Հետաքրքիր է՝ իսկ ինչպե՞ս է հնարավոր եռակողմ կոալիցիային վերաբերում ՀՅԴ-ն, ով այժմ ՀՀԿ-ի հետ քաղաքական կոալիցիայի մեջ է գտնվում։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի հետ։
–Պարոն Ռուստամյան, ինչպե՞ս է ՀՅԴ-ն վերաբերում ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ հնարավոր եռակողմ կոալիցիային։
–Ես ասել եմ, որ այդպես հիպոթետիկ իրավիճակներին չեմ անդրադառնում։ Այդ խոսակցությունները մեր իրականության մեջ հաճախ այնքան են տեղի ունենում, որ բացարձակապես երբեւէ չեն դառնում իրականություն։ Եվ ուրեմն, երբ որ գա, նման իրավիճակ առաջանա, ըստ այդմ էլ մենք կքննարկենք կոնկրետ ստեղծված իրավիճակը։
–Բայց այդպիսի հայտարարություններ այժմ հնչում են կուսակցության ղեկավարի եւ ՀՀԿ մամուլի խոսնակի շուրթերով։
–Բայց ոչ մի կոնկրետ բան չի հնչում այդ նույն շուրթերից։ Ես որեւէ կոնկրետ բան չեմ լսել։ Իսկ ո՞վ կարող է ինչ-որ բան բացառել։ Եթե դու ինչ-որ մի բան բացառում ես, նշանակում է, որ դու ամեն ինչ գիտես։
–Իսկ ՀՅԴ-ն ինչպե՞ս է վերաբերում հենց ԲՀԿ-ի հետ համագործակցությանը։
–Մենք բոլորի հետ էլ այսօր պատրաստ ենք համագործակցել՝ անկախ նրանից, որ մենք կոալիցիոն համաձայնագրով գտնվում ենք կոնկրետ տեղում։ Բայց երբեք մենք մեր ծրագրերն իրականացնելու առումով չենք վարանել որեւէ մեկի հետ հարաբերություններ իրականացնել, պահպանել նորմալ կապեր։ Հիմա էլ ենք այդպես լինելու, որովհետեւ, ի վերջո, ՀՅԴ-ն գաղափարական կուսակցություն է, եւ իր ընդդիմության կամ իշխանության մեջ լինելով չի պայմանավորված իր ծրագրերի իրականացման հավատարմությունը։ Բնական է, ով տվյալ պահին ընդունի կամ աջակցի մեր մոտեցումները, մենք պատրաստ ենք նրա հետ համագործակցել՝ անկախ նրանից, թե իրենք էլ որ դաշտում են գտնվում։
–Եվ անկախ նրանից, թե ինչպիսի՞ հարաբերություններ ունեք տվյալ քաղաքական ուժի հետ։
–Մենք մեր երկրում թշնամիներ չունենք, կարող ենք ունենալ գաղափարական հակառակորդներ, որը շատ էլ նորմալ է։ Ուր է, որ մենք ունենանք այնպիսի քաղաքական դաշտ, որ հստակ բաժանված լինեն հստակ գաղափարախոսությունների, բայց այդ դաշտը չի ձեւավորվել, սակայն մենք հետեւողականորեն պայքար ենք տանելու եւ ամեն ինչ անելու ենք, որ մեր օրինակով ցույց տանք, թե դա ինչ է նշանակում։
–Եթե եռակողմ կոալիցիա լինի, ՀՅԴ-ն չի՞ խանդի։ Ի վերջո, պորտֆելների քանակը կարող է կրճատվել։
–Խանդ լինում է նրանց մոտ, ովքեր փորձում են ամուսնանալ մյուս քաղաքական ուժի հետ։ Մենք ամուսնության որեւէ ակտ չենք արձանագրել։ Մենք միշտ էլ ասել ենք, որ մեզ համար քաղաքական պորտֆելներն ու դրանց քանակը կարեւոր չէ։ Կարեւորն այն ծրագիրն է, ինչը հիմք է կազմում համագործակցության համար։
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում