Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մի քանի օրից կսկսվի Վանաձորի 12 փողոցների նորոգման աշխատանքները. Մրցույթը շահել են ոչ վանաձորյան կազմակերպություններ

Սեպտեմբեր 13,2017 21:12

ՀՀ կառավարությունը Վանաձորի փողոցների նորոգման համար հատկացրել Է 290 մլն դրամ: Ներքաղաքային ճանապարհների վերանորոգման մրցույթը արդեն իսկ կայացել է: Աշխատանքներն իրականացնելու հնարավորությունը ձեռք են բերել են ոչ վանաձորյան 3 կազմակերպություններ: Դրանք են՝ «Վարմաշ», «Հիդրո» եւ «Շինպլյուս» ՍՊԸ-ները:

Շուտով կվերանորոգվեն մարզկենտրոնի՝ Վարդանանց, Զորավար Անդրանիկ, Երեւանյան խճուղի, Հալաբյան, Աղայան, Մյասնիկյան, Նժդեհի, Շիրակացի, Թումանյան, Ներսիսյան, Զորյան, Տավրոսի 6-րդ փողոց, Լոռու հրապարակից մինչեւ Նարեկացու փողոց (կամուրջը  ներառյալ) եւ Դեմիրճյան փողոցները:

Սրանք այն փողոցներն են, որոնք գտնվում են առավել անմխիթար վիճակում եւ քաղաքի երթեւեկության համար կարեւոր նշանակություն ունեն: Ճանապարհների մի մասը հիմնովին կասֆալտապատվեն, մի մասն էլ կվերանորոգվի փոսային նորոգման միջոցով:

-Նախատեսում ենք աշխատանքներն այս տարի ավարտել, մինչեւ անձրեւների ու ձյան գալը: Երեւի, կսկսեն կենտրոնական՝ Դեմիրճյան, Հալաբյան, Մյասնիկյան կամ Թումանյան փողոցներից: Հետո միաժամանակ բոլոր փողոցներում աշխատանքները կտարվեն, որ շուտ ավարտվեն: Չենք սպասելու, որ էս մի փողոցը վերջացնեն, մի 4 ամիս տեւի, հետո նոր մյուսը սկսեն: Միաժամանակ կվերանորոգեն,- ասում է Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Վարդան Գեւորգյանը:

Նշված աշխատանքները մրցույթը շահած կազմակերպությունները կկատարեն 195 մլն դրամով. «Մնացած տնտեսած գումարն արդեն կառավարությունը կորոշի, թե ինչ պետք է անենք»,- ասում է Վարդան Գեւորգյանը:

Բաժնի պետը վստահեցնում է, հսկողություն է լինելու՝ աշխատանքները ժամանակին ու որակյալ կատարելու համար. «Տեխհսկողության համար նորից մրցույթ է լինելու, կազմակերպությունները մասնակցելու են շահեն: Եւ օրենքով սահմանված կարգով կկատարեն վերահսկողություն: Մարզպետարանն է պատվիրատուն եւ վերահսկելը մեր պարտականություն է, մենք նույնպես կհետեւենք աշխատանքներին»:

Բացի այդ, համայնքի փողոցների նորոգման համար այս տարի բյուջեից հատկացվել էր 100 մլն դրամ:

Հիշեցնենք, որ քաղաքի քարուքանդ փողոցների պատճառով բազմաթիվ վարորդներ են տուժել: Նրանցից մի քանիսը նույնիսկ դատարան են դիմել, պահանջելով վնասի փոխհատուցում:

220 կմ երկարություն ունեցող Վանաձորի ճանապարհների մեծ մասը հիմնանորոգվել են դեռեւս խորհրդային միության տարիներին: Տարիներ շարունակ վերանորոգվել են հիմնականում փոսային նորոգումների միջոցով: Վերջին անգամ քաղաքում հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել մի քանի տարի առաջ: Հիմնանորոգել են՝ Տիգրան Մեծ պողոտան, Թումանյան փողոցի մի հատվածը, Լոռվա եւ Թումանյան հրապարակները:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930