Լրահոս
Օրվա լրահոսը

Արտոնյալ ռեժիմով հայաստանյան ապրանքների ԱՄՆ արտահանման հնարավորությունները՝ «Արտոնությունների ընդհանրացված համակարգի» միջոցով

Սեպտեմբեր 13,2017 13:06

Սեպտեմբերի 13-ին ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի առևտրային քաղաքականության ու տնտեսության գծով տեղակալ Էդ Գրիսերը Հայաստանից Միացյալ Նահանգներ կատարվող արտահանումների խթանման շուրջ քննարկումներ ունեցավ Հայաստանի պաշտոնատար անձանց և գործարարների հետ: Հայկական ընկերությունները, օգտվելով «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP) ծրագրից, կարող են արտոնյալ ռեժիմով՝ առանց մաքսատուրքի մուտք գործել ամերիկյան շուկա:

Հայ-ամերիկյան առևտրային պալատի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության համատեղ ջանքերով կազմակերպված համաժողովում ԱՄՆ առևտրի ներկայացուցիչները Հայաստանի գործարար համայնքի հետ քննության առան արտահանման հնարավորությունները: Սա երկրորդ համաժողովն է Հայաստանում, որն անդրադարձ է կատարում GSP արտոնյալ առևտրային ռեժիմի հետ կապված հարցերին՝ շարունակելով այն քննարկումները, որ 2016թ. թեմայի շուրջ սկսել էր GSP ծրագրի տնօրեն Այմի Լարսենը: GSP-ի հետ կապված այս հանդիպումները կազմակերպվում են ի կատարումն Հայ-ամերիկյան առևտրի ու ներդրումների խորհրդի շրջանակում ԱՄՆ կառավարության ստանձնած պարտավորությունների:

Իր խոսքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը շեշտեց, որ ամերիկյան պատվիրակության այցի նպատակը հայ-ամերիկյան առևտրային հարաբերությունների իրական արդյունքների ներկայացումն է և Հայաստանի գործարար համայնքին GSP արտոնյալ ռեժիմի ընձեռած հնարավորությունների ու օգուտների մասին իրազեկելը:

«Շատ գործարարներից ենք լսում, որ բավարար տեղեկացված չեն, թե GSP-ից օգտվելու համար ինչ պայմաններ կան կամ ինչպես պետք է օգտվել դրանից: Այսօր այստեղ գտնվող պատվիրակությունը կներկայացնի այն անհրաժեշտ տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են դեպի Միացյալ Նահանգներ Հայաստանի արտահանման ներուժը առավելագույնս օգտագործելու և GSP-ի ներքո տրամադրվող արտոնություններից լիարժեք օգտվելու համար», – նկատեց դեսպան Միլսը:

Արտոնյալ առևտրային ռեժիմի GSP ծրագիրը սահմանվել է Առևտրի մասին 1974թ. օրենքով և նպատակ ունի խթանել տնտեսական աճը զարգացող երկրներում: Ծրագրի ներքո 3451 ապրանքատեսակ 129 շահառու երկրներից ու տարածքներից, այդ թվում՝ Հայաստանից կարող է ԱՄՆ ներմուծվել արտոնյալ պայմաններով՝ առանց մաքսային վճարների: Քանի որ Հայաստանը ծրագրի շահառու է, հայաստանյան ապրանքների գերակշիռ մասը 2012-2016թթ. ԱՄՆ մուտք են գործել GSP արտոնյալ ռեժիմով: Ներկայումս GSP-ի շրջանակում Հայաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների ծավալը գնահատվում է 25 միլիոն ԱՄՆ դոլարի սահմաններում: Ապրանքները ներառում են ալյումինե փայլաթիթեղից և ոսկերչական իրերից մինչև ֆերմենտացված ըմպելիքներ և բալի ջեմ:

GSP ծրագրի մասին հավելյալ տեղեկությունների համար տես՝ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930