Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ունակ չեք մտածելու, բերանդ մի՛ բացիր, եւ ոչ ոք չի իմանա, թե դուք ով եք»

Սեպտեմբեր 13,2017 14:52

Կամո Արեյանն ու «Ելքը» չդիմացան «Երկիր ծիրանիի» «դժոխքին»

Երեկ Երեւանի ավագանու նիստը բուռն անցավ, ավագանու 3 խմբակցությունների անդամները «յոլա» չէին գնում միմյանց հետ: Նիստը «համեմված» էր փոխադարձ վիրավորանքներով՝ «Արա: Արա-ն դու ես, կոնյակի ազդեցության տակ եք: Չափներդ ճանաչեք: Բերանդ փակի: 2 մատով կխեղդեմ, օֆ չեմ անի»:

Նիստը երբեմն հիշեցնում էր գողական «բազար», երբեմն՝ զվարճալի ֆիլմ, երբեմն էլ՝ մանկապարտեզ: Երբեմն էլ տպավորություն էր, որ «Երկիր ծիրանին» իր խոսքին տեր է կանգնում եւ շարունակում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի կյանքը ավագանու նիստերին դժոխքի վերածել: Ընդ որում, «Երկիր ծիրանին» ոչ միայն Տարոն Մարգարյանի, նաեւ «Ելք» խմբակցության անդամների օրն էլ որոշել էր դժոխքի վերածել: Որոշումներից մեկի ներկայացման ժամանակ «Երկիր ծիրանիի» հայտարարությունը, կարելի է ասել, «Ելքի» անդամ Դավիթ Խաժակյանին վրդովեցրեց, նրա համբերությունը հատեց, ու վերջինս դիտողություն արեց ԵԾ-ի անդամ Մարինա Խաչատրյանին՝ հորդորելով նախագծին ծանոթանալ, հետո խոսել:

Նախ նիստի սկզբին առաջին մի քանի որոշումները զեկուցելուց հետո ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներից մեկը մի քանի անգամ հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ չի աշխատում էլեկտրոնային քվեարկության սարքը, ե՞րբ է այն աշխատելու, ինչո՞ւ նման սարքի առկայության պարագայում քվեարկողներին պետք է ձեռքով հաշվել: Ելույթ ունեցողներից մի քանիսի դեպքում էլ «Երկիր ծիրանիի» անդամները դիտողություններ արեցին, թե ինչո՞ւ ելույթ ունեցողին պատշաճ չեն ներկայացնում, միայն անուն-ազգանունն են ասում, կարգավիճակը չեն ներկայացնում:

Հետո «Ելք»-ի եւ ՀՀԿ-ի անդամների միջեւ գողական «բազար» սկսվեց: «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը, դիմելով ՀՀԿ խմբակցությունից Արմեն Սահակյանին, ասաց. «Այ տղա չի քո համար: Ո՞նց կարելի է մեծ կնոջը «Լսի Անո» կամ «պարոն Բախշյան» դիմել: Ծիտ»: Ապա, ըստ ավագանու անդամի՝ Ծիտը՝ Արմեն Սահակյանը, հակադարձեց՝ «Ծիտը քեռիդ ա, արա»: ՀՀԿ-ից Հովհաննես Ավանեսյանն էլ միջամտեց ու փորձում էր կուսակից ընկերոջը պաշտպան կանգնել, ինչ-որ բաներ էր ասում Ալեն Սիմոնյանին, վերջինս էլ ՀՀԿ 2 անդամներին հակադարձեց՝ «Քեռիիս չես ճանաչում: Արա-ն դու ես»: Ու այս ընթացքում Տարոն Մարգարյանը խաղաղության կոչ էր անում, թե՝ հանգստացեք: Ու հանգստացան, բայց կարճ ժամանակով: Ընդմիջման ժամանակ, նիստերի դահլիճից դուրս, միջանցքում «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի եւ ՀՀԿ-ական Հովհաննես Ավանեսյանի միջեւ էլ գողական «բազար» եղավ: Խաչատրյանը պատասխանելով Ավանեսյանի վիրավորական ռեպլիկին՝ սպառնաց. «2 մատով կխեղդեմ, օֆ չեմ անի»: 2 կողմերի կուսակից ընկերները փորձեցին հանգստացնել նրանց, անգամ Անի Խաչատրյանին Ավանեսյանի կողքից հեռու տարան՝ դժվար թե այն բանի համար, որ 2 մատով Խաչատրյանը գուցե խեղդեր Ավանեսյանին:
Ընդմիջումից հետո էլ նիստը խաղաղ չանցավ:

Մի պահ ՀՀԿ անդամ Լեւոն Իգիթյանը փոքրիկ ելույթ ունեցավ. այս ընթացքում ՀՀԿ-ականներից մեկն ինչ-որ բան ասաց տեղից, Իգիթյանը զայրացավ. «Բերանդ փակիր»: Ու դահիճում բոլորը քահ-քահ ծիծաղեցին, որովհետեւ Իգիթյանը կարծում էր, թե «Երկիր ծիրանիից» են արձագանքում իր ելույթին:

Ապա հողատարածքի օտարման մասին զեկույցի ժամանակ «Երկիր ծիրանիի» կրկին ընդվզեցին: Եվ ընդհանրապես, այս խմբակցության անդամների ելույթները ե՛ւ «Ելքի», ե՛ւ ՀՀԿ-ի անդամների անդամների քմծիծաղն էին առաջացնում: Ուրեմն հողատարածքի օտարման մասին որոշման ներկայացման ժամանակ «Երկիր ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանն ընդդիմացավ, թե՝ ինչպես կարելի է օֆշորում գրանցված ՀԷՑ-ի սեփականատիրոջը հողատարածք տալ: Նախագիծը վերաբերում էր հողամասի նպատակային նշանակությանը, կատեգորիան՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի եւ կոմունալ ենթակառուցվածքների հողերի փոխելուն: Այս խնդրով քաղաքապետարանին էր դիմել ՀԷՑ-ը: Հարցի վերաբերյալ Մարինա Խաչատրյանն առարկություն ներկայացրեց՝ նշելով, թե Հայաստանից մեծ արտագաղթի դեպքում ինչպե՞ս է լինում, որ նոր ենթակայան են կառուցում: Խաչատրյանի կարծիքով՝ ավագանին հողի կատեգորիան փոխում է ի շահ որեւէ նորակառույց դղյակի: Այ հենց այս պահին հատեց «Ելքից» Դավիթ Խաժակյանի համբերությունը. նա հայտարարեց, որ «Երկիր ծիրանին» նախագծին ծանոթ չէ, հորդորեց նախապես ծանոթանալ տարածքներին եւ նախագծերին. «Դուք չեք պատկերացնում՝ ինչի մասին է խոսքը, դուք չեք պատկերացնում՝ ինչ է ենթակայանը»:

Ընդ որում, Մարինա Խաչատրյանը նույն կարծիքն էր հայտնել նաեւ մասնավոր հողատարածքին  վերաբերող նախագծի դեպքում էլ, այդ հողատարածքը բնավ կապ չուներ ՀԷՑ-ի հետ:

Մինչ այս էլ Մարինա Խաչատրյանին կարգի հրավիրելու քաղաքապետի կոչից հետո Խաչատրյանը հիշեցրեց քաղաքապետարանի կոնյակների գնումները եւ ասաց, որ գուցե հենց այդ կոնյակների ազդեցության տակ են ավագանու անդամները: «Երկիր ծիրանիի» «ակտիվությունն» ակնհայտորեն դուր չէր գալիս «Ելքի» անդամներին. օրինակ՝ «Ելքից» Անի Խաչատրյանը վրդովված դիմեց Մարինա Խաչատրյանին՝ «Յա, մեկ ալկաշ հանեցին, մեկ՝ եսիմինչ: Չափեր գոյություն ունեն, մի խանգարեք: Տիկին Փոստանջյանը թելադրում է ձեզ՝ ինչ անել»:

Նիստի օրակարգի հարցերից մեկն էլ վերաբերում էր Երեւանի կանաչապատմանը: Ըստ նախագծի՝ Երեւանի քաղաքապետարանը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի՝ ՎԶԵԲ-ի հետ նախաձեռնել է Երեւանի համար «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի մշակումը, եւ տեխնիկական առաջադրանքի կատարման, ծրագրի մշակման խորհրդատվական ծառայության համար ՎԶԵԲ-ը ներգրավել է «Էրնսթ ընդ Յանգ» ընկերությանը։ Այս առնչությամբ էլ Մարինա Խաչատրյանն առարկեց՝ նշելով, որ քաղաքապետարանը պետական բյուջեի գումարներն է մսխում. «Ուզում եք կանաչապատել, ապա Նոր Նորքում Սուրիկ Խաչատրյանի տան ներքեւում որ նայեք՝ կտեսնեք ճաղատ լանջը, եւ կարելի է մի քանի ծառ տնկել: Սա գումարների լվացում է, թոզփչոցի է երեւանցիների աչքերին:

Պարզապես պետք է սիրով վերաբերվել Երեւանին, այլ ոչ թե գումարներ մսխել:
Նոր հեծանիվ հորինելու անհրաժեշտություն չկա, օֆշորում գրանցված անգլիական կազմակերպությանը մենք ծառայություններ ենք պատվիրում: Սա նաեւ տրանսպորտին է վերաբերում»: Կարճ ասած՝ ավագանու անդամների համար «Երկիր ծիրանին» մի քանի ժամով դժոխքն ապահովեց:

Մինչդեռ Տարոն Մարգարյանի համար, ինչպես «Առավոտի» հարցին ի պատասխան ինքը՝ քաղաքապետն ասաց՝ դժոխք չէր. «Մի քիչ ուրախացնում էր նիստն իրենց պահվածքով: Այն, ինչ քննարկվում էր, իրենք խորը չէին ուսումնասիրել: Այնպիսի հարցեր էին բարձրացրել, որոնք օրակարգին չէին վերաբերում, եւ դա ընդամենը մեր ավագանու անդամներին մի փոքր հանգստացնում էր, եւ ուրախ էր անցնում»: Մեր հարցին՝ միտումնավո՞ր էին այդպես վարվում, Մարգարյանը պատասխանեց. «Երեւի օգնում էին մեզ»:

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ իր ելույթում «դաս տվեց» «Երկիր ծիրանիի» անդամներին՝ հորդորելով ծանոթանալ օրակարգի հարցերին. «Եթե ունակ չեք մտածելու, բերանդ մի՛ բացիր, եւ ոչ ոք չի իմանա, թե դուք ով եք: Երբեք չաղավաղեք քաղաքապետարանի հեղինակությունը, բավարարվեք բնության տվածով, եթե խնդիրը բնածին է»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

13.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930