«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ քաղաք Էջմիածին հասցեում գտնվող 4.0 հա հողամասն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն». կառավարության սեպտեմբերի 14-ի նիստի օրակարգում ներառված որոշման նախագծերից մեկն է:
Պետական գույքի կառավարման վարչությունը կառավարության հավանությանն է ներկայացրել նախագիծ, ըստ որի Հայ Առաքելական եկեղեցուն հողատարածք է տրամադրվում: Ըստ նախագծի, գույքի ընդունման-հանձնման, հողամասի նպատակային նշանակության փոփոխության եւ ՀՀ անվամբ իրավունքի պետական գրանցման աշխատանքները եկեղեցու միջոցներով է կատարվելու:
Այս հողամասը եկեղեցուն տրամադրելու համար Կաթողիկոսն է դիմել վարչապետին:
Որոշման նախագծում նշված է, որ կառավարության մի որոշմամբ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Իսի-Լե-Մուլինո փողոց 1 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության 1,4 հա պետական սեփականություն հանդիսացող հողամասը անհատույց սեփականության իրավունքով հանձնվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, իսկ 2004-ի թիվ 1524-Ա որոշմամբ վերը նշված հողատարածքին հարակից քաղաք Էջմիածին հասցեում գտնվող պատմական եւ մշակութային նշանակության 4,0 հա հողամասը Եկեղեցուն հանձնված է եղել անհատույց օգտագործման իրավունքով: Եւ քանի որ նշված հողատարածքներում նախատեսվում է կառուցել 1 ՄՎտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայան եւ դրա շրջակայքում հիմնել զբոսայգի, Ամենայն Հայոց Կաթողիկոսը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ նշված հողատարածքը Եկեղեցուն տրամադրել սեփականության իրավունքով: Բացի սրանից, նախատեսվում է Եկեղեցում տրամադրվող հողամասերի նպատակային նշանակությունը փոխել՝ արեւային կայանի կառուցման համար:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ