Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս ծրագիր, որի արդյունքում Սևանը կունենա հիմնանորոգված շենքեր և տանիքներ

Սեպտեմբեր 13,2017 14:24

 

Այս օրերին Սևանում իրականացվող աշխատանքներին` փողոցների, բակային տարածքների բարեկարգում, գիշերային լուսավորության ցանցի շահագործում, շենքերի ջրագծերի, կոյուղագծերի հիմանորոգում, զուգահեռ ընթացքի մեջ են 4 մեծամասշտաբ ծրագրեր, որոնք ունեն համայնքապահպան նշանակություն:

Ծրագրերից առաջինն իրականացվում է Սևանի թիվ 2 «Զարթոնք» մանկապարտեզում: Մանկապարտեզի շենքը շահագործման է հանձնվել 1971թ-ին: Անցած տասնամյակների ընթացքում թեև մանկապարտեզում իրականացվել են վերանորոգման և կոսմետիկ աշխատանքներ, սակայն դրանք չէին կարող լուծել շենքային բազմաթիվ խնդիրները, որոնք իրենց զգացնել էին տալիս ամեն քայլափոխի:

Մանկապարտեզում իրականացվող կրթադաստիարակչական և երեխաների խնամքի կազմակերպմանն ուղղված գործունեությանը խոչընդոտող պայմաններին ավելացել էր նաև չգործող դահլիճը:

«Զարթոնք»-ը գտնվում է քաղաքի խիտ բնակեցված թաղամասում, և հիմնանորոգման անհրաժեշտությունը դարձել էր օրախնդիր:

«Զարթոնք»-ին նոր զարթոնք ապահովելու համար մանկապարտեզը ներառվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերում:

1050քմ տարածք ունեցող մանկապարտեզի մասնաշենքերն ամբողջապես կհիմնանորգվեն. արդեն կատարվել են շենքի հիմքի ամրացում, ներսի ու դրսի պատերի ուժեղացում, հիմնանորոգվել է տանիքը, շենքում կտեղադրվեն արևային մարտկոցներ, որն էլ կապահովի տաք ջրի մշտական առկայությունը, ամբողջապես փոխվելու են ջրամատակարարման, կոյուղու և ջեռուցման ներքին ցանցերը, իրականացվելու են բարեկարգման աշխատանքներ: Նախատեսված է նաև գույքի և բակային խաղամիջոցների տրամադրում:

Ծրագրի արժեքը 215մլն. է, որից 15մլն.-ը` համայնքային ներդրում: Հիմնանորոգումից հետո մանկապարտեզի շենքային և բակային պայմանները լիովին կբարեփոխվեն`  համապատասխանելով ժամանակակից չափորոշիչներին:

«Զարթոնք»-ում կիրականացվի նաև ներառական կրթություն:

Եվս մի քանի ամիս, և սևանցիներն ու նրանց փոքրիկները կստանան երկար սպասված նվեր` հիմնանորոգված նախադպրոցական ուսումնական հաստատության տեսքով:

Ի դեպ, Սևանի թիվ 4 «Գալիք» մանկապարտեզը ևս հիմնանորոգվել է ՀՏԶՀ-ի կողմից:

Քաղաքին մշակութային կյանքում էլ շուտով կարձանագրվի դրական փոփոխություն, որը հիմնավորապես կփոխի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատում իրականացվող աշխատանքների որակը և այդ շենքում գործող կազմակերպությունների աշխատանքային պայմանները:

Մշակույթի պալատը Սևանի համար ունի կարևորագույն նշանակություն. այն ոչ միայն միջոցառումների, հանդիսությունների անցկացման վայր է, այլ նաև մշակութային տրամադրություն ստեղծող միջավայր, որի շենքային պայմանները շատ հաճախ թույլ չէին տալիս ունենալ ցանկալի արդյունք:

Մշակույթի պալատի շենքի ոչ բարվոք վիճակն արժանացավ կառավարության ուշադրությանը, և այն ներառվեց հիմնանորոգման ծրագրերում: ՀՀ պետական բյուջեից 295մլն. դրամ է հատկացվել ծրագրի իրականացման համար: 2016թ. մեկնարկել է աշխատանքների առաջին փուլը, որի համար հատկացվել է 41 մլն. դրամ, այս տարի շարունակվում է ծրագիրը, և երկրորդ փուլը կավարտվի տարեվերջին, որի համար տրամադրվել է 49 մլն. դրամ:

Հիմնանորոգման աշխատանքների արդյունքում հիմնանորոգվել են շենքի` գրադարանների կենտրոնացված համակարգի և արվեստի դպրոցի տեղակայման տարածքները. փոխվել են պատուհանները, անցկացվել է ջեռուցման համակարգ, վերանորոգվել է հատակը, կատարվել է ներքին հարդարման աշխատանքներ, տեղադրվել են ներքին դռներ, այժմ աշխատանքները տեղափոխվել են շենքի կենտրոնական տարածք:

Շենքում հիմնանորոգման աշխատանքներն իրականացնող «ԳՈՑ» ՍՊԸ-ի ինժեներ-տնտեսագետ Լևոն Գրիգորյանի փոխանցմամբ` մշակույթի պալատում հիմնանորոգման աշխատանքների երրորդ փուլը կմեկնարկի 2018թ. գարնանը:

Քաղաքի մեկ այլ հատվածում էլ` Սևանի պոլիկլինիկայի շենքի հարևանությամբ կառուցվում է Սևանի բժշկական կենտրոնի նոր մասնաշենք: Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով` «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում :

ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 2-ի N 815-Ն որոշմամբ «Սևանի հիվանդանոց» ՓԲԸ-ն և «Սևանի պոլիկլինիկա» ՓԲԸ-ն միաձուլման ձևով վերակազմակերպվելով` ստեղծվել է  «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն:

Հիվանդանոցային նոր մասնաշենքում տեղակայվելու են կենտրոնի բոլոր հիվանդանոցային ծառայությունները:

Կենտրոնն ունենալու է դիագնոստիկ բաժանմունք, լաբորատորիա, մանկաբարձական ընդունարան, մանկաբուժական- թերապևտիկ, մանկաբարձական, վիրաբուժական բաժիններ, վերակենդանացման բաժանմունք, վիրահատարանային բլոկ, հիվանդասենյակներ / 40 մահճակալ /, դեղատուն, լվացքատուն և կենտրոնի համար անհրաժեշտ այլ սենյակներ:

Մասնաշենքի հարակից տարածքում կառուցվելու են նաև համապատասխան ենթակառուցվածքներ:

Բժշկական կենտրոնը սպասարկելու է Սևան համայնքի, տարածաշրջանի և հարակից համայնքների բնակչությանը: Զինված լինելով ժամանակակից սարքավորումներով և տեխնիկական հնարավորություններով`նպաստելու է տեղում և առավել մատչելի ձևով որակյալ բուժօգնության իրականացմանը, ֆինանսական ռեսուրսների խնայողությանը:

Սևան համայնքի համար հույժ կարևոր խնդիր է բազմաբնակարան շենքերի տանիքների առկա վիճակը: Համայնքում կա 213 բազմաբնակարան շենք, որոնցից ամենաերիտասարդը շուտով կբոլորի չորրորդ տասնամյակը:

Իհարկե, տեղական իշխանությունները, իրենց հնարավորությունների սահմաններում, անում են հնարավորը` բնակչին չթողնելով իր խնդիրներին դեմ առ դեմ:

Արդեն իրականացվել են Նաիրյան 153, Նալբանդյան 26 շենքերի տանիքների մասնակի հիմնանորոգման աշխատանքներ: Առաջիկա ընթացիկ աշխատանքներում ընդգրկված են Նաիրյան 139, 170, Գրիբոյեդով 10, Սայաթ-Նովա 5, 25 շենքերի տանիքների մասնակի վերանորոգման աշխատանքները:

Մինչ տեղական իշխանություններն օգնության ձեռք են մեկնում բնակիչներին, զուգահեռ մեկնարկել է տանիքաշինության նոր ծրագիր, որն իրականացվում է հրատապ ծրագրերի շրջանակներում` կառավարության կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով:

Տանիքաշինության հերթական ծրագրում ներառված են Ս. Սևանեցի 7, 15, 21 շենքերը:

Ծրագիրը մեկնարկել է Ս. Սևանեցի 7 շենքից: Քանդման աշխատանքներին հաջորդել են տանիքի ծածկույթի` ցինկապատ պրոֆիլավոր թիթեղից պատրաստման, օդափոխության բլոկների վրա պաշտպանիչ գլխադիրների տեղադրման, ձեռնահարկի լուսամուտների ծածկման, ջրհորդանի և ձեռնահարկի պատրաստման, մետաղական ճաղաշարի և փայտե կոնստրուկցիաների ներկման, երկաթբետոնե գոտու վնասված հատվածների վերակառուցման  և նմանատիպ այլ աշխատանքներ:

Աշխատանքների ավարտից հետո Սևանի երեք բազմաբնակարան շենքեր ևս կունենան ամուր և հուսալի տանիքներ:

Համայնքում իրականացվող այս ծրագրերը համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի ուշադրության կենտրոնում և ամենօրյա հսկողության ներքո են:

Ավելին` համայնքի ղեկավարի կողմից ներկայացվել են նոր առաջարկներ և ծրագրեր, որոնք շուտով կլրացնեն իրականացվող աշխատանքների ցանկը` դառնալով համայնքի զարգացման հիմնարար նախադրյալներ:

Արմինե Ղուկասյան

Սեւան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930