Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը ամսական կազմում է 1 մլն դոլար»

Սեպտեմբեր 14,2017 15:00

Ասում է «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը

Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը օրերս հրավիրած ասուլիսում դժգոհել էր ավագանիում ստեղծված մթնոլորտից: «Չէր աշխատում միկրոֆոնը, խլացուցիչներ են տեղադրված, հնարավոր է՝ բոյկոտենք նիստը»,- ասել էր տիկին Փոստանջյանը:

Մենք նրան հարցրինք՝ նախընտրական քարոզչության ընթացքում Դուք խոստացել էիք քաղաքապետ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածել, հիմա կարո՞ղ ենք ասել, որ նա է ձեր եւ «Երկիր ծիրանիի» կյանքը ավագանիում դժոխքի վերածում: Փոստանջյանը պատասխանեց. «Գավառական, գյուղական համայնք է, եւ այնտեղ նստած մի գյուղապետ է, որը չգիտի ընդհանրապես, թե ինչպես պետք է շփվի քաղաքացիների հետ, ինչպես պետք է շփվի ավագանու անդամների հետ: Ավագանու անդամին նա կարող է ասել՝ աղջիկ ջան եւ այլն, այդպիսի որակների հետ մենք գործ ունենք: Հասկանալի է, որ մենք չենք իջնելու իր մակարդակին եւ իր լեզվով իր հետ խոսենք: Մենք խոսելու ենք այլ լեզվով, իսկ այլ լեզուն հետեւյալն է՝ Տարոն Մարգարյանն այսօր ապրում է մեր հանրային միջոցների հաշվին: Այն միջոցները, որ հիմա գտնվում են նրա ենթակայության տակ, մենք բոլորը վերադարձնելու ենք հանրությանը եւ այդպես ենք մենք նրա կյանքը դժոխքի վերածելու»:

«Երկիր ծիրանի» խմբակցությունը նիստ էր հրավիրել եւ որոշել, որ պետք է հարցում անի ու պարզի, թե ինչ կոմունալ վճարումներ, ինչ ծախսեր են կատարվել քաղաքապետարանի բյուջեից: Մեր հարցին՝ ի՞նչ պարզեցիք այդ հարցման միջոցով, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Բավականին հսկայածավալ են քաղաքապետարանի ծախսերը: Հարուստ բյուջե ունի քաղաքապետարանը, եւ այն օգտագործվում է ոչ թե մեր քաղաքացիներին ի նպաստ, այլ որոշ մարդկանց: Նրանց աշխատավարձերը եթե տեսնեք, կհասկանաք, որ այդքան ուռճացված աշխատակազմ մեզ բացարձակ պետք չէ: Մենք այցելեցինք նաեւ 12 վարչական շրջաններ, նույն պատկերը վարչական շրջաններում է: Այստեղ նույնպես պետք է կրճատում արվի վարչական ապարատում: Տարոն Մարգարյանն ունի հանրային պահպանության ծառայություն, որը չես հասկանում, թե ինչ գործառույթ է իրականացնում: Պարզ չէ՝ դա անվտանգություն է, ինչ է, առանձին ոստիկաններ նստած են երկրորդ հարկում, դա նույնպես խոսում է գավառական ինչ-որ վարքագծի մասին:

Ոստիկանությունն ինչու պետք է ծառայություն իրականացնի քաղաքապետարանի երկրորդ հարկում: Ասում են՝ հատուկ ենք այս ծառայությունն իրականացնում, որպեսզի քաղաքապետին քաղաքացիները չդիմեն: Քաղաքապետարանի լույսերն անտեղի վառելը երեւի ամենաչնչինն է վատնումների մեջ: Նորից կոնյակներ են գնել եւ ասում են՝ մենք իրավունք ունենք մեզ թույլ տալ այսպիսի ծախսեր: Մենք այս ընթացքում հարյուրից ավելի բողոք ենք ստացել քաղաքացիներից, հիմնական բողոքը սոցիալական խնդրի վերաբերյալ է: Մենք ունենք քաղաքացիներ, որոնք սոցիալապես ահավոր խոցելի վիճակում են գտնվում, հետեւաբար այս պարագայում, երբ դու միլիոնավոր դոլարի ծախսեր ես կատարում, անընդունելի է: Միայն 1 մլն դոլար ամսական կազմում է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը, չեմ ասում այն կազմակերպություններինը, որոնք քաղաքապետարանին կից են գործում: 1 մլն դոլար, դուք պատկերացնո՞ւմ եք»:

Մենք հետաքրքրվեցինք՝ ԱԺ «Ելք» խմբակցությունը ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց է սկսում, հաշվի առնելով, որ դա ձեր գաղափարախոսությանը մոտ է, հնարավո՞ր է, որ դուք որեւէ կերպ աջակցեք «Ելքին» այս հարցում: Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Մենք գործընկերներ չունենք ընդդիմադիր դաշտում: Մեր ծրագիրը, մեր գաղափարախոսությունը եւ մեր սկզբունքները չեն համընկնում ձեր թվարկած այդ քաղաքական միավորի հետ: Մենք չգիտենք՝ իրենք ինչ են ուզում, ձեր ասած մարդկանցից ես որեւէ լուրջ նախաձեռնություն դեռ չեմ տեսել, ավելին ասեմ՝ նրանցից ոմանք կողմ են քվեարկել ԵՏՄ-ից բխող փաստաթղթերին»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

13.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930