Օգոստոսի 31-ից հանրապետությունում մեկնարկել է ճանապարհային անվտանգ երթեւեկության մեկամսյակ: Գիտելիքի օրվան նվիրված այս միջոցառման ընթացքում ճանապարհային ոստիկանները թե՛ Երեւանում, թե՛ մարզերում հատկապես ուսումնական հաստատությունների տարածքներում ավելի ուժեղացված շուրջօրյա ծառայություն պետք է կատարեն, ցանկացած օրինախախտ վարորդի ավտոմեքենան էլ տեղափոխեն տուգանային հրապարակ: Արդեն 15 օր է, սակայն, ոչ մի ճանապարհային ոստիկան չի նկատում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց տանող ճանապարհի երկու կողմերի մայթերը «բռնագրաված» մեքենաները, կամ էլ նկատում են, բայց չտեսնելու են տալիս: Մայթերին ամեն օր ավտոմեքենաներ են կայանում` այնպես, որ երեխաները դպրոց գնալ-գալիս չեն կարողանում օգտվել մայթերից եւ ստիպված են լինում Չարենցի փողոցից մինչեւ վերեւում գտնվող դպրոց փողոցով քայլել: Ի դեպ, այս տարածքում տեսախցիկներ չկան, ոչ էլ մայթերին կայանելն արգելող նշաններ: Փաստորեն անվտանգ երթեւեկության մեկամսյակն էլ երեխաների անվտանգությունը չապահովեց:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
14.09.2017