Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. «Տասը երկրից բլոգերների նոր խումբ է գնալու Ղարաբաղ՝ մասնակցելու Արցախի գինու փառատոնին»

Սեպտեմբեր 13,2017 21:00

Էդվարդ Նալբանդյանի պատասխանը ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ

Վահե Էնֆիաջյան. Հարգելի՛ գործընկերներ, իմ ձեռքի տակ են գտնվում Ադրբեջանի լրատվամիջոցներում այսօր հրապարակված հայտարարությունը բլոգեր Լապշինի կողմից, որն, ըստ էության, ավելի մեղանչական դիրքերից է իր մտքերը ձևակերպել: Գիտենք, որ ամիսներ առաջ իր կինը, իր փաստաբանը բավական լայնածավալ գործունեություն սկսեցին ծավալել, մասնավորապես նաև միջազգային հարթակում՝ հիմնախնդիրը բարձրաձայնելով, քաղաքական գործիչներն անդրադարձան այս հիմնախնդրին՝ բարձրաձայնելով, որպեսզի արդարությունը վերականգնվի և ի լուր աշխարհի ի վերջո, խնդիրն արդարացի լուծում ստանա: Ամենակարևոր հիմնահարցը. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ևս այս հիմնահարցով զբաղվեց: Ես կուզեի, որպեսզի, պարո՛ն Նալբանդյան, Դուք այս հիմնահարցի հետ կապված պարզաբանում մտցնեիք՝ ինչպե՞ս ստացվեց, որ այսպիսի ի վերջո հանգուցալուծում ստացվեց այս հիմնախնդրի հետ կապված:

Էդվարդ Նալբանդյան. Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, հարգելի՛ պատգամավորներ, հարգելի՛ պարոն Էնֆիաջյան, շնորհակալություն հարցի համար: Ինչպես է հաջողվում Ադրբեջանի իշխանություններին այդ կարգի մեղանչական նամակներ կորզել, ավելի լավ, երևի, կիմանան և կպատասխանեն Ադրբեջանում քաղաքական բանտարկյալները և նրանք, ովքեր այդ երկրի իշխանությունների հետապնդումներից փախչելով գտնվում են այսօր արտասահմանում:

Ինչ վերաբերում է բուն այդ գործի վերաբերյալ արձագանքին. հիշում եմ, որ Լապշինի վերաբերյալ հարց էր հնչել հենց այստեղ՝ Ազգային ժողովում, մտահոգություն էր արտահայտվել, որ բլոգերները, հատկապես, զբոսաշրջության հարցերով զբաղվող բլոգերները, այլևս չեն գնա Ղարաբաղ, զբոսաշրջիկների թիվը կնվազի։ Բայց մենք ունեցանք այլ պատկեր։ Ես այն ժամանակ էլ ասացի, որ Դուք կտեսնեք, որ բլոգերները ինչպես գնացել են, այնպես էլ կշարունակեն գնալ:

Դուք հիշում եք, որ Լապշինի ձերբակալությունից անմիջապես հետո մոտ տասը երկրներից բլոգերներ այցելեցին Ղարաբաղ։ Այս ընթացքում Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճեց:

Նաև կարող եմ տեղեկացնել, որ հենց վաղը տասը երկրից բլոգերների նոր խումբ է գնալու Ղարաբաղ՝ մասնակցելու Արցախի գինու փառատոնին: Բլոգերներից մի քանիսը պատրաստվում են նաև նկարահանումներ իրականացնել և ներկայացնել Ղարաբաղի գրավչությունը զբոսաշրջության տեսանկյունից և հրավիրելով զբոսաշրջիկներին այցելել Արցախ: Սա է արձագանքը: Եվ ոչ միայն բլոգերներ…

Ադրբեջանը մեծ ջանքեր է գործադրում, «սև ցուցակներ» է կազմում և այլն։ Սակայն փաստ է, որ Ղարաբաղ այցելող թե՛ պատգամավորների, թե՛ քաղաքական և թե՛ մշակութային գործիչների թիվն ավելանում է, և այդպես էլ կշարունակվի:

Վահե Էնֆիաջյան. Շնորհակալություն: Պարո՛ն Նալբանդյան, ըստ էության, ո՞րն է այն հիմնական կանխատեսումը, որ այն տասը բլոգերները, առավել ևս, որոնք կայցելեն Արցախի Հանրապետություն և կլինեն, նույն բախտին չեն արժանանա և «persona-non-grata» չեն դառնա, հետագայում նմանօրինակ իրավիճակներում ևս չեն հայտնվի:

Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանի իշխանությունների ձեռքից չես կարող բռնել, ստիպել, որպեսզի իրենք մեկ օրում փոխվեն, այլ քաղաքականություն վարեն: Նրանց վարքագիծը այն բանի հետևանք է, որ գտնվելով ջղաձգային իրավիճակում՝ շարունակում են իրենց փորձերը, որոնք հակառակ արդյունք են տալիս: Դա է կարևորը:

Եվ ոչ միայն բլոգերների, այլև Ձեզ ծանոթ է միջազգային հանրության արձագանքը: Դուք հիշում եք, որ որոշ երկրներից հնչեց համապատասխան արձագանք։ Մի քանի հայտարարություն արվեց արտգործնախարարությունների կողմից նաև «սև ցուցակների» վերաբերյալ, հայկական ազգանուններ ունեցող մարդկանց օդանավակայանից հետ ուղարկելու վերաբերյալ:

Չէի ցանկանա մեջբերել այդ հայտարարությունները, դրանք հայտնի են և արվել են ոչ մեկ երկրի և ոչ մեկ արտաքին գործերի նախարարության կողմից: Համապատասխան դատողություններ արեք: Ես չեմ ասում, որ մեր աշխատանքի շնորհիվ են բլոգերներ գնում Արցախ կամ այդպիսի հայտարարություններ են արվում։ Ես միայն ներկայացնում եմ փաստերը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930