Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ից ժամանած աշխատանքային խումբը կներկայացնի հրդեհների հետևանքների վերացման և կանխարգելման կարճաժամկետ և երկարաժամկետ մասնագիտական օժանդակություն

Սեպտեմբեր 13,2017 14:35

  Սեպտեմբերի 8-ին ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ Հայաստան ժամանած Միացյալ Նահանգների անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման և արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խմբի անդամներ` Դանա Բաթլերը, Էնդրյու Բաուերը և ծառայության տարածաշրջանային համակարգող Մարիամ Թևզաձեն, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրի գծով պատասխանատու Ռաֆայել Սամբուի և ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ սեպտեմբերի 9-ին մեկնել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց: Խմբի աշխատանքներին մասնակցել են նաև Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբեան» բնապահպանական կենտրոնի մասնագետները:

Այցը մեկնարկել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքից, որտեղ տեղակայված թանգարանում հյուրերն տարածական քարտեզի միջոցով ծանոթացել են այրված տեղանքին, կենսաբազմազանության նմուշներին: Մի քանի օր մասնագիտական խումբն ուսումնասիրություններ է կատարել արգելոցի այրված մի շարք տեղամասերում, իրականացրել փաստագրումներ և գնահատումներ: Ամերիկացի մասնագետները դիտարկել են «Խոսրովի անտառ» արգելոցում առկա ջրային համակարգերը, հակահրդեհային ենթակառուցվածքների առկա համակարգերը /ճանապարհները, գետերը, աղբյուրները/: Գնահատել անտառային և խոտածածկ հատվածներին հասցված վնասը, հողի մակերեսի այրվածքների խորությունը: Դիտարկումների արդյունքում ձևավորվելիք մասնագիտական եզրակացությունները կներկայացվեն ավելի ուշ, սակայն խմբի անդամներն ուրախությամբ և զարմանքով արձանագրել են, որ հրդեհից արդեն կարճ ժամանակ անց տարածքներում նկատվում է բույսերի վերաճ, ինչը վկայում է այն մասին, որ դրանց արմատային համակարգերը վնասված չեն: Տերևակալումներ են նկատվել նաև հրդեհից վնասված լայնատերև ծառերի մի մասի մոտ:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրի գծով պատասխանատու Ռաֆայել Սամբուն շեշտել է, որ հրդեհի առաջին իսկ օրվանից իրազեկված են եղել աղետի ընթացքի վերաբերյալ, առաջարկել են իրենց օգնությունը և կարճ ժամանակահատվածում մասնագիտական խումբը կազմավորվել և հրավիրվել է Հայաստան, որպեսզի աջակցի վերականգնողական աշխատանքներին: Ըստ բանախոսի, մասնագիտական գնահատականները կտրամադրվեն նաև հասարակական կազմակերպություններին:

   Անտառային գենետիկայի մասնագետ Էնդրյու Բաուերը նշել է, որ արգելոցում պետք է նպաստել բնական վեարականգնման գործընթացին, ինչն արդեն այսօր նկատելի է:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի բաժնի պետ Արամ Աղասյանը նկատել է, որ ուսումնասիրություններ և մոնիթորինգ իրականացնելու նպատակով նախատեսվում է այրված տարածքներում գիտական նպատակներով առանձնացնել փորձահրապարակներ, որտեղ իրականացվելիք ուսումնասիրությունների արդյուքները թույլ կտան հետագայում մոդելավորել և կանխատեսել բնական էկոհամակարգերի վերականգնման ընթացքը:

Հիդրոլոգ Դանա Բաթլերը նշել է, որ գնահատելու են ռիսկերը` հետագայում հրդեհները կանխարգելելու նպատակով:

Սեպտեմբերի 13-ին խումբը մեկնել է Արտավանի անտառներ` տեղում վիճակին ծանոթանալու նպատակով: Ըստ Միացյալ Նահանգների անտառային ծառայության տարածաշրջանային համակարգող Մարիամ Թևզաձեի` ԱՄՆ մասնագետների խումբը կգնահատի վնասները և կտրամադրի կարճաժամկետ և երկարաժամկետ մասնագիտական օժանդակության առաջարկներ: ՀՀ և ԱՄՆ կառավարություններին տրամադրվելիք եզրակացությունը հիմք կարող է հանդիսանալ նաև տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930