Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դպրոցի բուֆետը` նախասրահում. ծնողների մի մասը դժգոհում է, մյուս մասը խնդիր չի տեսնում

Սեպտեմբեր 13,2017 21:22

Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի թիվ 57 դպրոցի մի խումբ ծնողների շրջանում դժգոհություն է առաջացել այն պատճառով, որ դպրոցի բուֆետը տեղափոխվել է կրթօջախի նախասրահ: Ծնողները Aravot.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեցին, թե չէին ցանկանա, որ իրենց երեխաները, դպրոց մուտք գործելով, միանգամից հայտնվեին սննդի կետում, քանի որ դա ըստ նրանց` տգեղ երևույթ է:

Aravot.am-ը դժգոհության վերաբերյալ պարզաբանում ստանալու համար այցելեց թիվ 57 դպրոց: Մուտք գործելով դպրոց` ականատես եղանք, որ, իսկապես, ինչպես դժգոհող ծնողներին էին նկարագրում, հենց նախասրահում բուլկի, խաչապուրի և այլ սննդատեսակներ են վաճառվում:

Զրուցեցինք նաև մեր այցելության պահին դպրոցի տարածքում գտնվող մի քանի ծնողների հետ: Ծնող Յանա Մելիքսեթյանից հետաքրքրվեցինք` արդյոք խնդրահարո՞ւյց է այն, որ բուֆետը գտնվում է դպրոցի նախասրահում, ծնողը պատասխանեց. «Երևանում ես գիտեմ նաև այլ դպրոցներ, որտեղ բուֆետը կազմակերպվում է միջանցքում՝ շենքային պայմաններից ելնելով: Իհարկե, ցանկալի կլիներ, որ բուֆետին առանձին տարածք հատկացվեր, բայց մեծ խնդիր այստեղ չենք տեսնում: Գիտենք, որ այդ հարցը շուտով ստանալու է լուծում՝ դպրոցի վերանորոգման հետ միասին: Ամեն դեպքում, թեկուզ բուֆետը միջանցքում է, սակայն սնունդը հիգիենիկ պայմաններում է վաճառվում, առանձին փակ տարաներով կամ ցելոֆանե տոպրակներով, միշտ թարմ է, երեխաս գնում է այստեղից սնունդ, մենք խնդիր չենք ունեցել»:

Ծնող Մառլենա Հովսեփյանն, ում որդին հաճախում է առաջին դասարան, մեզ հետ զրույցում ասաց. «Մենք բուֆետից չենք օգտվում, քանի որ տարրական դասարանների երեխաներին դպրոցն ամեն օր անվճար սնունդ է տալիս՝ կեքս, թխբածքաբլիթ, խաչապուրի, հյութ կամ թեյ: Կարծում եմ՝ երևանյան դպրոցների համար դա բացառիկ երևույթ է»:

Վանուհի Շահվերդյանի երկու երեխաներն էլ հաճախում են թիվ 57 դպրոց. մեկը հինգերորդ, մյուսը՝ առաջին դասարան: Ծնողը չի կարծում, թե բուֆետի հարցն առաջնային է. «Դստերս տեղափոխել եմ այլ դպրոցից, որն ուներ հրաշալի շենքային պայմաններ և առանձին բուֆետ, սակայն ես գոհ չէի գիտելիքների որակից: Այս դպրոցի մասին շատ էին պատմել ծանոթներս, ում երեխաներն արդեն այստեղ էին սովորում, և մենք եկել ենք գիտելիքի, ճիշտ դաստիարակության ետևից, այնպես որ, բուֆետը չէ մեզ համար կարևորը: Եթե բուֆետը չի գոհացնում, կարելի է երեխայի հետ ուտելիք դնել»:

Մեզ դիմած ծնողների մտահոգությունը փոխանցեցինք Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի թիվ 57 դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանին: Aravot.am-ի հետ զրույցում տիկին Տողանյանը հորդորեց ծնողներին իր հետ քննարկել խնդիրը: Այնուհետև վստահեցրեց, որ բուֆետի` դպրոցի նախասրահում գտնվելը ժամանակավոր է. «Մեր դպրոցում 1-4-րդ դասարանների 200-ից ավել աշակերտներ անվճար սնունդ են ստանում: Դասվարներն իջնում են, սնունդը տանում և դասարանում կազմակերպում սնվելը: Անվճար սնունդը տրամադրում է համալսարանը: Սա նշանակում է, որ ամբողջ տարրական դպրոցը չի օգտվում բուֆետից: Միայն 5-9-րդ դասարանների և վարժարանի սաներն են օգտվում: Քանի որ հինգ րոպեանոց դասամիջոց է, երեխաներն արագ գալիս, գնում են իրենց ուտելիքը և վազքով գնում դասարան: Այնպես որ, բուֆետում նստելու խնդիր չկա: Երբ մեծ դասարանում էր բուֆետը, այն ժամանակ էլ դատարկ սեղաններ էին. երեխաները ժամանակ չունեին նստելու: Ուստի տարածքը չէր օգտագործվում»:

Մեր այն հիշեցմանը, թե դժգոհող ծնողների հիմնական փաստարկն այն է, որ տգեղ է, երբ դպրոց մուտք գործելիս անմիջապես բուֆետն է աչքիդ առաջ հայտնվում, տիկին Տողանյանն ասաց, որ դա աշխարհում ընդունված ձև է, իսկ մյուս կողմից փաստեց, որ դպրոցում շենքային պայմանների հետ կապված շատ բան կա, որ տգեղ է. «Կրթօջախն ունի հիմնանորոգման խնդիր: Այս տարի մասնակի վերանորոգում արեցինք, որ տեղավորվենք, մյուս տարի դպրոցը կհիմնանորոգվի: Իսկ հիմնանորոգումից հետո կունենանք ճաշարան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930