Հարցազրույց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի հետ
– Պարոն Ազիզյան, ԵԱՏՄ-ին միանալու Հայաստանի որոշումից անցել է 4 տարի։ Ի՞նչ արդյունքներ և ի՞նչ խնդիրներ կարող եք արձանագրել։
– Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ անդամակցությունը մոտ 2.5 տարի է։ Մենք միշտ էլ ասել ենք, որ, իհարկե, ժամանակը կարճ է, բայց բավականին աշխատանքներ են իրականացվել միասնական շուկա ձևավորելու ուղղությամբ, այդ թվում՝ գազի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտային փոխադրումների միասնական շուկաներ ձևավորելու համար։ Բոլոր ուղղություններով աշխատանքները շարունակվում են, իսկ վերջնական ձևավորման մասին կարելի կլինի խոսել 2025 թ., երբ աշխատանքներն արդեն ավարտված կլինեն։
Այս փուլում մենք ունենք առնվազն արտահանման և ներմուծման բավականին լավ ցուցանիշներ։ 2016 թ. ՀՀ-ից ԵԱՏՄ շուկա արտահանման աճը մոտ 55% է կազմել, այս տարվա 7 ամիսների տվյալներով՝ մոտ 30 % աճ։ Այսինքն՝ անցած տարի բազան բավականին մեծացել էր, և արդեն 30 % աճ արձանագրել ենք։ Կարող ենք ասել, որ մեր ապրանքները բավականին դյուրացված մեխանիզմներով գնում են այդ շուկան, որը լրացուցիչ հնարավորություններ է տալիս՝ ապրանքը վաճառել և գործունեություն իրականացնել այնտեղ։ Այսինքն՝ առևտրա¬տնտեսական ցուցանիշների մասով ունենք լուրջ արդյունքներ, և այդ տեսանկյունից կարելի է բավականին դրական գնահատել այն օգուտները, որ մեր տնտեսվարողները ստացել են իրենց ապրանքն արտահանելով ԵԱՏՄ։
Ստացված օգուտը, բնականաբար, նպաստում է, որ արտադրողները կարողանան գրավել նաև 3-րդ երկրների շուկաներ, քանի որ, եթե ԵԱՏՄ-ում «Արտադրված է Հայաստանում» բրենդը ճանաչելի է, և սպառողը շատ լավ է գնահատում մեր ապրանքի որակը, այլ շուկաներում բավականին լրացուցիչ միջոցառումներ պետք է իրականացվեն, որ կարողանանք մեր ապրանքը վաճառել։
Իսկ շուկաների դիվերսիֆիկացումը և՛ բիզնեսի, և՛ պետության համար շատ կարևոր խնդիր է։ Այդ առումով ևս գտնում ենք, որ ԵԱՏՄ շուկան մեր ապրանք արտահանողներին հնարավորություն տվեց ձևավորել եկամուտներ և աշխատանքներ իրականացնել դիվերսիֆիկացիայի ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, մեր քննարկումները ցույց են տվել, որ նաև երկրի ներդրումային գրավչությունն է բարձրացել այն տեսանկյունից, որ Հայաստանն այժմ ներդրողների կողմից դիտարկվում է ոչ թե՝ փոքր, 3 մլն-անոց շուկա, այլ մեծ՝ 180 մլն-անոց շուկա։ Եվ քանի որ ապրանքների տեղաշարժն ու ծառայությունների մատուցումն ազատականացված է, արդեն իսկ ներդրողները Հայաստանը դիտարկում են ներդրում իրականացնելու և ԵԱՏՄ շուկաներ իրեն ապրանքն արտահանելու ուղղությամբ:
– Կարո՞ղ եք նշել փաստեր, օրինակներ, ընկերություններ, որ արդեն եկել են Հայաստան հենց այդ նպատակով։
– Կան չինական ընկերություններ, որ հետաքրքրված են, մասնավորապես՝ չինական կենցաղային տեխնիկա արտադրող ընկերություններ, օրինակ՝ «Հայսենսեն», և այժմ մենք իրենց հետ քննարկում ենք այստեղ արտադրություն բացելու հնարավորությունը։ Իրենց հիմնական շուկան ոչ թե Հայաստանի, այլ ԵԱՏՄ շուկան է, նաև մտածում ենք իրանական շուկա ապրանք արտահանելու
մասին։ Վիետնամական ընկերությունների հետ քննարկում ենք թեթև արդյունաբերության գործարաններ բացելու հարցը, և նրանք նույնպես մտադիր են արտադրանքը սպառել ոչ թե Հայաստանի 3 մլն-անոց, այլ՝
ԵԱՏՄ մեծ շուկայում։ Եվրամիությունից, Արաբական Միացյալ էմիրություններից ներդրողներ կան, որոնց հիմնական խնդիրը ևս ոչ թե Հայաստանում, այլ՝ ԵԱՏՄ շուկայում ապրանք իրացնելն է։ Այդ ընկերությունները հաշվի են առնում նաև մեր երկրի գործարար միջավայրը, որ Հայաստանում ամենալավ ցուցանիշներն են ԵԱՏՄ երկրների մեջ։ Մեր ունեցած համակարգը, կառավարության կողմից տրամադրվող արտոնությունները, մաքսային և հարկային հնարավոր աջակցությունը շահագրգռող է։
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում