Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը թռչող սարքեր է արտադրում, մենք՝ հազիվ թե փամփուշտ. Փաշինյանը՝ «խոդ» չընկնող տանկերի, բանակի խնդիրների մասին

Սեպտեմբեր 13,2017 18:00

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության ոլորտի հետ կապված հարց ուղղեց. «Ապրիլյան պատերազմի ընթացքում եղել են դեպքեր, երբ մեր զինված ուժերի տանկերը այսպես ասած խոդ չեն ընկել, արդյո՞ք կառավարությունը երաշխավորում է, որ այսօր ՀՀ ԶՈՒ բոլոր տանկերը եւ մյուս տեխնիկան գտնվում է այսպես ասած на ходу վիճակում, որ ապահոված է մեր բանակը բոլոր տիպի զենք- զինամթերքով, արդյո՞ք երաշխավորում եք, որ այսօր ՀՀ-ն պատրաստ է 6 ամիս մարտական գործողություններ վարել՝ նկատի ունենալով ռազմամթերքի անհրաժեշտ պաշարը»:

Նա նշեց, որ պաշտպանության ոլորտի հետազոտական եւ նախագծային աշխատանքները կիսամյակի տվյալներով թերակատարվել են 48 տոկոսով, ստացվում է, որ իրականության մեջ ռազմարդյունաբերական համալիր չենք ստեղծել:

ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Մենք կարող ենք հստակ ֆիքսել, որ ՀՀ ԶՈՒ-ն այսօր գտնվում է մարտունակ վիճակում, ի վիճակի են կատարելու իրենց առջեւ դրված մարտական խնդիրները»: Վիգեն Սարգսյանն ասաց, որ գլխավոր ռազմական տեսչական ստուգումներով հատուկ ուշադրության տակ է պահվում մատակարարվող վառելիքաքսուկային որակը:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ մեր ռազմաարդյունաբերական համալիրն այսօր գտնվում է  վերելքի վրա եւ եթե թերակատարում է եղել, դա կարող է բացատրվել մեկ բանով՝ լրացուցիչ խստացված պահանջներ են դրված: Նախարարն ասաց, որ վերջերս ՌԴ-ում կայացած  ցուցահանդեսում ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի տաղավարը ստացել է լավագույն տաղավարի պարգեւը:

Փաշինյանն արձագանքեց. «Հանկարծ չպարզվի, որ մենք ոչ թե ռազմարդյունաբերական համալիր ենք ստեղծում, այլ համալիրի մասին հարցազրույց տվողների գրասենյակ»: Պատգամավորը հիշեցրեց, որ վարչապետի մակարդակով հնչել է հայտարարություն, որ մեր տանկերը խոդ չենք ընկել, ուստի հիմա հարց է՝ ի՞նչ է փոխվել եւ ի՞նչ երաշխիքներ կան. «Ոչ ոք չի ասում, որ 2016-ին մեր բանակը մարտունակ չէր…Մենք 20 տարի Ադրբեջանին, ըստ էության, ձեռ առանք՝ ասելով, որ նավթ են ծախում, բայց այսօր կանգնած ենք մի վիճակի վրա, որ Ադրբեջանը անօդաչու ժամանակակից թռչող սարքեր է արտադրում, իսկ մենք այնքան վստահ չեմ, որ նույնիսկ բավարար չափով փամփուշտներ արտադրում ենք»:

Նախարարը պատասխանեց, որ տանկի խոդ ընկնելուց մինչեւ լրակազմը բանակի մարտունակությունն է, ու եթե ասում են՝ մեր բանակը մարտունակ է, դա արդեն ներառում է պատասխանում:

Վիգեն Սարգսյանը հրավիրեց Նիկոլ Փաշինյանին՝ մանրամասն զրույցի՝ ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման միտումները թեմայով՝ վստահեցնելով, որ Փաշինյանը հաճելիորեն զարմանալու է:

Ինչ վերաբերում է թռչող սարքերին՝ նախարարն ասաց. «Անօդաչու թռչող սարքեր մենք էլ ունենք՝ մեր արտադրության»:

Ընդ որում, նա շեշտեց, որ ոչ թե հավաքել ենք այստեղ այլ հենց մենք ենք արտադրել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930