Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԺ-ում առաջարկ եղավ` ՌԴ-ին դատի տալ ՄԻԵԴ-ում. Եգանյանը դեմ է՝ հայերը քրեական պատմությունների մեջ են ընկել, ՌԴ-ն պատժում է

Սեպտեմբեր 14,2017 12:14

Այսօր, ինչպես տեղեկացրել ենք ԱԺ-ում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանից հետաքրքրվեց Ռուսաստանից արտաքսված քաղաքացիների մասին: Եգանյանն ասաց, որ իրենք դիմում են ՌԴ եւ խնդրում են մեղմացնել պատժամիջոցները հայերի նկատմամբ:

«Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը Եգանյանին հարցրեց՝ «ՀՀ-ն չի՞ պատրաստվում Եվրոպական դատարանում վիճարկել այս հարցը, որովհետեւ, ըստ էության, մարդու ազատ կյանքի խաթարում է տեղի ունենում,ազատ տեղաշարժվելու իրավունքի ոտնահարում՝ այն պարագայում, երբ ԵԱՏՄ-ում առնվազն աշխատուժի ազատ տեղաշարժի հարցը պետք է երաշխավորված լինի»:

Եգանյանը պատասխանեց. «Սա յուրաքանչյուր պետության ինքնիշխանության իրավունքի հարցն է, ընդունված քաղաքականություն է եւ պրակտիկա: Ամեն երկիր ինքն է իր խնդիրներից ելնելով՝ որոշում ինչպիսի պայմաններ սահմանի օտարերկրացիների մուտքի, բնակվելու հարցում: ՌԴ-ում վերջին 5-6 տարիներին բավականին աղմկահարույց քրեական պատմություններ եղան, որի առանցքում օտարերկրացիներն էին գտնվում, ինչու չէ՝ նաեւ հայերը: Դա ստիպեց իրենց, որ հակամիգրացիոն քաղաքականություն իրականացնեն»:

Ըստ Գորգիսյանի, ՌԴ-ն պարտավոր է մարդու իրավունքները չխախտել. «Եթե դիմում եք գրում, բավարարվում է, ստացվում է, որ կան հիմքեր, որ մարդուն ներս թողնեն: Սա նվաստացուցիչ է, որ ամեն քաղաքացու համար դուք պետք է գնաք խնդրեք: ՄԻԵԴ-ը, կարծում եմ, ճիշտ հարթակ է»:

Եգանյանը պատասխանեց, որ ՌԴ-ն իր օրենսդրությունը ծառայեցնում է՝ իր առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար: Ինքն իր համար կարգ է սահմանել՝ կարգազանց օտարերկրացիները չպետք է իրենց երկիր մուտք գործեն: Միջամտելը, ըստ Եգանյանի, ճիշտ չէ:

 

Հռիփսիեմ ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930