Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բանկ ես մտնում՝ 100 դոլար պիտի տաս, որովհետեւ դու բանկի օդն ես շնչում». ՀՀԿ-ականը հեգնում է ԿԲ-ի նոր նախագիծը

Սեպտեմբեր 13,2017 13:26

«Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» հարցն է քննարկվում ԱԺ-ում: ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը (լուսանկարում) ասաց, որ նախագծով սահմանվում է, թե վարկային պայմանների մեջ ինչ պետք է ներառված լինի, տոկոսադրույքները ոնց պետք է հաշվարկվեն, որ ծախսը ինչ ազդեցություն պետք է ունենա տոկոսադրույքի վրա, պայմանագրերում անսահմանաչափ տույժ ու տուգանք չի կարող սահմանվել: Սպառողը, մինչեւ վերջնական պայմանագրի ստորագրումը պետք է վարկային պայմանները ստանա, 7 օր ունենա դրան ծանոթանալու համար, ոչ թե ինչ մատուցում են, արագ ստորագրի ու հետո խնդիրների առաջ կանգի: Վարկը վաղաժամ՝ մինչեւ 3 տարի մարելու դեպքում հստակ սահմանվում է, թե առավելագույն տուգանքը ինչքան կարող է կազմել, իսկ 3 տարի հետո տույժեր չեն կարող կիրառվել:

«Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորիգիսյանը հարցրեց՝ նախագծում նշված է, որ եթե բանկը իրավական ակտերի պահանջները 3 եւ ավելի խախտում է, տուգանք է սահմանվում 500 հազար դրամ: Արդյոք սա բավարա՞ր է, գովազդային նպատակով տոկոսները ցածր ներկայացնելը, փաստացի տոկոսադրույքը ծածկելը ավելի մեծ եկամուտ կարող է բերել բանկին, բանկը հանգիստ այդ 500 հազարը վճարի եւ խախտի պահանջը»:

Ներսես Երիցյանը պատասխանեց, որ քաղաքացին, եթե ապացուցի, որ բանկն իր իրավունքները խախտել է, բացի այն, որ կարող է 300 հազար դրամ փոխհատուցում ստանալ,  կարող է նաեւ դիմել դատարան եւ վնասի փոխհատուցում ստանալ:

ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը հարցրեց. «Սահմանվում է, որ լողացող տոկոսադրույքը նշանակում է՝ վարկառուն եւ վարկատուն ռիսկերը կիսում են իրար հետ: Ինչո՞ւ պետք է վարկառուն կիսի  բանկի ռիսկը: Դրամ-դոլար կուրսը փոխվեց, առաջանում է ռիսկ՝ դե փողս տուր: Հետո նշված է, որ վարկը վաղաժամկետ մարելու համար վարկառուն պետք է վճարի: Մի հատ հասկանամ՝ ինչո՞ւ պետք է ես 8 տոկոսով փող վերցնեմ, մի բան էլ դնեմ վրեն ու տամ, ինչո՞ւ»:

Ներսես Երիցյանը պատասխանեց, որ բանկն այդպես օգուտ չի ստանա, նա 10 տարով վարկային պայմանագիր կնքելու դեպքում տասը տարվա ռիսկ է վերցնում, եթե բոլորը վերցնեն 10 տարով ու մինչեւ 3 տարում տան՝ տուժելու է:

Հակոբ Հակոբյանը հեգնեց ու առաջարկ արեց. «Որ այդպես է, առաջարկում եմ գրեք, որ յուրաքանչյուր բանկ մտնող պետք է որոշակի գումար միանգամից մուծի, հենց մտար բանկ՝ որոշ գումար մուծի՝ ասենք 100 դոլար: Բանկ ես մտել՝ 100 դոլար պիտի մուծես»:

Ավելի ուշ իր ելույթում Հակոբ Հակոբյանն ասաց Երիցյանին՝ դուք պաշտպանում եք բանկի շահը, այսօր պետք է քաղաքացու շահը պաշտպանել. «Դրա համար եմ ասում՝ բանկ մտնողից 100 դոլար վերցրեք` որովհետեւ դու բանկի օդն ես շնչում, բերեք էդպես ասենք ու վերջացնենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930