Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները ԴԱՀԿ-ին, ոստիկանությանը առաջարկում են, որ իրենց արտաբյուջետային փողերը կիսվեն իրենց հետ

Սեպտեմբեր 14,2017 13:07

Այսօր Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում փոփոխությունների նախագիծը ԱԺ-ի քննարկմանը ներկայացրեց ֆինանսերի նախարար Վարդան Արամյանը: Նախագիծը հետաքրքիր քննարկումների տեղիք տվեց:

Արամյանն ասաց, որ դատական ակտերի հարկադիր կատարողն իր կատարած գործությունների արդյունքում ծախսեր է ունենում, գումարները արտաբյուջե են մտնում, եւ ծառայողների նյութական խրախուսման համար են օգտագործվում: Արամյանի խոսքով՝ եղել են  դեպքեր, երբ ԴԱՀԿ կատարողների կողմից վնաս է պատճառվել երրորդ կողմին: Հիմա կառավարությունն առաջարկում է ԴԱՀԿ-ի նկատմամբ ոստիկանական համակարգում գործող մեխանիզմը կիրառել, վատ աշխատանքի համար վնասի հատուցում արտաբյուջեներից տան, ոչ թե կառավարության պահուստային ֆոնդից:

«Ելքի» պատգամավոր Լենա Նազարյանը հարցրեց՝ կոնկրետ եթե մի անձի պատճառով վնաս է պատճառվել քաղաքացուն, փոխհատուցումը ընդհանուր ֆոնդի՞ց է լինում, թե՞ այդ աշխատողն է միայն պատասխան տալիս իր սխալ քայլի համար: Արամյանը պատասխանեց, որ դեռ «առաջին ռաունդն» է, հետագայում նոր կանհատականացվի, նոր կարգավորումներ կմտցնեն:

«Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան  Բոստանջյանն առաջարկեց ընդհանրապես արտաբյուջեները հանել: Նա ասաց՝ արտաբյուջետային ֆոնդը ՀՀ-ում կրիմինալ ինստիտուտ է:

Միքայել Մելքումյանը միացավ առաջարկին՝ «եկեք ազատվենք այդ արտաբյուջեներից, փորձենք առանց արտաբյուջեների ապրենք»:

Վարդան Արամյանը արձագանքեց, որ արտաբյուջեները ձեւավորվում եւ ծախսվում են ընդհանուր բյուջետային կանոններով եւ ԱԺ-ն կարող է հսկողության տակ պահել, թե ինչպես են դրանք ծախսվում: Բոլոր գնումները արտաբյուջեներից նույն ընթացակարգով են արվում, ինչ բյուջեում է:

Վարդան Բոստանջյանը քննարկման ժամանակ հիշեց Վլադիմիր Վիսոցկու երգը, որով պատմում է ոստիկանությանը, թե՝ տվեցինք մեկի մռութը ջարդեցինք, ինքը չի նեղացել մեզանից, հետո լավություն էլ արեցինք. «Հիմա արտաբյուջեն է, ասում է՝ վնաս ենք պատճառել, հետո լավություն էլ ենք արել: Ո՞նց եք դուք որոշում՝ վերականգնում եք թե չէ, կարող է մտնում եք հանցավոր կապի մեջ:

Բոստանջյանը նկատեց, որ ԱԺ-ն եւս արտաբյուջե չունի ու դա արդար չէ, թող իրենք էլ ունենան արտաբյուջետային ֆոնդ. «Եթե մենք վերահսկողություն չենք իրականացնում, որտեղից կարող է մեզ փող գալ, իրենց արտաբյուջետային միջոցների 25 տոկոսը թող տան մեզ»: Պատգամավորները բավականին աշխուժացան Բոստանջյանի առաջարկից:

ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը արձագանքեց. «Պաշտպանում եմ պարոն Բոստանջյանի առաջարկությունը եւ առաջարկում եմ դնել քվեարկության: Քանի որ ԱԺ-ն հատուկ ծառայություններ մատուցելու լիազորություններ չունի, թող իրենց արտաբյուջեներից տան մեզ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930