Կառավարության այսօրվա նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետը հանձնարարականներ տվեց: Շինարարական աշխատանքների թույլտվությունները կամ մերժումները տալիս, ըստ վարչապետի, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է հաշվի առնեն նաեւ եղանակային պայմանները: Արդյունքում՝ հատկապես հանրային ծառայության ոլորտի կազմակերպությունները, չնայած շինարարական աշխատանքները կատարելու անհրաժեշտությանը ձմեռային պայմաններում, հաճախակի զրկված են լինում աշխատանքները կատարելու հնարավորությունից, քանի որ դրանց, որպես կանոն, չի տրամադրվում համապատասխան շինթույլտվություն:
«Ստեղծված իրավիճակը հիմնականում պայմանավորված է շինարարական աշխատանքներին ըստ եղանակային պայմանների ներկայացվող նորմատիվային պահանջների և հստակ պայմանների բացակայությամբ: Դա նաև պայմանավորված է համապատասխան շինարարական թույլտվությունների տրամադրման լայն հայեցողական լիազորությամբ: Ելնելով վերոնշյալից, հանձնարարում եմ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ մշակել և ներկայացնել շինարարական աշխատանքներն ըստ եղանակային պայմանների կազմակերպելու, դրանց ներկայացվող պահանջների ու պայմանների ապահովման վերաբերյալ նախագիծ: Տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ ուսումնասիրել, ըստ անհրաժեշտության ևս ներկայացնել իրավական ակտի նախագիծ՝ շինարարական աշխատանքների կատարման համար՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համապատասխան թույլտվությունների տրամադրման հայեցողական լիազորությունների սահմանափակման և գործնականում բացառապես եղանակային պայմաններից ելնելով՝ մերժման դեպքերը բացառելու նպատակով»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ կարծում է՝ հանձնարարականի պատճառը պարզ է:
«Մասնավորապես, մենք վերջերս հանդիպել ենք ենթակառուցվածքների ղեկավարների հետ, որոնք ասում են՝ ձմեռը թույլտվություններ չեն տրամադրում, կուտակվում է, բիզնես դուինգի ցուցանիշներ և այլն: Եվ ընդհանրապես մենք ունենք ստերեոտիպ, որ ձմռանը աշխատել, շինարարություն անել չի կարելի: Հյուսիսային երկրները ո՞նց են անում, այդ փորձն ուսումնասիրում եք, որպեսզի շինարարության տեմպը չգցենք»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ