Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ահազանգերից հետո Լոռու մարզպետարանը 4 անչափահաս երեխա ունեցող միայնակ մորը կացարան և սոցիալական աջակցություն է տրամադրել

Սեպտեմբեր 14,2017 10:27

Վանաձորի «Աղբի գարաժներ» կոչվող տարածքի փայտե տնակում բնակվող Մարիամ Կարապետյանի ու նրա անչափահաս երեխաների կենցաղային ծայրահեղ պայմաններին ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անդրադարձել է դեռևս անցած տարվա սեպտեմբերին, երբ տեղեկություն էր տարածվել նրա 4-ամյա դստեր՝ Ռոզայի մահվան մասին: 2016 թ. օգոստոսի 31-ին իրենց փայտաշեն տնակում երեխան այրվածքներ էր ստացել, և բժշկական որևէ օգնություն չստանալով՝ օրեր անց մահացել էր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխայի մահը մոր անփույթ վերաբերմունքի հետևանք է և որ նրա խնամքին ևս 3 անչափահաս երեխա կա՝ 2016 թ. սեպտեմբերի 10-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին՝ ընտանիքի խնդիրները վեր հանելու և կանխելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ ուսումնասիրություն կատարելու, իրենց աշխատանքում թերացած պատասխանատու մարմինների աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու և 3 անչափահաս երեխաների խնամակալության հարցը լուծելու հարցով:

Ահազանգից օրեր անց՝ 2016 թ. սեպտեմբերի 22-ին, Վանաձորի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովը քննարկել էր հարցը և որոշել Մարիամ Կարապետյանի 3 անչափահաս երեխաներին ժամանակավորապես տեղավորել Վանաձորի մանկատանը: Ինչ վերաբերում է պատասխանատու մարմինների աշխատակիցների գործողություններին, ապա հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ նրանք գործել են իրենց լիազորությունների շրջանակում: Նշենք, որ Մարիամ Կարապետյանը միայնակ մայր է, իսկ նրա երեխաների կենսաբանական հայրը ազատազրկված է: Այս տարվա օգոստոսի 18-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կրկին ահազանգ է ստացել այդ ընտանիքի վերաբերյալ: Կազմակերպության աշխատակիցը ահազանգի հետքերով այցելել էր նրանց բնակության վայր և արձանագրել, որ Մարիամ Կարապետյանն այնտեղ ապրում է 2017 թ. օգոստոսի 1-ին ծնված իր նորածին դստեր և մոր հետ: Չնայած Մարիամ Կարապետյանի պնդումներին, թե երեխան առողջական խնդիրներ չունի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցը երեխայի այտերի վրա ցան էր նկատել, իսկ տնակը, որտեղ նրանք բնակվում են, ինչպես և նախկինում, անմխիթար վիճակում է եղել՝ առանց սանիտարահիգիենիկ տարրական պայմանների: 2017 թ. օգոստոսի 22-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կրկին դիմել է Լոռու մարզպետարան՝ համապատասխան ուսումնասիրություն կատարելու և նորածին երեխայի խնամակալության հարցը ևս որոշելու հարցով:

Վանաձորի քաղաքապետ Մ. Ասլանյանի պատասխան գրությունից տեղեկանում ենք, որ երեխաներին մանկատուն տեղափոխելուց հետո Վանաձորի խնամակալության և հոգաբարձության մարմինը նաև դատարան է դիմել Մարիամ Կարապետյանին ծնողական իրավունքներից զրկելու հարցով, սակայն դատարանը մերժել է հայցը: Վանաձորի քաղաքապետարանից հայտնում են նաև, որ Մարիամ Կարապետյանի՝ մանկատանը բնակվող երեխաներին առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ տրամադրելու հիմքերը վերացել են. նրանք այլևս չեն կարող գտնվել մանկատանը: Մարիամ Կարապետյանին և նրա 4 երեխաներին սենյակ է հատկացվել հանրակացարանում, ընտանիքը գտնվում է Սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժնի հսկողության ներքո, իսկ նորածին երեխայի առողջության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Լոռու մարզպետարանի առողջապահության բաժինը: ՀՀ Լոռու մարզպետարանից էլ հավելել են, որ թաղամասն սպասարկող համաբուժարանին հանձնարարել են պարբերաբար այցելել և ստուգել երեխայի վիճակը: Մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատակիցներն այցելել են նրանց, ուսումնասիրել խնդիրը և տրամադրել մասնագիտական խորհրդատվություն: Ինչպես նաև աշխատանքներ են տարվում ընտանիքի նպաստի վերականգնման ուղղությամբ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930