Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ բժշկական ապահովագրության համակարգը գործի, պետպատվերը ժամանակավրեպ կդառնա». Դավիթ Մելիք-Նուբարյան

Սեպտեմբեր 13,2017 14:31

Հայաստանում աճում է այն մարդկանց թիվը, որոնք թեև գիտակցում են, որ բժշկական օգնության անհրաժեշտություն ունեն, սակայն ֆինանսական խնդիրներից ելնելով` չեն դիմում բժշկի:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը նշեց, որ խնդրի լուծման հանար մի շարք միջոցառումներ են ձեռնարկվում. «Նախաձեռնել ենք կառավարության որոշման փոփոխություն: Հանգել ենք այն եզրակացության, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը պետք է ապահովագրված լինեն»:

Պարոն Մելիք-Նուբարյանը հավաստիացրեց, որ մանրամասն ուսումնասիրել են միջազգային փորձը. «Ավելի շատ հակված ենք համակարգի հետզհետե ներդրմանը, բայց ֆիքսված տարիների ընթացքում: Հարավային Կորեայում ամբողջությամբ ներդրումը տևել է քսան տարի, բայց սկսել են մեզ նման: Սկզբում պետական հիմնարկների, հետո խոշոր հիմնարկների աշխատողների ապահովագրություն, հետո հասել են ինքնուրույն զբաղված մարդկանց ապահովագրությանը: Պարտադիր բառը ասոցացվում է պարտադիր կենսաթոշակային համակարգի և պատժի հետ: Եթե պարտադիր կենսաթոշակայինի պարագայում արդյունքը տեսնելու ենք հետագայում, ապա առողջության ապահովագրության դեպքում արդյունքը կարող ենք տեսնել յուրաքանչյուր օր, ժամ, վայրկյան, տարի: Արդեն 100.000 պետական ծառայողների ենք ապահովագրել: Հաջորդ տարի ևս 612 հազար սոցիալապես անապահով խավի նախատեսում ենք ապահովագրել: Այս փուլում լինելու են լուրջ ծավալով հիվանդանոցային ծառայություններ»:

Ըստ պարոն Մելիք-Նուբարյանի` այս պահին բժշկական ապահովագրություն ունի ՀՀ բնակչության մեկ տոկոսը. «Երբ ամբողջությամբ համակարգը գործի, պետպատվերն իր ակտուալությունը կկորցնի: Այդ դեպքում անձը պետք է ընտրի վեց ապահովագրական ընկերություններից մեկի հարմար ապահովագրական փաթեթը և ապահովագրվի: Հավատացեք` միջին աշխատավարձ ստացող քաղաքացու համար դա տարեկան կտրվածքով ընդունելի գումար է»:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» փորձագետ Աշոտ Խուրշուդյանը ապահովագրության պարտադիր համակարգը ռիսկային համարեց. «Մենք դեռ պատրաստ չենք դրան: Ովքեր կամավոր ընդգրկվել են արդեն, նրանք պատրաստ են դրան, իսկ մյուսներին դեռ պետք է հասկացնել, թե ինչ է այս համակարգը, որպեսզի փոխեն իրենց վարքագիծը»:

Պարոն Խուրշուդյանի փոխանցմամբ` բնակչության մոտ 36 տոկոսը, թեև ունի բժշկական օգնության անհրաժեշտություն, չի դիմում բժշկի, որոշները դիմում են ինքնաբուժության:

Աշոտ Խուրշուդյանի համոզմամբ` բժշկական ապահովագրական համակարգի ներդրման երկու տարբերակ կա` կամ ճիշտ պետք է պլանավորել, հստակ գնալ, կամ ներդնել, տեսնել` ինչ է լինում:

Պարոն Խուրշուդյանը նաև փաստեց, որ համակարգի ներդրման պատճառով անպայման տուժողներ լինելու են հանուն ընդհանուր շահի. տուժելու են հատկապես այն առողջապահական կազմակերպությունները, որոնք չեն կարողանում որակ ապահովել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930