Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կիսվելը թող ուրիշների հետ մտածեն, ես դրանից շատ հեռու եմ»

Սեպտեմբեր 14,2017 14:30

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովում օրերս քննարկվեց մի նախագիծ, որով կառավարությունն առաջարկում էր խստացնել ապօրինի շինությունների համար տուգանքը:

Հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը, դիմելով հանձնաժողովի անդամ Վարդան Ղուկասյանին, հարցրեց՝ «Ա՛յ, պարո՛ն Ղուկասյան, դուք քաղաքապետ եք եղել, Գյումրիում ապօրինի շինարարության դեմ ի՞նչ էիք անում, ո՞նց էիք աշխատում»: Իսկ երբ Վարդան Ղուկասյանը սկսեց պատասխանել, թե ինչ քայլեր է ինքն արել, նիստին մասնակցող Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը չդիմացավ եւ տեղից միջամտեց. «Էդպես մի հարցրեք իրեն, հարցրեք՝ քանի՞սն են քեզ հետ կիսվել»:

«Առավոտը» Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեց՝ չե՞ք ասի՝ ձեզ հետ որքա՞ն են կիսվել ապօրինի շինությունների հարցով, երբ քաղաքապետ էիք: Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ես կիսվել ասելով՝ չեմ հասկանում դա ինչ է: Եթե ինքը այլ բան նկատի ունի, հավանական է՝ ավելի շատ ուրիշների հետ են կիսվել, քան ինձ հետ: Դրա համար էլ ես ինչքան մասնակցում եմ տեղական ինքնակառավարման ընտրություններին Գյումրիում, իմ ձայներն ավելի ավելանում են, քան նվազում: Կիսվելը թող ուրիշների հետ մտածեն, ես դրանից շատ հեռու եմ, աղջիկ ջան»:

Իր խոսքում Վարդան Ղուկասյանը մի քանի անգամ նշեց՝ «ես ֆերմեր եմ», ուստի մենք ճշտեցինք՝ այսինքն՝ Դուք ձեռնարկատիրական գործունեությա՞մբ եք զբաղվում՝ պատգամավոր լինելով, նա պատասխանեց. «Ֆերմեր լինելով՝ դա չի նշանակում, որ ես էս պահով ամբողջությամբ այդ ֆերմայի հետ եմ աշխատում: Ինձ հետ կան տղա, եղբայրներ, ընկերներ, որոնք էդտեղ աշխատում են, եւ ես էսօր չէ, որ ֆերմեր եմ: Ես 94 թվականից ֆերմերությամբ զբաղվում եմ եւ Խորհրդային միության ժամանակահատվածից էլ: Էդ գործին շատ տեղյակ եմ»:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ օրենք չե՞ք խախտում, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ձեր ուշք ու միտքը օրենք խախտե՞լն է: Թող մարդիկ ֆերմերությամբ զբաղվեն, անասուն ունենան, սեփականատեր լինեն, ի՞նչ է պատահել»:

 

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

13.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930