Ֆրիդրիխ Մեծ. «Ականավոր մտածողները
կանգնած են պետության ղեկավարին համահավասար»
Մենք կորցրել ենք Արվեստի միջավայրը, նրա ակուստիկան: Միջոցառումները չեն կարող ստեղծել այն միջավայրը, որը կարող ենք անվանել Արվեստ: Ընդհանրապես, հասարակության մակերեսային ձգտումները բավարարելու կիրքը պետք է վտարել դիրիժորների ուղեղից, դասական երաժշտության կոլեկտիվների հոգեբանությունից, երկացանկից: Այսօր մեր երաժշտական կյանքը նման է բորսայի: Իրական արժեքներն ընկնում են, անարժեքը սկսում է բարձրանալ: Ուստի անհրաժեշտ է տեղ բացել այն արվեստագետների համար, ովքեր կարող են ստեղծել եւ կազմակերպել ճշմարիտ Արվեստ եւ ոչ թե կասկածելի եւ պատճենահանված «արվեստ», կասկածելի «արվեստագետների» ամենօրյա «արվեստ»: Արվեստը ամբիոն է:
Նախ պետք է հստակեցնենք՝ ո՞վ է արվեստագետը եւ որն է արվեստագետի դերը հասարակության մեջ, բարձրացնենք նրա հեղինակությունը, իբրեւ բարձր բարոյականություն կրող քաղաքացու, ով կարող է նպաստել հասարակական կառույցները արդյունավետ կազմակերպելու գործին: Արվեստագետը նույնպես քաղաքացի է եւ նրա նկատմամբ՝ սիրելի, ոչ սիրելի, համակրելի, ոչ համակրելի լինելու հարց չպետք է ծագի: Ճիշտ են այն ղեկավարները, որոնք արհամարhանքով են վերաբերվում խամաճիկ-գովերգողներին, փուչ կեցվածք ունեցողներին եւ տեղ են տալիս նրանց, ովքեր բարեկամաբար դառն բաներ են ասում, վիճակը լավացնելու անկեղծ մտահոգությամբ: Ֆրիդրիխ Մեծն ասում էր՝ «ականավոր մտածողները կանգնած են պետության ղեկավարին համահավասար» եւ վարվում այդ կերպ: Նա Վոլտերի պաշտամունքն ուներ: Նույնը՝ Արեւ արքան` Լյուդովիկոս XIV-ը, նույնը՝ Լուդվիգ II Բավարացին եւ մի շարք այլ միապետներ: Բոլորս էլ հասկանում ենք, որ ճշմարիտ խոսքը դառն է լինում, բայց հետեւանքը՝ քաղցր: Ոչ ոք չի սիրում երեսին ասված դառը ճշմարտությունը: Պետք է հասկանալ, որ արվեստագետը իր ներաշխարհով չի կարող իդեալական քաղաքացի լինել: Նա՝ հոգեւոր առումով, իր ասպարեզում օպոզիցիոներ է, մշտապես անհանգիստ է, փնտրումների մեջ է: Իբրեւ զգացող եւ մտածող, նյարդային սուր եւ նուրբ զգացողությամբ օժտված էակ, նա հասկանում է, որ անհրաժեշտ են փոփոխություններ, որոնք ավելի լիարժեք ու բովանդակալից կդարձնեն ասպարեզը, կյանքը, մեր ապրած ժամանակը: Սրանում քաղաքական հարց չկա, խոսքը հոգեւորի եւ օգտակար լինելու մասին է: Նրա տեսակն է այդպիսին:
Ուստի պետք է լսել նրան ու տեղ տալ: Ճշմարիտ արվեստագետը շատ խոցելի է, նրա ստեղծագործական կյանքը հեշտ չի ընթանում: Նրա ոչ ստանդարտ, անսովոր մտածելակերպն ու արտասովոր հայացքները նրան դարձնում են դժվար ընկալելի, բայց դա պատճառ չպետք է դառնա, որ նրան տեղ չտան ու նրա մտահղացումները չիրագործվեն: XVII դարի հետադիմական եպիսկոպոս Բոսյուեի խոսքերը թե՝ «հերետիկոս է նա, ով իր կարծիքն ունի եւ ղեկավարվում է իր մտքերով ու անձնական զգացմունքներով», չի կարող տեղ գտնել XXI դարի իրականության մեջ: Յուրաքանչյուր ազնիվ, ճշմարիտ Արվեստագետի ճակատագիրը թանկ է հենց նրա եզակիության եւ ինքնատիպության շնորհիվ: Եվ մենք չպետք է մնանք անտարբեր, երբ նրա հետ վարվում են անարդար՝ չնկատելու տալով, լռության մատնելով նրա գոյությունն իսկ: Անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունենք իր անձի նկատմամբ, պետք է կանգնենք նրա կողքին եւ պաշտպանենք նրան թե՛ մասնագիտական, թե՛ հասարակական առումով: Յուրաքանչյուր Արվեստագետ շատ լավ պիտի գիտակցի, որ իր հետ նույնպես կարող են վարվել անարդարացի, իր ասպարեզի այս կամ այն կլանին չպատկանելու կամ վերջինիս գովերգողների շայկայում չլինելու պատճառով: Եթե մարդու «թերությունը» նրա անսովոր լինելն է, իր ուժեղ անհատականությունը, պետք է քաջություն ունենալ նրան ընդունել այնպես, ինչպիսին կա: Մարդու բարձրագույն հատկանիշը նրա անհատականությունն է: Յուրահատուկ, ցայտուն մտքերով օժտված, բարձր բարոյականություն կրող մարդկանց հետ հարաբերվելը օգտակար կլինի բոլորի համար եւ բոլոր ոլորտներում: Դա հիանալի ինտելեկտուալ լիցք է հաղորդում:
Չեմ կարծում, թե մենք «մտավոր ֆեոդալիզմի» դարաշրջանում ենք ապրում, ինչպես կարծում է, հավանաբար, իրեն մտավորական համարող երաժիշտների, ընդհանրապես արվեստագետների մի խումբ եւ ծառայում ասպարեզի օջախների, որոշ պետական հիմնարկների ղեկավարներին որպես «մտավոր լակեյ»: Երբ փլուզվում է բարոյական հայացքների համակարգը, շատերն սկսում են ծախվել, ընկերներին դավաճանել, հոգեւորն անտեսել: Շատ դժվար է հասկանալ այդ տեսակին, նաեւ հարմարվելու, ամեն կերպ դուր գալու, վախկոտության հասնող շրջահայացությամբ, շողոքորթելու եւ այլ կապիտուլյանտական «շնորհներով» աչքի ընկնող արվեստագետներին, որոնք ապրում են ինչպես բնութագրում է ռուսական ասացվածքը՝ «ՎՏÿ ւՈՑՈ ր ՍՐՈþ» սկզբունքով: Որ ոլորտից էլ նրանք լինեն` կոմպոզիտորական, կատարողական, լրագրողական, վարչական, արվեստի այլ բնագավառների, պիտի հասկանան, որ արվեստագետների եւ արվեստասերների հասարակության գիտակցող ու հասկացող հատվածը իրենց «քվե» չի տալիս ու չի տալու, դատափետում է եւ դատափետելու է: Նրանք հարմարվում են շահի, անխռով կյանք վարելու՝ բարոյական մարդու համար սպանիչ հոգեբանությամբ: Վատը գովերգող, այդ վատի վատ ձեռնարկումներին մասնակցող մարդիկ, սրանց մեջ՝ նաեւ անտարբերները, բարոյազուրկ են եւ մտավորական առողջ խավի մեջ սրանց մասին խոսում են, որպես մարդկանց, որոնց ճակատին խարան կա, այնպիսին, ինչպիսին անցյալում խարանում էին որոշ կատեգորիայի կանանց: Այդպիսիք ջլատում են հասարակության ուժերը: Ուստի բոլորս՝ նաեւ իշխանությունները, պետք է համառորեն պայքարենք բարոյազրկության, ազգակործան հարմարվողականության դեմ: Չեզոք դիրք գրավելը վատթարագույն ու վտանգավոր պահվածք է:
Մեր ստեղծագործական եւ կատարողական արվեստի, դասական համերգային գործունեության մակարդակի բարձրացման համար պետք է այնպիսի կառույց, որը թելադրում է մե՛ր կացությունը, մե՛ր կարողությունների, հնարավորությունների համակարգում: Համագործակցելու ունակությունը մեր մեջ ամուր չէ, շատ քչերին է դա հատուկ, ուստի մեր պետական-երաժշտական կառույցները պետք է լինեն այնպիսին, որ բացառեն չհամագործակցելու հնարավորությունը: Մինչեւ մենք չփոխենք մեր արվեստի ներքին կյանքը, արմատախիլ չանենք ճշմարիտ ու արդար գեղարվեստական կյանքի կառուցման ճանապարհին հանդիպող, առաջընթացին խանգարող տատասկը, չենք ունենա իրական արժեքներով լի երաժշտական կյանք, որտեղ, բոլոր օղակներում գործի ղեկին կանգնած կլինեն պրոֆեսիոնալ, հայրենասեր մարդիկ: Սա է երաշխիքը: Փոխել կառույցը ներքուստ: Եթե սա չփոխվեց, ապա, միեւնույն է, թե ով է նախարարը, ովքեր են գեղարվեստական օջախների, բուհական հաստատությունների ղեկավարները: Նրանք բոլորն էլ պիտի լինեն կառույցի մեջ եւ կառո՛ւյցն է թելադրելու նրանց գործողությունները:
Արվեստի, կրթության, երաժշտական կյանքի հարցերով զբաղվող պետական կառույցները, նրանց ղեկավարները, մտավորականության յուրաքանչյուր ճշմարիտ ներկայացուցիչ պետք է հասկանան իրենց մասնակցության կարեւորությունը բոլոր տեսակի խոչընդոտները հաղթահարելու գործում եւ դրանով իսկ օգնելու մեր հասարակության առաջ շարժվելուն: Ռուբեն Զարյանի հետ ունեցած իմ բազմաթիվ զրույցներում` ուսանելի զրույցներում, նա միշտ ասում էր՝ մեր հասարակության մեջ միշտ էլ եղել է մարդկանց այն տեսակը, ովքեր դարձել են հասարակության հենարանը: Ինքը նրանցից մեկն էր: Այսօր նրանք կա՞ն: Ունե՞նք այսօր համազգային բարոյական հեղինակություն, որը կրում է մշակույթի հոգսերը եւ հրապարակավ խոսում այդ մասին: Այսօր մարդկանց ո՞ր տեսակն է մշակույթի եւ մշակութային հասարակության բարոյական նեցուկը: Ո՞վ է այսօր մեր մշակույթի գլխավոր ինտելիգենտը: Այդպիսիք, համոզված եմ, կան, մի քանիսին ճանաչում եմ անձամբ: Եվ հենց այդ «ուժեղ քչերն են», որ կոչված են առաջնորդելու մեր մշակութային հասարակությանը եւ նրան «ոգեկոչելով՝ ղեկավարելու»:
ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
դիրիժոր
«Առավոտ»
13.09.2017