Aravot.am-ը «Խարույկ» արշավական ակումբի ուղեկցությամբ նկարահանումներ է իրականացրել Տավուշի մարզի Գոշ լճի տարածքում, որի պահպանության խնդիրը մի խումբ մտահոգ քաղաքացիներ բարձրացրել էին դեռեւս ապրիլին: Հիշեցնենք, որ վարձակալ-ընկերությունը լճի ափամերձ հատվածում առանց համապատասխան թույլտվության աշխատանքներ էր կատարել եւ խախտել լճի էկոհամակարգը:
«Թրթուրավոր տրակտոր էր մտել տարածք, լճից մամուռ հանել-կուտակել, ափերի մոտ հողաբուրգեր էին: Երկար պայքարից հետո դրանք մաքրվեցին: Կազմակերպությունը ցանկանում էր այստեղ տաղավարներ սարքել՝ առանց որեւէ նախագծի: Մտահոգ քաղաքացիներիս ակտիվության արդյունքում բնապահպանության նախարարույթունը որոշեց՝ մինչեւ կազմակերպությունը չներկայացնի հստակ ծրագիր, այստեղ ոչինչ տեղի չի ունենալու»,-մեզ հետ զրույցում նշեց արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը:
Նրա գնահատմամբ՝ այժմ գեղեցկուհին վերականգնել է իր նախկին տեսքը: Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին բնապահպանության նախարարությունը հայտարարեց լճի մաքրման աշխատանքների ավարտի մասին: Գեղամ Օհանյանը նկատեց՝ Գոշի լճից 8 կմ հեռու գտնվող Պարզ լճի ափին արդեն իսկ կառույցներ կան. «Ի՞նչ իմաստ ունի պատկերը ստանալ նաեւ այստեղ: Գրագետ կլինի, որ Գոշի տարածքը մնա արշավականին՝ սովորական քաղաքացուն»:
Մեր զրուցակցի խոսքով՝ այստեղ եկող զբոսաշրջիկները հատկապես նախընտրում են վայրի բնությունը. «Անգամ երաժշտություն լսելիս խնդրում են անջատել… նրանք մերժում են քյաբաբ-խորովածային վիճակները»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ