Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Դե վսյո, գյուղապետերից ստացեք, գյուղացուց մի ստացեք»

Սեպտեմբեր 14,2017 12:18

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է գյուղատնտեսական ոլորտում տարբեր ծրագրերով գյուղացիներին արտոնյալ պայմաններով տրամադրվող պարարտանյութերի և սերմերի դիմաց պարտքերի հավաքագրման խնդրին:

Նա ասաց, որ խոսքը 2012-2016 թվականների ընթացքում ձևավորված պարտքի մասին է: Վարչապետը հիշեցրեց, որ դեռևս մայիսին էր հանձնարարել կազմել այն գյուղացիների ցանկը, ովքեր դեռևս պարտքեր ունեն:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը դժգոհեց, որ դիմել են Տարածքային կառավարման ու զարգացման նախարարություն և մարզպետարաններ, որպեսզի հասցեատերերի ցուցակներ ստանան: «Սակայն դեռևս հստակ չկան ցուցակները, քանի որ մարզպետարանները տրամադրում են դրանք, հետո պարզվում է, որ թերի են, նորից հետ ենք տալիս: Մինչև չլինեն անվանական ցուցակները, չենք կարող ամփոփել ու ներկայացնել կառավարություն»,- բողոքեց գյուղնախարարը:

Կարեն Կարապետյանը մարզպետներին հորդորեց մեկ ամսվա ընթացքում կազմել պարտապանների վերջնական ցուցակները և ներկայացնել տարածքային կառավարման ու զարգացման նախարարություն, որպեսզի մեկ ամսվա ընթացքում ամփոփվեն: Հանձնարարվեց նաև պարտքատերերի ցանկն ստանալուն պես համապատասխան առաջարկություն ներկայացնել պարտքերի զիջման մեխանիզմների կիրառման համար:

«Այսուհետ շատ կոշտ կարգադրությամբ գնում ենք, բոլոր միջնորդ կազմակերպություններին հանում ենք, աշխատում ենք ուղիղ հասցեատիրոջ հետ, մի անգամ պայմանավորվում ենք խաղի կանոնների մասին ու գնում ենք առաջ»,- հանձնարարեց նա:

Հետո Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին: Պետք է մաքսիմալ ուշադիր լինել այդ ցուցակների նկատմամբ: «Նախկին պրակտիկայի մեջ դեպքեր են եղել, որ ֆիկտիվ հասցեատերեր են եղել»,- ասաց նա: Դավիթ Լոքյանն արդարացավ, որ կան գյուղապետեր, ովքեր չեն բաշխել այդ սերմերն ու պարարտանյութերը:

«Տասներկու տոկոսով է պակաս ամբողջ գումարից, 12 տոկոսը այն գյուղապետերն են, ովքեր ստացել են, չեն բաշխել կամ այլ խնդիր է եղել»,- ասաց նա: Վարչապետը ճշտեց. «Այսինքն՝ 12 տոկոսը հասցե չունի՞»: Նախարարն ասաց՝ այո:

«Իսկ գյուղապետերի մեծ մասը կա՞ն»,- հարցրեց վարչապետը: Լոքյանն ասաց, որ կան:

«Դե ֆսյո, գյուղապետերից ստացեք, գյուղացուց մի ստացեք, գյուղապետերից ստացեք, եթե հասցեատիրոջը չի հասել, ինչո՞ւմն է խնդիրը: Եվ նայեք, որպեսզի նկարչություն չլինի»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930