Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետը խնդրում է իրեն հուշել՝ ի՞նչ շուկա ենք կորցրել՝ ԵԱՏՄ ակումբի անդամ լինելով. «Ես իրականում չեմ տեսնում»

Սեպտեմբեր 13,2017 19:40

«Ելք» խմբակցությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց է սկսել: Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ իշխանական ԶԼՄ-ները իրենց անընդհատ հարց են ուղղում, թե արդյո՞ք գնահատել եք ԵԱՏՄ-ից դուրս գալու տնտեսական ռիսկերը: Նա հակընդդեմ հարց ուղղեց կառավարությանը. «Դուք, որպես կառավարություն արդյո՞ք գնահատել եք ԵԱՏՄ-ում մնալու մեր տնտեսական ռիսկերը: Ի՞նչ կորցրած հնարավորություններ ուներ Հայաստանը եւ ինչ գին ունի դա մեզ համար»:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյո՞ք կառավարությունը ունի սցենար, ինչ տնտեսական ցուցանիշների պարագայում կհամարեն, որ պետք է դադարեցնել մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին, թե՞ սպասելու եք, որ ինքը իր սեփական մահով մահանա:

Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ինչով է ԵԱՏՄ-ն լավ՝ դա մեր մակրոտնտեսական ցուցանիշներն են: Ի՞նչ կլիներ, եթե ԵԱՏՄ-ում չլինեինք՝ այդ վերլուծությունը հնարավոր է անել, բայց ես իրականում չեմ տեսնում այլ շուկաներ, որ մենք կորցրել ենք՝ ԵԱՏՄ ակումբի անդամ լինելով: Եթե կարող եք հուշել՝ խնդրեմ, սիրով կլսենք»:

Վարչապետն ասաց, որ ԵԱՏՄ անդամ լինելն ինքն այսպես է ընկալում՝ 5 երկրներով մի ակումբի անդամ են, որտեղ պայմանավորվում են ներքին դաշտում ինչպես աշխատել. «Ես, Ճիշտ ասած, այս պահին չգիտեմ շուկաներ, որի նկատմամբ պակաս ուշադիր ենք եւ ջանք չենք կիրառում՝ ելնելով մեր ներուժից: Արտահանման աճի տեմպը ԵԱՏՄ ավելի ցածր է, քան ԵՄ: Սպեցիֆիկ շուկաներ, ռեգիոնալ շուկաներ… մենք շատ հետաքրքրված ենք եւ որոշակի քայլեր ենք ձեռնարկում մեր հարեւան բարեկամ Իրանի հետ»:

Վարչապետն ասաց, որ եռակողմ շատ հետաքրքիր բանաձեւ են ուզում մշակել՝ Թուրքմենստան-Իրան-Հայաստան:

Կգա՞ պահ, որ մենք ԵԱՏՄ-ից դուրս կգանք՝ վարչապետն ասաց, որ այս պահին նման «մտավախություն» չունեն. «Կա՞ այսօր արտադրատեսակ, որ այլ շուկաներ պատրաստ ենք արտահանել եւ չենք արտահանում՝ ինչ է թե մենք ԵԱՏՄ անդամ ենք»:

Մանե Թանդիլյանն էլ վստահեցրեց, որ վստահաբար վարչապետի հետ պատրաստ են քննարկելու այն հետընթացը, որը Հայաստանն ունեցել է այն ժամանակից ի վեր, երբ մենք անդամակցել ենք ԵԱՏՄ-ին. «Ինձ համար տարօրինակ է հնչում ձեր կողմից հնչեցրած այն միտքը, որ մենք ոչինչ չենք կորցրել: Այսինքն, դուք 500 մլն-անոց եվրոպական վճարունակ շուկան կորուստ չեք համարում եւ հաշտվում եք այն իրավիճակի հետ, որ այսօր ՀՀ-ում կա՝ ասելով մրցունակ արտադրանք չունենք: Ես կարծում եմ՝ պետք է ներդրումներ անեինք եւ մեր արտադրանքը դարձնեինք մրցունակ, ոչ թե հաշտվեինք»:

Ըստ պատգամավորի, վարչապետը եւ կառավարությունը փաստորեն պատրաստ է խաչի պես կրել այն, ինչ ունենք:

Վարչապետը չհամաձայնեց՝ խոստանալով մյուս շաբաթ մանրամասն զրուցել այս թեմայով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930