովակիմյանի, Արթուր Մելքոնյանի, Արամ Մանուկյանի, Տիգրան Գեւորգի Սարգսյանի, Վարդգես Գեւորգյանի, Մանվել Աթոյանի ընտանիքի անդամների եւ մերձավոր ազգականների հետ տեսակցությունների եւ հեռախոսազանգերի արգելանքը վերացվեց:

Քանի որ որոշ պաշտպաններ ներկա չէին, ուստի չէին կարող իրենց պաշտպանյալների առնչությամբ էլ նույն միջնորդությունն անել, նիստը հետաձգվեց եւ նշանակվեց սեպտեմբերի 28-ին,  11: 00-ին:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930