Լրահոս
Օրվա լրահոսը

«Mea Culpa»-ն էլ մեր լավ կյանքի պատկերը չէ»

Սեպտեմբեր 14,2017 13:30

Հարցազրույց Վահրամ Սահակյանի սցենարով «Mea Culpa» կատակերգության բեմադրիչ,
«Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի գեղարվեստական
ղեկավար Արթուր Սահակյանի հետ:

– Սեպտեմբերի 26-ին «Mea Culpa»-ի 15-ամյակն է եւ այն կրկին կներկայացվի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում: Վերջին շրջանում խոսում են, թե այս բեմադրությունն ամենաերկարակյացն է, մինչդեռ Ազգային օպերային թատրոնի «Անուշ» ներկայացումը բեմում է 1933 թվականից…

– «Mea Culpa»-ն միանշանակ երկարակյաց է եւ գոնե մենք այն չենք համեմատում այլ բեմադրությունների հետ, օրինակ՝ ձեր նշած «Անուշի»: Վերջինս մեր հայկական դասական օպերայի նմուշ է ու խաղացանկային ներկայացում: Ի դեպ, «Անուշը» այս տարիների ընթացքում տարբեր բեմադրություններ է ունեցել: Կրկնում եմ՝ դա պետական թատրոնի ներկայացում է, մերը՝ մասնավոր: Մեր բեմադրության երկարակեցությունը պայմանավորված է նրանով, որ բարձրացված որեւէ հարցի այդպես էլ վերջնական լուծում չի տրվում… Մերը հրապարակախոսական թատրոնի ներկայացում է եւ եթե չունենանք հանդիսատես, բնականաբար՝ չենք էլ խաղա: Ի դեպ, վարձում ենք ամեն ինչ՝ սկսած դահլիճից մինչեւ դերասաններին հոնորարներ եւ այլն:

– Այսինքն՝ «Սիրով ապագայից» կամ «Mea Culpa-2»-ին կհաջորդի երրո՞րդը:

– Աստված մի արասցե: Մենք պետք է փոխվենք, մեր ժողովուրդը պետք է փոխվի: Մյուս կողմից՝ այսօր երիտասարդ ու պատերազմող մեր երկիրը յուրաքանչյուր բնագավառում թռիչքների, տաղանդների կարիք ունի: Ամեն ինչ պայմանավորված է հայրենիքի հանդեպ սիրով եւ գիտակցությամբ: Հայի համար մյուս բոլոր վայրերը ժամանակավոր հանրակացարաններ են: Այնպես որ, ունենք երկիր, կրկնում եմ՝ որ պետք է սիրենք, պաշտենք ու ծաղկեցնենք: Խոսքս վերաբերում է Հայաստան երկրին, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետությանը: Ի՞նչ իմանանք, գուցե վաղը կարող են փոխվել օրհներգը, դրոշը, զինանշանը… Կարեւորը Հայաստան գաղափարն է, որը մեր սիրո կարիքն ունի: Անդրադառնալով «Mea Culpa»-ին՝ ասեմ, որ 15 տարի առաջ մենք ենթադրում էինք, որ լավագույն դեպքում մի քանի անգամ կխաղանք ու վերջ…

– Այսինքն՝ ձեր թիմն է՞լ է զարմացած, որ տարիներ շարունակ ապրում է այս բեմադրությունը:

– Մեր թիմը վաղուց է զարմացած… «Mea Culpa»-ն թատերարվեստի այն տեսակն է, որ առաջանում է ինչ-ինչ իրադարձություններից, բարձրաձայնում, հնչեցնում ամեն ինչ ու մնում հնչեղ՝ մինչեւ այդ ամենը շտկվի: Օրինակ, մոռացվի 90-ականների սովը եւ այլն: Նշեմ, որ 2010-ին այդ թեմայով մեր թիմը բեմադրեց «Ժանգոտ բանալին», որտեղ խոսվում է գունավոր հեղափոխությունների, սովի, ցրտի… մասին: Այս ներկայացումը շատ կարճ կյանք ունեցավ, խաղացվեց ընդամենը 10 անգամ, որովհետեւ հանդիսատեսը չէր ուզում հիշել այն տարիները:

– «Mea Culpa»-ն էլ մեր լավ կյանքի պատկերը չէ: Մի առիթով Վահրամ Սահակյանն ասել էր, թե բեմում ծառայող գործողությունները ապագայում են տեղի ունենում, բայց ասելիքի խորքում ներկա հոգսերն են, բացթողումներն ու մեղքերը, որոնք այնքա՜ն շատ են: Այսինքն՝ հանդիսատեսը իրեն կարող է տեսնել այնտեղ, բայց միաժամանակ չի ուզում տեսնել:

– «Mea Culpa»-ի ասելիքը՝ համեմատ «Ժանգոտ բանալիի», ավելի խորքային է. պրոբլեմներ ու կրկին պրոբլեմներ: Կարճ ասած՝ մեր մեղքի մասին: Կամ այն մասին, ինչը մենք ենք թույլատրել եւ թույլ ենք տալիս մինչ օրս:

– Ուզում եք ասել մենք չե՞նք փոխվել:

– Ոչ, փաստորեն չենք փոխվել: Փոխվել է միայն այն, որ կանաչ լույսի տակով այլեւս չենք անցնում…

– Տարիների ընթացքում «Mea Culpa»-ում հնչած որոշ արտահայտություններ դարձել են թեւավոր խոսքեր, օրինակ՝ իրարից եք փախչում ու ձեր երկրից եք փախչում: Դուք փախած ժողովուրդ եք: Կամ՝ ապրում եք անցյալով եւ այդ անցյալի կեղտն էլ քսում եք ապագային: Մեկ ուրիշ արտահայտություն՝ երկու հայ կան ու գալու են՝ Ահեղ Ատյանը եւ Հուր Հավիտյանը, որովհետեւ ուզում եք ամեն ինչ ծախեք, դնեք բերաններդ: Մեկ այլ արտահայտություն էլ հիշեցնենք՝ ես գոնե գիրք եմ գրել՝ «Մայ Կամպֆ». ձեր գրած գիրքը ի՞նչ պիտի լինի… երեւի «Մայ Կայֆ»…

– Շնորհակալ եմ: Տարիներ շարունակ ոչ միայն լեփ-լեցուն դահլիճներն, այլեւ դուք ներկայացումներից մեջբերումներով փաստեցիք «Mea Culpa»-ի երկարակեցությունը: Մեր իրականությունում առաջին անգամ այս ներկայացումը կխաղանք նոր ձեւաչափով: Այսպես՝ սեպտեմբերի 19-ին կխաղանք «Mea Culpa-1»-ը, 20-ին՝ «Mea Culpa-2»-ը, 26-ին՝ առաջինը, 27-ին՝ երկրորդը:

 

Զրուցեց
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ»

13.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930