Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերից Գյումրիի օդանավակայանից թռիչքների քանակն ավելանալու է». վարչապետ

Սեպտեմբեր 13,2017 19:01

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսպիսի հարց ուղղեց. «Երկրաշարժից անցել է 29 տարի եւ լսում ենք, որ սոցիալապես ամենաանապահով խավը գտնվում է Գյումրիում:

Գիտենք, որ աշխարհում, երբ որ մի տեղ աղետ է տեղի ունենում մ.թ.ա. եւ մինչեւ այսօր, տվյալ երկիրը այդ տարածքի հարկերը կրճատում է, կամ դարձնում է ազատ տնտեսական գոտի: Աշխատատեղը առաջնահերթ է Գյումրիում, արտագաղթը սոսկալի չափերի է հասնում»:

Պատգամավորը նշեց, որ տուրիզմն էլ է կաղում, տուրիստները գալիս են Էջմիածին, Սեւան, Գառնի, Գեղարդ, դրանցով սահմանափակվում են, մինչդեռ 1700 հուշարձան կա Գյումրիում, Կովկասում այդքան զարդանախշ չկա, որքան Գյումրի քաղաքում: Վարդան Ղուկասյանը կառավարությանը հարցրեց, թե ի՞նչ են անելու, որ էլ ինքը չլսի այն արտահայտությունը, թե՝ «սոցիալապես ամենաանապահով խավը գտնվում է Գյումրի քաղաքում»:

Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Գյումրիի նկատմամբ վերաբերմունքը լինելու է չափազանց ուշադիր, ինչպես մեր բոլոր մնացած համայնքներին: Չեմ կարծում, որ հարկային արտոնություններն են մեր նեղ տեղը եւ խանգարում են, որ Գյումրին մենք զարգացնենք: Նամանավանդ, որ այսօր ունենք որոշակի գործիքակազմ՝ ներդրումների ժամանակ ԱԱՀ-ի հետաձգում եւ զիջում ենք նախատեսում»:

Վարչապետը նշեց, որ զբոսաշրջության հետ կապված Գյումրիի ներուժի մասին գնահատականին համաձայն է. «Վստահ եմ, որ Գյումրիի ներուժը զբոսաշրջության մեջ մենք չենք օգտագործում, բայց անպատճառ լինելու է ներդրումային ծրագիր»:

Վարչապետը նշեց, որ Գյումրիի օդանավակայանը «աշխուժացրել են», արդեն երկու ավիաընկերություն կա այնտեղ աշխատող. «Հոկտեմբերից թռիչքների քանակն ավելանալու է: Բացի դրանից մենք հստակ խնդիր ենք դրել եւ գործող ավիաընկերություններից մեկը, եւ մի շարք այլ ավիաընկերությունների հետ, որ թռիչքների աշխարհագրությունը փոխվի»:

Վարդան Ղուկասյանը արձագանքեց. «Մինչեւ 92-ը օրական մոտ տասնյակ ինքնաթիռների թռիչքներ էր կազմակերպվում, հիմա շաբաթը 9»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930