Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հրահանգը եղել է նախագահականից». Արթուր Սաքունցը` «Խավարում» ցուցահանդեսի հարկադիր կասեցման մասին

Սեպտեմբեր 14,2017 15:13

«Նարինե Թուխիկյանը լավագույնս կատարել է իր մասնագիտական պարտականությունները: Ապացուցել է, որ թանգարանի տնօրենն առաջին հերթին գիտաշխատող է, հետազոտող և միայն վերջին հերթին` պաշտոնյա և չինովնիկ»,- անդրադառնալով «Խավարում» ցուցահանդեսի հարկադիր կասեցմանը` «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:

Ցուցահանդեսի կասեցումը պարոն Բաբայանը համարեց կիսատ-պռատ գրաքննություն, թեկուզ պարոն Բաբայանը կանխատեսում է, որ իրեն այս հայտարարությունից հետո շատերը հայհոյելու են, բայց դրական համարեց, որ այն փակվել է. «Այս փակումն իրականում կատարեց շատ դրական դերակատարություն. ամենակարևորը ճիշտ ախտորոշում տալն է: Կարող եմ շնորհավորել բոլորիս, որ ցուցահանդեսը փակվեց, ու նման լավ արձագանք եղավ»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը վստահեցրեց, որ քաղաքականությունն արվեստի վրա որևէ ազդեցություն չպետք է ունենա. «Մինչև ցուցահանդեսի կասեցումը նաև ստեղծագործողների վրա են հետապնդումներ եղել. հիշեք` Համլետ Դավթյանին: Կառավարող կամ իշխող քաղաքական ուժի ղեկավարը, երբ խոսում է մարշալ Բաղրամյանի հետ հանդիպման մասին, ոչ թե Նժդեհի կամ Թումանյանի, այս համատեքստում 2013-ի սեպտեմբերի 3-ը ոչ թե անակնկալ էր, այլ տրամաբանական զարգացում»:

Կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին «Խավարում» ցուցահանդեսի փակումը համարեց գրաքննություն. «Նախարարության այն պարզաբանումը, որ ցուցահանդեսը քաղաքական տարր է պարունակում և պետք է շտկվի, սա արդեն կոպիտ գրաքննություն է, միջամտություն և ներխուժում արվեստի դաշտ: Այդ տրամաբանությամբ, թե ցուցահանդեսը քաղաքական է, նշեմ, որ, օրինակ, Աբովյանում գործում է հայ-ռուսական ընկերության թանգարանը` հսկայածավալ տարածք: Սա քաղաքական չէ՞: Նորից վերադառնալով ցուցահանդեսին` ասեմ, որ միջազգային մակարդակով նման լուծումներ ունեցող ցուցահանդեսներ մատների վրա կարելի է հաշվել: Բայց 22 օր հետո փակվում է այն` անհեթեթ հիմնավորումներով»: Ըստ պարոն Արծրունու` ստեղծված իրավիճակից ելքն է` պահանջել ցուցահանդեսի վերաբացումը նույն Հովհաննես Թումանյանի թանգարանի տարածքում: Ըստ կոմպոզիտորի, եթե իշխանությունները գնան դրան, ուրեմն ողջամիտ են, հակառակ դեպքում կնշանակի, որ գործում են քաղաքական ալգորիթմով, որը դեմ է հասարակությանը:

Պարոն Սաքունցն այն վարկածն ունի, որ ցուցահանդեսի փակման հրահանգը եղել է նախագահականից և Սերժ Սարգսյանի իմացությամբ, իսկ ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստ չի եղել այդ հրահանգի վերաբերյալ մեկնաբանություններ տալ. «Չեն աշխատում որպես թիմ, այդ պատճառով էլ մարդկանց փաստի առաջ են կանգնեցրել:  Պետք էր քաղաքական այդ  հրահանգի համար հիմնավորում գտնել, բայց խելքները չի հասել, որ գոնե միասին նստեին և համաձայնեցնեն: ԱԺ-ում քաղաքականությունից խոսելու իրավունք չկա, քանի որ որոշման տեղը Բաղրամյան 26-ում է: Նույնիսկ վարչապետն է հրաժարվում քաղաքականությունից խոսել, քանի որ իրեն ընդամենը քաղաքական իրադարձությունների ժամանակ օգտագործեցին որպես տիկնիկ, կատարեց իր գործը և դրանից հետո դադարում է քաղաքականությունից խոսել»:

Ամփոփելով` պարոն Սաքունցը հայտարարեց, որ «Խավարում» ցուցանդեսի փակման պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, և նա էլ պարտավոր է այն վերաբացել: Եթե դա չարեց` հանրությունն ինքը պետք է մտածի: Արթուր Սաքունցի համոզմամբ` չի կարելի հերթական անգամ զիջումների գնալ, քանի որ մենք մաս առ մաս մեր արժեքային տիրույթը հանձնում ենք, նրանք էլ նվաճում են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` Մեդիա կենտրոնի

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930